Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ՎԱՃԱՌՔՈՒՄ

Օգոստոս 15,1998 00:00
hayastan

Ամեն անգամ, երբ հանրապետության տնտեսական վիճակը սրվում է, ակտիվանում են խոսակցությունները ջերմուկով աշխարհը հեղեղելու, հայկական տոմատի եւ տուրիզմի զարգացման մասին։ Կոնյակի մասին այլեւս չենք խոսում։ Այն արդեն ոչ թե մեզ, այլ ֆրանսիացիների համար է ազգային արժեք։ Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ նման խոսակցություններն ավարտվում են արտասահմանցիներին ինչ-որ բան վաճառելով։ Ասենք, խոսում են Հայաստանը տրանսպորտային խաչմերուկ դարձնելու մասին, եւ պարզվում է, որ ընդամենը պետք է վաճառել «Զվարթնոց» օդանավակայանը։ Եվ ահա ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանը վերջերս հայտարարել է, թե անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել տուրիզմը։

Կարծում ենք, ոչ ոք այլեւս չի կասկածում, որ հաջորդ նախադասությունը եղել է «Դվին», «Անի» եւ «Արմենիա» հյուրանոցները միջազգային աճուրդով սեփականաշնորհելու մասին։ Պատճառաբանությունը պարզապես փայլուն է. դա կխթանի տուրիզմի զարգացմանը։ Ըստ երեւույթին դա պետք է հասկանալ այսպես. որեւէ միջազգային կազմակերպություն կգնի Երեւանի հյուրանոցները, իսկ հետո, որպեսզի «կլիենտ» ունենա, ստիպված կլինի աշխարհով մեկ գովազդել մեր «Գառնի-Գեղարդը»։ Հրաշալի ծրագիր է։

Այդ տրամաբանությամբ կարելի է, օրինակ, միջազգային աճուրդով վաճառել Երեւանի ամենամեծ տպարանը, եւ այն գնած ընկերությունը ստիպված կլինի նպաստել Հայաստանի մամուլի եւ գրականության զարգացմանը։ Հիրավի, արհեստավարժ մոտեցում։ Կարելի է ավելի հեռուն գնալ եւ վաճառել Հայաստանի բոլոր հանգստյան տները։ Ակնհայտ է, որ այդ դեպքում գնորդները պարզապես ստիպված կլինեն բարձրացնել հայ ժողովրդի կենսամակարդակը, նպաստել միջին խավի ձեւավորմանը եւ այլն։ Բայց հետաքրքիր բան է ստացվում։ Մենք վաճառում ենք այն ամենը, ինչը գոնե տեսականորեն կարող է շահույթ բերել (պարզ ասած՝ վաճառվում է), բայց այնպիսի գնով, կարծես այդ հիմնարկները նույնիսկ տեսականորեն շահույթ բերել չեն կարող։

Իսկ գուցե միանգամից վաճառենք Հայաստանը կառավարելու իրավունքը, գումարը բաժանենք ՀՀ քաղաքացիների միջեւ (ըստ շնչի) եւ մեկնենք արտասահմա՞ն։ Համենայն դեպս, դա շատ ավելի ազնիվ կլիներ։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31