Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Օգոստոս 13,1998 00:00
kusakcutyunner

Ո՞րն է ՀՀ նախագահի քաղաքական հենարանը

Քաղաքական գործիչները դժվարանում են բնութագրել ՀՀ նախագահի քաղաքական հենարանը։ Գուցե դա պայմանավորված է քաղաքական դաշտի ձեւավորման նախնական փուլով։ Կամ Հայաստանում քաղաքական հենարան հասկացությունը դեռեւս ընկալելի չէ հասարակական գիտակցությանը։

Հրանտ Խաչատրյան (Սահմանադրական իրավունք միություն)

– Քոչարյանն իշխանության գալու համար օգտագործեց առկա գոյություն ունեցող բոլոր հենարանները։ Այսօր նախագահի խնդիրն է՝ կատարել իր նախընտրական խոստումները։ Եվ կա մեր խնդիրը. մենք մեր հեղինակությունը կապել ենք Քոչարյանի հետ։ Սա կարծես իշխանությունն էլ փորձում է հասկանալ, մեզ եւս մասնակից դարձնել քաղաքական հենարանի ձեւավորման գործում։ Սակայն կուսակցություններն այսօր իշխանության համար ամբողջական հենարան չեն կարող լինել։ Սա մեր ցավալի իրականությունն է։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, քաղաքական հենարանը պատասխանատու է նախագահի գործունեության համար։ Սա է պատճառը, որ այսօր ՍԻՄ-ը նախագահից ոչ միայն պահանջում, այլեւ օգնում է կատարել իր նախընտրական խոստումները։ Առաջին հերթին պատասխանատվություն են կրում ի սկզբանե Քոչարյանին պաշտպանող կուսակցությունները, բայց որոնք հատկապես գործադիր իշխանության ոլորտում շատ քիչ լծակներ ստացան։ Մենք ավելի շահեկան դիրքում ենք. երկրորդ փուլում ենք պաշտպանել եւ հասարակական կարծիքի վրա ազդելու մեր լծակները քիչ չեն, որպեսզի այդ պատասխանատվությունն իրացնենք։

Պարույր Հայրիկյան (Ինքնորոշում միավորում)

– Նախագահն ունի բազմաթիվ հենարաններ։ Հենարանը նախեւառաջ նրան ձայն տվող մարդիկ են։ Նախագահը քաղաքական կուսակցության ներկայացուցիչ չէ, բայց նրան պաշտպանել են կուսակցություններ, որոնք էլ նախագահի հենարանն են։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա պետք է ասել. եթե քաղաքական գործիչ ես, անկախ նրանից, իշխանություն ես, թե ընդդիմություն, պատասխանատու ես քո ժողովրդի ճակատագրի համար։ Կոնկրետ քայլերի համար ամեն մարդ պատասխանատվություն է ստանձնում։ Երբ ՆԳՆ-ն հրաման կտա մեկին պատասխանատվության ենթարկել, ինքը դրա համար պատասխանատու է։ Այն ծրագիրը, որ կներկայացնի նախագահը, դրա համար ինքն է պատասխանատու։ Այդ ծրագրի քո ստանձնած մասի համար դու ես պատասխանատու։ Ընդհանրապես հասարակության մեջ պատասխանատվության մասին խոսելը մի տեսակ դատավորի կարգավիճակ ստանձնելու պես մի բան է՝ մենք պատասխանատու ենք մեր երեխաների առաջ։

Շավարշ Քոչարյան (Ազգային ժողովրդավարական միություն)

