Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱԼՈՒ ԲԱՔՈՒ

Օգոստոս 14,1998 00:00
Traceca

Այն, ինչ չի կարելի նախագահին, կարելի՞ է վարչապետին 

Բացի Հայաստանի «թասիբը» պահելուց՝ վարչապետը պետք է մասնակցի Եվրամիության հովանու ներքո կայանալիք Եվրոպա-Կովկաս-Ասիա ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային միջանցքին առնչվող խնդիրների քննարկմանը նվիրված միջազգային համաժողովին։ Իսկ թե ինչ է այդ ՏՐԱՍԵԿԱ ասվածը եւ հանուն դրա Բաքու գնալ արժե, թե ոչ՝ դատեք ինքներդ։ ՏՐԱՍԵԿԱ-ն Եվրամիության ՏԱՍԻՍ-ի Միջպետական ծրագրի շրջանակներում ֆինանսավորված նախաձեռնություն է։ Այն տեխնիկական օժանդակություն է տրամադրում Եվրոպան եւ Միջին Ասիան կապող ճանապարհային, երկաթուղային եւ ծովային տրանսպորտային միջանցքի ստեղծման համար՝ անցնելով Սեւ ծովից Կովկաս եւ Կասպից ծով։ ՏՐԱՍԵԿԱ ծրագրի հիմքը դրվել է 1993 թվականին Բրյուսելում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որտեղ հավաքվել էին 5 միջինասիական (Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) եւ 3 կովկասյան (Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան) պետությունները։

1996 թ. ՏՐԱՍԵԿԱ-ի մասնակից անդամներ դարձան նաեւ Մոնղոլիան եւ Ուկրաինան։ Ծրագրի խնդիրն է ստեղծել տարածաշրջանում եւ տարածաշրջանը Եվրոպային կապող լրացուցիչ տրանսպորտային ճանապարհ։ Ծրագիրը ձգտում է. ամրապնդել ներգրավված հանրապետությունների միջեւ տարածաշրջանային համագործակցությունը, նպաստել այդ հանրապետությունների քաղաքական եւ տնտեսական անկախությանը եւ մեծացնել եվրոպական եւ համաշխարհային շուկա տանող նրանց հնարավորությունները մի շարք այլընտրանքային ճանապարհների ստեղծման միջոցով։

Ծրագրային այս նպատակները իրականացնելու համար, ՏՐԱՍԵԿԱ-ն հանդես է գալիս որպես միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ մասնավոր աղբյուրներից ներդրումների ներգրավման կատալիստ։ Մինչ այսօր, ՏՐԱՍԵԿԱ ծրագրով ֆինանսավորվել են 22 տեխնիկական օժանդակության ծրագրեր (30 միլիոն էքյու) եւ ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքի տարածքում 5 ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագրեր (20 միլիոն դոլար)։ Հայաստանում ՏՐԱՍԵԿԱ-ն ճանապարհների բարելավման համար տեխնիկական օժանդակություն է տրամադրել 0,75 միլիոն էքյուի չափով։ Այն, ինչ չի կարելի նախագահին, կարելի՞ է վարչապետին Ոչ միայն նախագահի խորհրդականները, այլեւ նախագահի ընդդիմադիրների գերակշիռ մասը չէր ցանկանում, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունի Հեյդար Ալիեւի հրավերը։

«Առավոտի» թղթակիցներ Լիլիթ Ավագյանն ու Աննա Իսրայելյանը փորձեցին պարզել, թե արդյոք վարչապետ Արմեն Դարբինյանի Բաքու մեկնելու պարագայում է՞լ առաջ կքաշվեն անվտանգության կամ վարկաբեկման հնարավորությանը վերաբերող հակափաստարկներ։ Եվ վերջապես. դրակա՞ն էր, թե՞ ավելի շատ բացասական, որ Քոչարյանն անձնապես չցանկացավ Բաքու մեկնել։

Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ)

– Մենք գտնում ենք, որ անպայման պետք է այս համաժողովին մասնակցել։ Վախենալու կամ ամաչելու բան չկա։ Եթե մյուս բոլոր հրավիրվածները նախագահի մակարդակով են՝ հարմար կլիներ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը։ Բայց Հայաստանի վարչապետի մասնակցությունն էլ պակաս պատվավոր չի իրենց համար։

Էդվարդ Եգորյան («Ժողովրդական Հայրենիք» կուսակցության նախագահ)

