Երեկ պիտի ավարտվեին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության նախաձեռնած ստուգումները «Կենտրոնի» համայնքապետարանում, որոնք օգոստոսի 4-ին 10 օրով երկարացնելու որոշում էր ընդունվել։ Այս ստուգումները քաղաքական հետապնդում որակվեցին, սակայն առավել իրազեկները պնդում էին, թե սա ընդամենը «համեղ պատառ» խլելու փորձ է որոշ բարձրաստիճանների կողմից, որոնք էլ 1-2 օրվա ընթացքում նախագահին ուղղված բազմաթիվ նամակներ եւ դիմում-բողոքներ էին կազմակերպել։
Ահա այս բոլոր խնդիրների եւ ստուգման արդյունքների մասին էլ երեկ օրվա սկզբին փորձեցինք զրուցել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանի հետ, սակայն նա չցանկացավ մինչեւ ստուգիչ հանձնաժողովի կողմից արդյունքների գրավոր ներկայացումը մեկնաբանություններ անել. «Կկարդամ, կըմբռնեմ, հետո կզրուցենք»,- խոստացավ պրն Վարդանյանը։
Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ ստուգումները եւս 1 շաբաթով երկարացնելու որոշում է ընդունվել։ Գայթակղությունը մեծ է այս առնչությամբ որոշ ենթադրություններ անել, սակայն առայժմ ձեռնպահ մնանք։ Ինչեւէ, նախապես էինք զրուցել Կենտրոնի համայնքապետ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանի հետ, որը մեր խնդրանքով ներկայացրեց այս պատմության իր մեկնակերպը։
«Եթե չեմ սխալվում, հուլիսի 22-ին ինձ ներկայացվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի հրամանը, թե քաղաքացիների դիմում-բողոքների հետեւանքով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություններ կատարի «Կենտրոն» համայնքում։ Նշեմ միայն, որ վերջին ստուգումներն էլի նախագահի համապատասխան ծառայության կողմից մի քանի ամիս առաջ էին տեղի ունեցել։ «Ուսումնասիրություններ» կոչվածը մեղմ գնահատական էր, քանզի միաժամանակ որոշում էր կայացվել նաեւ ֆինանսների նախարարությունից համապատասխան ներկայացուցիչներ ներգրավելու մասին, որոնք փաստորեն համայնքապետարանի ողջ ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն էին իրականացնում բոլոր ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այլ ծառայությունների ներկայացուցիչներ էլ կային՝ կառավարության, Էրեբունու «Ինվենտբյուրոյից» եւ այլն։ Այնպես որ, այդ ուսումնասիրություն ասվածը բավական լուրջ ստուգում դարձավ։
Կարդացեք նաև
Հետագայում ստուգումները համայնքապետարանից տեղափոխվեցին այն հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք առնչվում են մեր գործունեությանը՝ շենքերի եւ շինությունների սպասարկման, ընթացիկ վերանորոգումների ձեռնարկություններ եւ այլն։ Փաստորեն, այս ամենը միայն մի բանի հանգեցրին՝ ինչ-որ չափով համայնքապետարանի աշխատանքները բարդացրին։ Շուրջ 1 ամիս է ստուգումներ են ընթանում եւ, բնական է, որ մեր գործունեությունը որոշ չափով խոչընդոտվել, կաթվածահար է եղել, քանզի բոլոր բաժինները զբաղված են ինչ-ինչ փաստաթղթեր մատակարարելով, ստուգողներին ինչ-որ պարզաբանումներ ներկայացնելով, ինչ-որ տեղ չափումների կամ ձեւումների գնալով եւ այլն։
Ինչեւէ, փորձեցինք այդ վիճակն էլ հաղթահարել, որ մեր գործունեությունը չտուժի՝ աշխատանքային գրաֆիկը մի քիչ երկարացրինք եւ այլն։ Եթե անաչառ լինեն այս ստուգումներն իրականացնողները, կարծում եմ, հստակ մի եզրակացության կհանգեն, որ թաղապետարանը բավական նորմալ է աշխատել։ Գուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց համոզված եմ, որ եւ ոչ մի համայնք սրանից ավելի լավ վիճակ չէր կարող ունենալ։ Տեղական ինքնակառավարման հակասական օրենսդրական դաշտի, արհեստականորեն մեր աշխատանքի բարդացման պայմաններում հսկայական աշխատանք է կատարվել եւ մեզ հաջողվել է բավական մեծ արդյունքների հասնել։ Ե՛վ նախորդ, ե՛ւ այս տարի հրաժարվել ենք պետության լրավճարներից։ Նաեւ մեզ վրա որոշ պարտավորություններ ենք վերցրել, որ պետությանն էին։ Իրականացրել ենք ողջ կենտրոնի սանմաքրման ֆինանսավորումը, որը պիտի քաղաքապետարանն աներ, բայց միջոցներ չուներ եւ այլն։ Համոզված եմ, որ ո՛չ լուրջ, ո՛չ էլ միջին թերացում «Կենտրոն» համայնքում չի հայտնաբերվի, քանզի չի էլ եղել, որ հայտնաբերվի։ Առանձին բաներ կարող են գտնել։ Բնականաբար, ոչ ոք չի կարող իրեն ապահովագրել, թե ինքն անթերի է եւ 100%-անոց աշխատանք է իրականացնում։
Օբյեկտիվ հազարավոր պատճառներ կան, որոնց արդյունքում մանր-մունր թերություններ են հնարավոր։ Գնահատականները մեծապես առանձին անձանց մոտեցումներով պայմանավորված կլինեն եւ այն նախատրամադրվածությամբ, որ ունեցել են՝ նախաձեռնելով այս ստուգումները։ Ի սկզբանե ուզում եմ հստակ հայտարարել, որ ես հրաժարական չեմ ներկայացնի եւ ոչ նրա համար, որ այս պաշտոնը թանկ է եւ կամ, ինչպես դաշնակցական մամուլը գրեց, որ ղեկավար աթոռներին սերտաճել ենք որոշ տեղերով։ Կարծում եմ, որ չի կարելի նման հայտարարություններ անել։ Ես երբեք աթոռից կառչող չեմ եղել, առհասարակ չեմ հասկանում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ բաներից կառչելու սովորություն ունեն։ Եվ եթե նրանք բողոքում են, որ նախորդ ժամանակահատվածում ինչ-որ անարդարացի բաներ են արվել իրենց իրավունքների դեմ, կարծում եմ, որ այդ ճանապարհով անցած մարդիկ իրավունք չունեն այժմ իրենց նույն կերպ պահել, այլապես նրանք կրկնակի անարդար են։ Ինչեւէ, կրկին գտնում եմ, որ հրաժարական տալու ոչ մի պատճառ չունեմ՝ իմ խղճի դեմ ոչինչ չեմ արել եւ մեծ հաշվով ոչ մի հարցում չեմ սխալվել։ Իսկ սուբյեկտիվ մոտեցման դեպքում ամեն ինչ կարելի է պիտակավորել՝ սպիտակը սեւ ներկայացնել»։
Սպասենք եւս 1 շաբաթ, համոզվելու համար, որ Կենտրոնի համայնքապետի վստահությունն անհիմն չի։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