– Հայաստանում քաղաքական հենարան հասկացությունն աղավաղված է։ Քաղաքական հենարանն այն կուսակցությունն է, որն ընտրություններում ստանում է ձայների մեծամասնությունը եւ իրականացնում իր ծրագիրը գործադիր իշխանության միջոցով։ Չկա այդպիսի իրավիճակ Հայաստանում, կա կառավարման ավտորիտար համակարգ, որն անձի իշխանության վրա է հիմնված։ Չեմ կարծում, թե Քոչարյանը քաղաքական հենարան ունի։ Եթե կա «Միասնություն եւ արդարություն» բլոկ, ապա այն պատասխանատու չի կառավարության գործունեության համար։ Անձին խորհուրդ տալով դառնում ես հենարա՞ն։ Ես դա չեմ հասկանում։ Երբ անհատը ներգրավվում է կառավարության մեջ, դա դեռ չի նշանակում, որ կուսակցությունն էլ է ներգրավված։ Բացի դրանից, այսօր նախարար լինելը չի նշանակում իրական իշխանության տեր լինել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք կային վարչապետներ, որոնք հարցեր չէին լուծում, բայց կան մարդիկ, որոնք չունենալով պաշտոններ՝ հարցեր են լուծում։

Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն)

– Նախագահը նախընտրական շրջանում որեւիցե առանձին կուսակցության աջակցության վրա չի հենվել։ Եղել է քաղաքական ուժերի ստեղծած դաշինք (աջից, ձախից եւ կենտրոնականից)։ Հետեւաբար, նա հենվում է այն բոլոր քաղաքական ուժերի վրա, որոնք մտածում են Հայաստանի, Արցախի, պետության հզորացման եւ տնտեսության կայացման մասին։ Նախընտրական շրջանում մեր կուսակցությունն էլ է պաշտպանել Քոչարյանի թեկնածությունը, բայց այս պահին քաղաքական հենարան չենք հանդիսանում, որպես առանձին ուժ, որովհետեւ քաղաքական դաշտում կան նաեւ այլ կուսակցություններ, այսինքն, սպեկտրը լայն է։ Ի դեմս այս ուժերի նախագահը քաղաքական հենարան ունի։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, մենք էլ ենք նախագահին պաշտպանել, նախընտրական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել եւ նաեւ մեզ ենք պատասխանատու համարում։

Սերգեյ Բադալյան (Հայաստանի կոմունիստական կուսակցություն)

– Քաղաքական հենարանի մասին իրեն հարցրեք, ում պաշտոն է տալիս, նա էլ երեւի իր քաղաքական հենարանն է։ Իրականանում է լիբերալ շուկայի գաղափարախոսությունը՝ այն կուսակցությունները, որոնք հավակնում են քաղաքական հենարան լինել, խոսքով մի քիչ այլ գաղափարախոսության ներկայացուցիչներ են։ Առկա հակասություններն արտահայտում են Հայաստանի քաղաքական կյանքի չձեւավորված լինելը։ Կամ պետք է լինել ոչ մի գաղափարական կապեր չունեցող կառավարությունում, կամ կապված լինել կառավարող ուժի հետ, կառավարող ուժն այսօր երեւի «Երկրապահն» է։ Դաշնակցությունը պաշտոնապես եւ իրավաբանորեն ներկայացված չէ խորհրդարանում, բայց կառավարության մեջ կարեւոր պաշտոններ է զբաղեցնում եւ հայտարարում է, որ շարունակում է մնալ ընդդիմություն։ Հասկանալի չէ։ Եթե կուսակցությունը մտնում է կառավարության մեջ իր անդամներով, ապա նա վերցնում է իր վրա ամբողջ պատասխանատվությունը։ Սա նորմալ քաղաքական գործընթացի արտահայտություն չէ։

Համլետ Դալլաքյան (Ռամկավար ազատական կուսակցություն)

– Նախընտրական շրջանում նախագահն ասաց, որ իր կուսակցությունը ժողովուրդն է։ Ես կարծում եմ, որ նախագահի այսօրվա քաղաքական հենարանը ժողովրդի հետ միասին նաեւ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հիմնադիր կազմակերպություններն են։ Այս համագործակցությունը ստեղծվել է նախընտրական փուլում, ընդունել նախագահի ծրագիրը եւ պաշտպանել նրան։ Կարծում եմ, որ այդ կուսակցությունների քաղաքական կուրսը պետք է պահպանվի եւ տվյալ կուսակցությունը պետք է պատասխանատվություն կրի այնքանով, որքանով ստանձնում է այդ, որքանով մասնակցում գործադիր իշխանության գործունեությանը։

ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31