– Դեռ մեկ շաբաթ առաջ «Ազատություն» ռ/կ-ին ես ասել եմ, որ պետք է գնալ ճիշտ նույն մակարդակով, որով մասնակցելու են այլ երկրները։ Եթե սա նախագահների մակարդակով հավաք է՝ ուրեմն պիտի անպայման Ռոբերտ Քոչարյանն էլ մասնակցեր, այլապես սխալ է վարչապետի գնալը։ Իսկ եթե խառը մասնակցություն է՝ ե՛ւ նախագահներ, ե՛ւ վարչապետներ, էլի ճիշտ կլիներ, որ նախագահի մակարդակով մասնակցեինք, քանզի հանդիպման ե՛ւ թեման է շատ կարեւոր, ե՛ւ դա Հայաստանի շահերին կհամապատասխաներ, ե՛ւ որոշ չափով խաղաղության ամրապնդման երաշխիք կլիներ։

Ռուբեն Վարդանյան (Ինքնորոշում միավորում)

– Իմ կարծիքով, քանի որ Եվրոպական համագործակցության նախաձեռնությամբ Ադրբեջանում տեղի ունենալիք համաժողովը վերաբերում է զուտ տնտեսական ոլորտին եւ քաղաքական հարցեր չեն շոշափվելու (մանավանդ որ Արցախի վերաբերյալ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը երկուստեք ձեռնտու նոր լուծումներ չեն առաջարկել), ուստի տվյալ պարագայում կա՛մ վարչապետի, կա՛մ նախագահի այցելության նպատակահարմարությանը առաջնայնություն տալու հարց գոյություն չունի։ Գոյություն չունի նաեւ դիվանագիտական համարժեք քայլ կատարելու խնդիրը, քանի որ հանդիպումը տեղի չի ունենալու հրավիրված երկրների նախագահների մակարդակով։ Ըստ նախնական տվյալների, պաշտոնապես հրավիրված 32 երկրներից միայն Մոլդովայի եւ Ռումինիայի նախագահներն են մասնակցելու ցանկություն հայտնել։

Ալեքսանդր Աղամալյան (ԳիԱրՔՄի-ի քաղաքական խորհրդի նախագահ)

– Ամեն դեպքում մեզ անհանգստացնող է թվում այն փաստը, որ այդ առաջարկն անում է Ալիեւ-հմուտ քաղաքական գործիչը, այն էլ իր համար հույժ կարեւոր՝ Ադրբեջանի նախագահական ընտրարշավից առաջ։ Կարելի է ենթադրել, որ ինքն այդ առաջարկի բոլոր ելքերը վերլուծել է, եւ դրանք իր ու Ադրբեջանի համար բարենպաստ են։ Դժվար է բոլոր կանխատեսումներն անել, բայց այս դեպքում պետք է շատ զգուշավոր լինել, քանզի, փաստորեն, մենք Ալիեւի առաջարկած խաղն ենք խաղում։ Մյուս կողմից, որպեսզի միջազգային հանրության մոտ չամրապնդվի մեր կոշտ դիրքորոշման վարկածը՝ լիովին մերժելը սխալ կլիներ։ Բայց իմ անձնական տեսակետն է, որ կարգավիճակը մի քիչ բարձր է ընտրված։ Ավելի ճիշտ կլիներ, երեւի արտգործնախարարի մակարդակը։ Միգուցե դա հնարավորություն կտար ավելի ճկուն լուծումներ գտնել հետագայում։

Աշոտ Բլեյան («Նոր ուղի» կուսակցության նախագահ)

– Շատ վատ եմ գնահատում Քոչարյանի հրաժարվելն, իհարկե։ Սա մի անգամ եւս ապացուցում է, որ 1998-ի նախագահական ընտրություններին Քոչարյան Ռոբերտը չպիտի մասնակցեր, որպեսզի այսօր Հայաստանը կարողանար լիարժեք ներկայանալ՝ իր շահերից ելնելով, այլ ոչ թե չգիտես ինչ-ինչ հաշվարկներից, որոնք կապ չունեն պետական քաղաքականության հետ։ Սա՝ մեկ։ Երկրորդը։ Անընդհատ վեճ է ընթանում ո՛վ պիտի գնա, ինչո՛ւ չպիտի գնա եւ մոռացվում է հարցի բուն էությունը՝ որ Հայաստանն արդեն երկրորդ միջազգային ծրագրից է դուրս մղվում, իսկ Ադրբեջանը դառնում է երկրորդ միջազգային ծրագրի իրականացման ակտիվ կենտրոնն Անդրկովկասում։ Համազգային շարժման բոլոր մասնակիցները՝ Վազգեն Մանուկյանից սկսած, չգիտեմ ումով վերջացրած, ովքեր անկախ Հայաստանը տնտեսական ու ֆինանսական խաչմերուկ էին տեսնում՝ այսօր պիտի արձանագրեն իրենց պարտությունը, քանզի Հայաստանը շարունակում է մնալ անհուսալի փակուղու մեջ։ Եվ այսօր Հայաստանի ողջ քաղաքական միտքը (էլ չեմ ասում՝ պետական իշխանությունը), պիտի ամենա-ամենաեռանդուն (այստեղ է ասված՝ ոչ պոպուլիստական) քայլերի դիմեն Հայաստանը միջազգային այդ երկու ծրագրերում լիարժեք ներգրավելու համար։ Եվ եթե դրա համար պետք է, որ Հայաստանի նախագահը լինի Բաքվում՝ իհարկե, պետք է լինի Բաքվում։ Բայց այդ համաժողովն, իհարկե, կարող էր ոչ թե Բաքվում անցկացվել, այլ՝ Երեւանում։ Իսկ ինչո՞ւ այստեղ չի անցկացվում։

