Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԵՐԾԱՆԵԼԻ ԲԱՐԱԹՆԵՐ

Օգոստոս 14,1998 00:00
sundukyan

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ստեղծագործական գործունեության մասին խոսելն, անշուշտ, անիմաստ է եւ սխալ է, որովհետեւ իրականում այդ թատրոնում ստեղծագործական կյանք չկա էլ։ Մեզ մնում է ընդամենն անդրադառնալ տնտեսական- ֆինանսական չարաշահումներին, ինչն առ այսօր այդ թատրոնին «հավատարիմ» որոշ անձանց կողմից թաքցվում էր։

Խմբագրություն էր այցելել վերոհիշյալ թատրոնի ֆինանսա-տնտեսական գործունեությանը լավատեղյակ եւ փաստերով զինված մի անձնավորություն (որի անունը առայժմ հարկ չենք համարում հրապարակել) եւ ներկայացրեց հետեւյալը. «Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր հաշվապահ Հռիփսիմե Եդիգարյանը սկսել է աշխատել 1997թ. օգոստոսից եւ շատ կարճ ժամանակում ճիշտ ըմբռնելով թատրոնի ղեկավարության պահանջները, շատ արագ որդեգրեց նրանց աշխատաոճը։

Արդեն նույն թվի հոկտեմբերին նրա թեթեւ ձեռքով նախկին տնօրեն Վահե Կարապետյանը (գործադիր տնօրեն – Ս. Ս.) ստացավ 920.000 դրամ։ Հ. Եդիգարյանը 300.000 դրամ դուրս գրեց Վ. Կարապետյանի անունով (ելքի օրդեր՝ թիվ 306)։ Իսկ թիվ 305 օրդերով 620.000 դրամ դուրս գրեց Ստեփան Գրիգորյանի անունով՝ համաձայն ռեստորանից (Ըստ որոշ աղբյուրների՝ «Մոսկվա» ռեստորանն է – Ս. Ս.) ներկայացրած հաշվի, որը, իբրեւ թե, ստացվել էր Կիրիլ Լավրովի եւ Ալիսա Ֆրեյնդլիխի պատվին կազմակերպված բանկետից։

Գործնական հարաբերություններ էին հաստատվել Հ. Եդիգարյանի եւ «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդ (պետհամար՝ 1964 ԸԺձ) Անդրանիկ Հայրապետյանի հետ, որն էլ ծառայում էր Հ. Եդիգարյանին։ Շնորհիվ այդ հարաբերությունների, առանց վարձակալման ձեւակերպման, անցյալ տարվա աշնանից մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը ներառյալ, Ա. Հայրապետյանն օգտագործում էր վերոհիշյալ ավտոբուսը՝ իր անձնական կարիքների համար՝ աշխատելով 52 համար (եւ այլ) ավտոբուսի երթուղով՝ միաժամանակ աշխատավարձ ստանալով թատրոնից։

1997 թ. դեկտեմբերին Հ. Եդիգարյանը Ա. Հայրապետյանին թատրոնի դրամարկղից դուրս է գրել 300.000 դրամ՝ ավտոբուսի անվադողերի եւ նստարանները վերանորոգելու համար։ Ահա արդեն չորրորդ ամիսն է, ինչ Ա. Հայրապետյանն ավտոբուսը կանգնեցրել է թատրոնի մոտ (պատմում են, որ այդ ավտոբուսն այն աստիճանի անսարք վիճակում էր, որ հրելով, մի կերպ են հասցրել թատրոն – Ս. Ս. ) հին անվադողերով եւ չվերանորոգված նստարաններով, որից հետո նա այլեւս աշխատանքի չի ներկայանում։ Չկա Հայրապետյանը, եւ չկա թատրոնից վերցված 320.000 դրամ գումարը։

