Աշխարհում, չգիտես ինչու, «մարդու իրավունքներ» հասկացությունը հույժ քաղաքականացված է, եւ «մարդու իրավունքներ» ասելիս հիմնականում նկատի են առնվում խոսքի, խղճի եւ այլ մեծամեծ ու բացարձակ ազատություններ, որոնց մենք առաջիկա հարյուրամյակում դժվար թե հասնենք։ Իսկ մինչ այդ աջուձախ ոտնահարվում են հայ մարդու ամենատարրական իրավունքները։
Այսօր Հայաստանում կան մարդու իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպություններ եւ առանձին անձինք, որոնք, փաստորեն, կոչված են զբաղվել մեր իրավունքներով։ Կա նաեւ մեր իրավունքներով զբաղվող պետական հատուկ հանձնաժողով։ Չնայած այս կազմակերպություններն ինչ-որ չափով նաեւ իրար դեմ են աշխատում, բայց ասել, թե նրանք բացարձակապես գործ չեն անում, առնվազն չափազանցություն կլինի։ Պարզապես առայժմ նրանց չարչարանքներն ու ճիգերն անհամեմատ ավելի տեսանելի են, քան՝ աշխատանքի արդյունքը։ Եթե կոշկակարները, բանաստեղծները կամ, ասենք, նկարիչներն իրար նախանձում ու վարկաբեկում են, դա հասկանալի ու ավանդույթ ունեցող սովորույթ է, բայց որ մարդու իրավունքները պաշտպանող հիմնարկներն ու անհատներն են իրար խանդում ու վարկաբեկում, դա, բնականաբար, նորույթ է։
Սրանք, դեռեւս այս ասպարեզում շոշափելի ու ռեալ արդյունքների չհասած, աջուձախ գրավոր ու բանավոր վարկաբեկում են իրար, առանց հասկանալու, որ իրենք նախ իրար պիտի պաշտպանեն, հետո նոր՝ մեզ։ Օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպան որոշ կազմակերպություններ եւ անհատներ լուրջ չեն համարում ՀՀ նախագահին կից գործող հանձնաժողովը՝ այն որակելով «պետական»։ Մենք, իհարկե, այս գծով այնքան էլ չենք խորացել, որպեսզի լիովին ըմբռնենք այս դեպքում «պետական» որակման ողջ բացասականն ու քամահրականը։ Բնականաբար մյուսներն ապապետական են եւ ֆինանսավորվում են դրսերից (չենք հավատում, թե որեւէ տեղական հարկատու որոշակի փող կներդնի՝ հանուն մեր իրավունքների պաշտպանության գործի), եւ այս հանգամանքին նույնպես պարտավոր ենք սառնասրտորեն եւ ըմբռնումով վերաբերվել։
Հասկանալի է, որ այս ասպարեզի գծով դրսից գրանտներ ստացողները, եթե իսկապես երախտամոռ ու «քցող» չեն, ապա իսկապես պարտավոր են ընդհանուր առմամբ կատարել նաեւ պատվերը, ասենք, ըմբռնել ու պաշտպանել ոմն աղանդավոր զինակոչիկի այն փիլիսոփայությունը, համաձայն որի՝ այդ փիլիսոփայության կրողին հակացուցված են պատերազմական իրավիճակներում բանակում ծառայելն ու մարդ սպանելը։ Եվ շատ ճիշտ են անում, որ պաշտպանում են, որովհետեւ եթե բնության մեջ գոյություն ունեն նմանատիպ զինակոչիկներ եւ նմանատիպ փիլիսոփայություն, ապա բնականաբար գոյություն պիտի ունենան նաեւ մարդիկ, ովքեր կզբաղվեն նմանատիպների իրավունքների պաշտպանությամբ։ Ահա հենց այս պահին ծագում է նաեւ անհրաժեշտությունը մարդու իրավունքների պաշտպանության «պետական» (ներսից վարձատրվող) հանձնաժողովի, որն էլ, իր հերթին, պիտի պարտավորվի զբաղվել նաեւ, ասենք, բանակում ծառայողների, ծառայածների եւ երբեւէ չփիլիսոփայածների իրավունքներով, եւ ոչ միայն իրավունքներով, այլեւ՝ արտոնություններով։