Հարություն Առաքելյան (ՀՌԱԿ վարչության անդամ)

– Այն, որ Հայաստանը մասնակցում է Բաքվում կայանալիք այդ միջոցառմանը, արդեն պլյուս է։ Իսկ այն, որ նախագահի փոխարեն կմասնակցի վարչապե՜տը… Մենք արդեն ասել ենք եւ նորից կրկնում ենք, որ դա նախագահի որոշելիքն է։

Շավարշ Քոչարյան (ԱԺՄ)

– Ես գտնում եմ, որ ավելի ցածր մակարդակի պատվիրակություն պետք է գնա, ո՛չ վարչապետի մակարդակի։ Որովհետեւ, ինչի՞ համար ենք գնում։ ՏՐԱՍԵԿԱ ծրագրում մենք արդեն մեկուսացված, շրջանցված ենք։ Այսինքն՝ մենք գնում ենք, որ մեր պարտությունը Բաքվում նաեւ ա՞յս հարցում արձանագրենք։ Խնդիրը հետեւյալն է՝ ի՞նչ է քննարկվում եւ հանուն ինչի։ Հայաստանը հետ է մնացել։ Հայաստանը ժամանակին հույսը դնելով այն բանի վրա, որ Ռուսաստանը թույլ չի տա նմանատիպ ծրագրերի անցկացումը, ընդհանրապես դուրս է մնացել խաղից։ Հիմա գնացքը գնացել է։ Որպեսզի կարողանաս փոխել իրավիճակը, պետք է այնպիսի մի նախնական աշխատանք կատարես, այնպիսի՜ առաջարկություններ ունենաս… Օրինակ՝ ես կհամարեի ընդունելի վարչապետի մակարդակով գնալը, եթե այդպիսի փաթեթ մշակված լիներ։ Պատվիրակություն, այնուամենայնիվ, պիտի գնա, չնայած կհայտնվի շատ անհեթեթ վիճակում։ Հրավիրել են հիմա՝ գնան, էլի՛ հիմար վիճակում են, չգնան, էլի՛ հիմար վիճակում են։

Շողեր Մաթեւոսյան («Շամիրամի» համանախագահ)

– Ալիեւի հրավերը ես ընկալում եմ իբրեւ քաղաքական մարտահրավեր։ Անցած 8 տարիների ընթացքում Հայաստանը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, նման հրավեր չի ստացել։ Թե որտեղով է անցնելու ճանապարհը՝ քաղաքական հարց է, եւ դուրս է վարչապետի կամ տրանսպորտի նախարարի իրավասությունների ոլորտից։ Ինչ մնում է հրավերը մերժելուն կամ ընդունելուն՝ հասարակությունը պետք է հիմնավոր բացատրություններ եւ պատճառաբանություններ ստանա նախագահից։ Գնալ-չգնալը, մի խոսքով, պետք է հիմնավորվի։ Ես լավ խորհրդատու չեմ, այդ պատճառով մեջբերեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Ոչ ոք չի հասկանա այն պատասխանատվությունը, որ ստանձնել է նախագահը։ Չի հասկանա, քանի դեռ նախագահ չի ընտրվել։ Կան պահեր, երբ միայն նախագահն է պարտավոր վճիռներ կայացնել»։

Սերգեյ Բադալյան (Կոմկուս)

– Ես նոր եմ լսում, որ պետք է վարչապետը Բաքու գնա։ Որպեսզի Հայաստանը մերժողական կեցվածք չընդուներ, անպայման մեր պատվիրակությունը պետք է գնար։ Սակայն ո՛չ վարչապետի մակարդակի պատվիրակության մասին է խոսքը։ Քանի որ այնտեղ պետք է տրանսպորտային հարցեր քննարկվեն, առավել տրամաբանական կլիներ, որ պատվիրակությունը գլխավորեր տրանսպորտի նախարարը։ Վարչապետի գնալը ինչ-որ տեղ համազոր է նախագահի գնալուն եւ պաշտոնական երանգ է տալիս այցելությանը։ Նա քաղաքական դեմք է, որը պետք է իր վերաբերմունքը ցույց տա շրջափակման կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31