Բացի դրանից Հ. Եդիգարյանը Սաֆրոնով ամուսիններին ապագա աշխատավարձ նախապես ստանալու ավանսով դուրս է գրել 360.000 դրամ, եւ դա՝ այն թատրոնի հաշվին, որի աշխատողները ամիսներով աշխատավարձ չեն ստանում։ Մեծ գումարներ ցիրուցան անելով, միաժամանակ թատրոնի ղեկավարությունը տարվա վերջին հրաժարվում է տպարանից, քանի որ գումարներ չունի վերջինիս ծախսերը հոգալու համար։ Բայց դա չխանգարեց Հ. Եդիգարյանին դեկտեմբերի երկրորդ կեսին թիվ 391 եւ թիվ 404 ելքի օրդերներով ոմն Ղարաբաղցյան Իլյուշայի դուրս գրել 266 հազար 480 դրամ՝ տպարանում որոշ աշխատանքներ կատարելու համար։ Այնինչ, տպարանը նոր տարվա սկզբից Մշակույթի նախարարության տնօրինության տակ էր։ Ստացվում է, որ կային ինչ-որ գումարներ եւ որոշակի շահեր։ Լենա Խաչատրյանը, որն աշխատում է թատրոնի հաշվապահությունում եւ զբաղվում է աշխատավարձերի հաշվառմամբ, 1996 թ. թատրոնի աշխատակիցների ներկայությամբ ձեւացրել է, թե իրենից գողացել են 10-ից ավելի հաշվապահական հաշվառման հատուկ գրքեր, որոնք պատրաստված էին թատրոնի տպարանում՝ նախկին գլխավոր հաշվապահ Ք. Վարդանյանի պատվերով։

Բ. Դուրունցը, որը փոխարինել էր Ք. Վարդանյանին այդ պաշտոնում, ինչպես նաեւ Հ. Եդիգարյանը չգիտեին այդ մասին։ Լենա Խաչատրյանը, օգտագործելով այդ հանգամանքը, վաճառեց իր իսկ գողացած գրքերը թատրոնին։ Եթե 1997 թ. երկու գրքերի համար նա ստացել է 6000 դրամ, ապա 1998 թ. սկզբում երկու գրքերի համար Հ. Եդիգարյանը դուրս է գրել 12.000 դրամ։ Ստացվում է, որ 10-ից ավելի գրքերը պետք է արժենան 60.000 դրամ, եւ գումարած 18.000 դրամը, որը նա (Լ. Խաչատրյանը) ստացել է թատրոնից։ Այդպիսով վնասը կազմում է մոտավորապես 78.000 դրամ։ Ահա քանի ամիս է, ինչ այդպիսի խարդախ մի մարդու է վստահված Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դրամարկղը։ Այդպիսին են գլխավոր հաշվապահ Հ. Եդիգարյանի 6-ամսյա ֆինանսական գործունեության որոշ դրվագները՝ 01.09.1997-01.03-1998 թ.»։

Հիշեցնեմ, որ այդ ամբողջը կատարվում է, այսպես կոչված, «մայր» թատրոնում, որը ստեղծագործական անկում է ապրում արդեն քանի տարի (ու հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի անկման գործընթացը), որի առաստաղը «կաթում» է… Զրուցակիցս ասաց նաեւ, որ գլխավոր հաշվապահ Հռիփսիմե Եդիգարյանի աշխատավարձը 20.000 դրամ է։ Եվ, բացի այն, որ նա (գլխավոր հաշվապահը) օգտվում է ամենամսյա տրվող հովանավորչական գումարներից (10.000 դրամ), թատրոնի ղեկավարության հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ Հ. Եդիգարյանն իր մորը իբրեւ էկոնոմիստ (իսկ այդպիսի հաստիք թատրոնում չկար) ձեւակերպել եւ նրա փոխարեն աշխատելով ստանում է աշխատավարձ։ Մեկնաբանությունները փաստերի դեմ ավելորդություններ են, պարզապես անհավատալի է այն, որ որեւէ հաշվապահ (կամ հաշվապահության աշխատակից) առանց ղեկավարության իմացության նման գործունեություն կծավալեր։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31