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ այս կազմակերպությունների շատությունից ոչ մեկս չի տուժի, մանավանդ որ՝ սրանք հնարավորություն ունեն միմյանց վերահսկել եւ, որ ամենակարեվորն է, միմյանց լրացնել։ Իսկ ինչ վերաբերում է «պետականին», ապա կարծում ենք, որ այդպիսի մարմին գոյություն պիտի ունենա ոչ միայն ՀՀ նախագահին կից, այլեւ՝ բոլոր նախարարություններին (էներգետիկայի, առողջապահության, ՆԳ եւ ԱԱ, մշակույթի եւ սպորտի, սոցապ եւ այլն) կից, քանզի մեր երկրում մեր իրավունքները շռայլորեն եւ ամենայն մանրամասնությամբ ոտնահարվում են բոլոր բնագավառներում։
Ո՞վ պիտի զբաղվի, ասենք, իրավունքների պաշտպանությամբ այն գործազուրկի, ով ոչ մի տեղից ոչ մի դրամ չի ստանում, բայց պարտավոր է մուծել ոչ միայն իր ծախսած էլեկտրաէներգիայի վարձը, այլեւ՝ «Մերսեդեսի» տեր իր ցմփոր հարեւանի փոխարեն էլ, այն հարեւանի, որը մեր օրերում ոչ միայն բաշարում է «ասեղի ծակով անցնել», այլեւ հաջողացնում է վերոհիշյալ գործազուրկի էլեկտրահաշվիչի «երակը» սողոսկել։ Իր բաց գլուխը ո՞ր քարին տա վերոհիշյալը։ Դանակն առնի ու ցմփորի փո՞րը կոխի։ Բայց գոնե այդ դեպքում ուշադրության կարժանանա՞ն իր ոտնահարված իրավունքները, թե՞ միայն մեղադրանքներ կհնչեցնեն։ Կամ՝ ո՞վ պիտի պաշտպանի, ասենք, գրողների շահերն ու իրավունքները։
Ինչո՞ւ, օրինակ, մշակույթի նախարարությունում երաժշտության, գեղարվեստի, թատրոնի, կինոյի եւ այլնի վարչություններ գոյություն ունեն, իսկ գրականության ու գրողների խնդիրներով զբաղվող որեւէ պետական կառույց չկա։ Խոսքն ամենեւին այն չէ, որ գրականությանը վերստին գաղափարական-պետական-պրոպագանդիստական կարգավիճակ տրվի (հենց այդ նպատակով են ժամանակին գրականությունն անջատել մշակույթից), այլ՝ ճիշտ հակառակը։ Գրականությունը, կարծում ենք, մի քիչ ավելի է մշակույթ, քան՝ սպորտը, կրոնն ու երիտասարդական հարցերը, մանավանդ որ՝ մշակույթի վերջին չորս նախարարներից երեքը գրողներ են։
Խորհրդային առաջին տարիներից սկսած՝ մեր գրողները միայն պարտականություններ ու արտոնություններ են ունեցել, իսկ իրավունքներ՝ ոչ։ Երբեմն թվում է, թե մարդու իրավունքների հարցերը, միջազգայնորեն ընդհանրացված լինելով, շատ են աբստրահված եւ խիստ տեղայնացման կարիք ունեն։ Անհնար է միեւնույն հռչակագրով միաժամանակ պաշտպանել իրարից խիստ տարբեր երկրներում ապրող երկու տարբեր քաղաքացիների իրավունքները, եթե նրանցից մեկը թոշակառու է եւ կանոնավոր ու պատկառելի թոշակ է ստանում, իսկ մյուսը, չնայած նույնպես թոշակառու է, նաեւ շարունակում է աշխատել, բայց ամիսներով իր չնչին աշխատավարձն ու թոշակը չի ստանում։ Կամ՝ եթե ամերիկացիներից մեկի շունը կծում է ամերիկացիներից մյուսին, ապա այս մյուսն անմիջապես դատի է տալիս այն մեկին՝ պահանջելով շոշափելի փոխհատուցում եւ տուգանք։
