Վիգեն Խաչատրյանը մեկնաբանեց
Կուսակցությունները ձեւավորվում են ազատ եւ նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ու մտածողության կազմակերպմանը։ Դրանց գործունեությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ դրանց կառուցվածքն ու գործունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքներին (ՀՀ Սահմանադրություն, գլխ.1, կետ 7)։ Վերջերս անցկացված դաշնակցության առաջին համագումարը ժողովրդավարական եղավ լոկ համագումարի բացման ժամանակ (ժողովրդավարությունը ընթացակարգային բնույթ կրեց)։ Համագումարն ամբողջությամբ ընթացավ դռնփակ, ասես՝ ընդհատակում։ Փորձեցինք պարզել, թե ինչու վերջին համագումարն անցավ դռնփակ եւ ըստ այդմ, չի՞ խախտվել արդյոք Սահմանադրության 7-րդ կետը։
– Ես համաձայն չեմ հարցադրմանը, դա չի համապատասխանում իրականությանը,- ասաց դաշնակցության քաղաքական հարցերի գծով ներկայացուցչության տեղակալ, կուսակցության Գերագույն մարմնի անդամ Ա. Ռոստամյանը:
– Ինչպես կարելի է դռնփակ կոչել մի ժողով, որին մասնակցում են 150 մարդ։ Հավատացեք, այդ պայմաններում գաղտնիության ապահովումը պարզապես անհնար է։
Կարդացեք նաև
Ի վերջո համագումարն անց է կացվել դահլիճում, որի թե՛ դռներն էին բաց, թե՛ պատուհանները, որոնց կողքով մարդիկ էին անցնում։ Նշեմ, որ շատերը կանգ էին առնում, ականջ դնում եւ ի լրումն դրա այն անցկացվում էր ԱրմենԹելի դահլիճում, այնպես որ, ոչ մի գաղտնիության վարագույր չի եղել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու զանգվածային լրատվության միջոցներին թույլ չտրվեց մասնակցել համագումարին, ապա դա նպատակ ուներ ապահովել աշխատանքի համաչափ ռիթմը։
Պատկերացրեք, համագումարը տեւեց 18 օր եւ ըստ մեր ժողովարանների կարգի, քննարկվում էր ցանկացած արտահայտված միտք, առաջարկություն եւ լրագրողների ներկայությունը կարող էր շեղել մեզ։ Ես չեմ համարում, որ այսպիսով մեր գործունեությունը հակասում է Սահմանադրությանը։ Քանի որ, ընդգծում եմ, ի սկզբանե մեր կողմից դրված չի եղել գաղտնիության խնդիր։ Օրինակ, եթե դուք ձեր կոլեկտիվում ժողով եք անցկացնում, չէ՞ որ օտարի ներկայությունը ցանկալի չի լինի ձեզ եւ ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կիմանա եւ ինչ-որ մեկին կպատմի, պարզապես օտարի ներկայությամբ կնվազի աշխատանքի արդյունավետությունը, եւ այդ պատճառով ես չեմ կարծում, թե մեր կողմից խախտվել է Սահմանադրության 7-րդ կետը։
Քանի որ մեր հարցադրումը արված էր իրավական նորմերի տեսանկյունից, դիմեցինք ՀՀ Սահմանադրության 7-րդ կետի հեղինակներից մեկին՝ ՌԱ(լդ)Կ կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանին առաջարկելով պարզաբանել՝ 7-րդ կետի ստեղծման մեջ նկատի առնվե՞լ են արդյոք բաց պատուհաններն ու դռները եւ դաշնակցության կուսակցության կողմից խախտվե՞լ է արդյոք ՀՀ Սահմանադրության 7-րդ կետը։
– Խոսելով 7-րդ կետի մասին, ես կանգ կառնեի 2 հարցի վրա. առաջին՝ նպաստել ժողովրդի քաղաքական կամքի եւ մտածողության ձեւավորմանը, – ասաց ՌԱ(լդ)Կ-ի նախագահ Վ. Խաչատրյանը։
– Բնական է, որ կուսակցություններն իրենց իրավունք չեն կարող վերապահել կյանքի պատրաստի ձեւակերպումներ հրամցնել մարդկանց, բայց սա չի նշանակում, թե կուսակցությունը չպետք է բաց քննարկումներ անցկացնի եւ կենսական խնդիրներ բարձրացնի, ինչի մասին պետք է իմանա ժողովուրդը։ Օրինակ, ինչպես լինում է ընտրարշավների ժամանակ։ Ինչպես որ ընտրողը պետք է իմանա իր թեկնածուին, այդպես էլ կուսակցությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի ժողովուրդը ճանաչի կուսակցական վերնախավին, որոնք, ըստ էության, հավակնում են արժանանալ ժողովրդի քվեին։
Վստահ եմ, եթե ցանկացած այլ ժողովրդավարական երկրում կուսակցությունը սահմանագիծ դներ իր համագումարի եւ ժողովրդի միջեւ, ապա նա ընտրություններում կձախողվեր։ Չէ՞ որ համագումարում քննարկվող յուրաքանչյուր ստույգ հարց ո՛չ պետգաղտնիք է, ո՛չ էլ պետության ճակատագրի որոշում։ Ահա եթե այս դիրքորոշմամբ մոտենանք խնդրին, ապա կուսակցությունն ինքը պետք է շահագրգռված լինի իր համագումարն անցկացնել բաց պայմաններում եւ այդ պատճառով 7-րդ կետը կազմելիս կարեւորել են, որ ոչ թե կուսակցությունը պետք է որոշի ինչպես ներկայանալ ժողովրդին, այլ պարտավոր է որոշել, թե ինչպիսին է հենց ինքը եւ առանց չակերտների ներկայանալ ժողովրդին այնպես, ինչպիսին կա։
Երկրորդ՝ եթե Սահմանադրությունը ընդգծում է, որ կուսակցության կառուցվածքը եւ գործունեությունը չպետք է հակասեն ժողովրդավարության սկզբունքներին, հետեւաբար կուսակցություններից յուրաքանչյուրն իր համար պետք է պարզի, թե որքանով է ինքը ժողովրդավար, այսինքն՝ նրա խոհանոցը պետք է բաց լինի ընտրողների առջեւ (բացառությամբ ընտրությունների ժամանակ անխուսափելի մարտավարական հարցերի)։ Մնում է ենթադրել, որ եթե կուսակցությունը չի պահպանում, ըստ էության, ընտրողի իրավունքները պաշտպանող սահմանադրական նորմերը, ապա այն տրամադրված չէ արդար ընտրությունների։
Ինչ վերաբերում է նրան, թե խախտե՞լ է արդյոք Դաշնակցություն կուսակցությունը Սահմանադրությունը, չէի ուզենա հարցը դիտարկել այդ տեսանկյունից։ Պետք է հաշվի առնել, որ կուսակցությունն արմատացած ավանդույթներ ունի եւ մեծ մասամբ գործել է արտասահմանում, հաճախ նաեւ՝ ընդհատակում։ Այդ պատճառով չեմ ուզում լինել մեղադրողի դերում, պարզապես կասեմ, որ լավ կլիներ, այս օրինակը վերջինը դառնար, երբ սեփական երկրում սեփական ժողովրդի առաջ, որը պետք է ձեւավորի իշխանությունը, փակ համագումար եւ փակ քննարկումներ են անցկացվում։
Պատրաստեց Ժ. ՎԻԼՅԱՆԸ