Իսկ ո՞ւմ պիտի դիմի կամ դատի տա Հայաստանի քաղաքացին, երբ իր ազատ ու անկախ երկրի՝ Անկախ կոչեցյալ մայլի մեջ միանգամից մի քանի անտեր ու գազազած շներ հարձակվում ու բզիկ-բզիկ են անում իրեն։ Կամ՝ հնարավո՞ր է եվրոպացուն բացատրելով հասկացնել, որ Հայաստանի քաղաքացիների ականջներն ունեն բոլորեքյան ու բարձրաձայն ռաբիսից պաշտպանվելու պահանջ ու իրավունք։ Կամ՝ հնարավո՞ր է միջազգային մի հռչակագրի օգնությամբ պաշտպանել հայաստանաբնակ մտավորականի իրավունքները հայաստանաբնակ «խառոշի» տղերքի սանձարձակություններից: Կամ՝ հնարավո՞ր է, որ միջին արտասահմանցին, հայտնվելով Երեւանի կինո «Երեւանի» մատույցներում հարմարավետ ծվարած դրամափոխության տասնյակ «Չենջ»-երից մեկում, հասկանա, թե ինչո՞ւ ենք օգտվում «Change» բառից, եթե այս կետերում միմիայն դոլարի դիմաց դրամ են տալիս, իսկ հակառակը երբեւէ չի պատահում։
Այդպես իմ ֆրանսահայ մի բարեկամը, այս վայրում չկարողանալով վերստին դոլարի վերածել դրամը, թռավ Փարիզ՝ մոտը մնացած դրամն ինձ տալով եւ ասելով. «Վերցրու քեզ իբրեւ մրցանակ, որ հոս կապրիս»։ Կյանքը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հնարավոր է նշանակել ասիացու կամ աֆրիկացու, բայց նույն կյանքը նաեւ ցույց է տալիս, որ հնարավոր չէ նույնացնել կամ նմանակել ասիացու, աֆրիկացու կամ ֆրանսիացու իրավունքները։ Հավանաբար երրորդ աշխարհի երկրների քաղաքացիների իրավունքները պիտի պաշտպանվեին առավել տեղայնացված եւ սպեցիֆիկ փաստաթղթերով, որոնք շատ ավելի հարազատ կլինեին տվյալ երկրի Քրեական օրենսգրքի տառին ու ոգուն։ Բայց դրանով, իհարկե, հայաստանցիներիս իրավունքների պաշտպանության խնդիրները վերստին անլուծելի կմնան, քանզի մենք դեռեւս գոնե ինքներս մեզ համար չենք ճշտել մեր իսկական տեղը։
Կենցաղով ասիացի ենք, մշակույթով՝ եվրոպացի, նախասիրություններով ասիացի ենք, հավակնություններով՝ եվրոպացի, եւ քանզի քաղաքականություն կոչվածը նույնպես հավակնությունների արտահայտման հարմար մրցաբեմ է, ապա կասկած չունենաք, որ հատուկ մեր երրորդ աշխարհին սազական ու միայն մեզ պիտանի ինչ հռչակագրեր ու փաստաթղթեր էլ մեր փոխարեն հորինեն, միեւնույն է, մենք էլի մեզ գցելու ենք դեպի Եվրոպա եւ Արեւմուտք , ճիշտ այնպես, ինչպես հիմա ենք ձգտում դառնալ Եվրոխորհրդի անդամ, առանց մտածելու, որ դրա համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ու վերջնական ինքնաճանաչում, ինչպես նաեւ՝ պատասխանատվության ու արժանապատվության վերջնական զգացում։
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