Վստահաբար կարող եմ ասել, որ «Առավոտի» ընթերցողները փաստել են սեքսին ու սեռական կյանքին վերաբերող «Սպիդ-ինֆո» էջի գոյությունը։ Բնականաբար, տարբեր են սիրելի ընթերցողների ընկալումները՝ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնք ողջունում են այդ էջի գոյությունը, իսկ այ օրինակ մի երթուղային տաքսում հայտնված «Առավոտի» աշխատակցին ուղեւորները «գամել էին անարգանքի սյունին», իսկ մեր գործընկերներից մեկն անընդունելի համարեց ներկայումս սեքսի մասին խոսելը, ասելով. «հաց չկա ուտելու, դուք սեքսից եք խոսում»։
Ահա նման արձագանքներն էլ ստիպեցին մտորելու, թե իսկապես արժե Հայաստանում սեքսի ու սեռական դաստիարակության խնդիրների մասին խոսել։ Նման գլոբալ հարցն էլ նպատակահարմար է պարզել ո՞ւմ, եթե ոչ Հայաստանի Հանրապետության իշխանավորների ու քաղաքական գործիչների հետ։ Չցանկանալով մեր իշխանավորներից ու քաղաքական գործիչներից, խիստ զբաղվածության պայմաններում, հարցազրույցի համար հատուկ հանդիպում խնդրել՝ որոշեցի հարցս նրանց ուղղել էի ընդհանուր հանդիպումների, ընդունելությունների, այցերի ժամանակ եւ նույնիսկ օդանավակայանում։ Այսինքն՝ հնարավոր ամեն տեղ, ուր լրագրողը կարող է հանդիպել իշխանավորներին ու քաղաքական գործիչներին։
Անկեղծ ասած, առանց ՀՀ նախագահի տեսակետի, չէի ցանկանում տպագրել այս նյութը, սակայն ժամանակն անցնում էր, իսկ «բախտս ինձնից խռովել էր» ու ինձ չէր հաջողվում որեւէ ընդհանուր հանդիպման, կամ ընդունելության ժամանակ հանդիպել ՀՀ նախագահին։ Իսկ ընդունված կարգի համաձայն, հո չե՞ք զանգի նախագահի մամուլի գրասենյակ՝ հարցնելու. «Ռոբերտ Քոչարյանն ինչ է կարծում՝ արժե՞ արդյոք ներկայումս Հայաստանում սեքսի մասին բաց խոսակցություն սկսել»։
Հետո էլ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց. «Նախագահը սիմվոլ է, չի կարելի նրան նման հարց ուղղել»՝ ըմբռնեցի ու որոշեցի իսկապես տպագրել առանց նախագահի տեսակետի (թեպետ, եթե պարոն Քոչարյանը ցանկություն հայտնի իր տեսակետն արտահայտելու՝ պատրաստ ենք նրա պատասխանը տպագրել առանձին)։
Կարդացեք նաև
Ինչեւէ, ասեմ որ ոմանց համար հարցս շա՜տ տարօրինակ էր, ոմանց համար՝ զարմանալի, ոմանց համար՝ շա՜տ ցանկալի, ոմանք էլ պարզապես չէին ուզում պատասխանել։ Ա՛յ, վերջինների դեպքում էլ գործի էի դնում լրագրողական փոքրիկ խորամանկությունս։ Այն նախարարները, ովքեր խուսափում էին պատասխանել՝ ասում էի, որ վարչապետը պատասխանել է, ընդ որում շատ ինքնատիպ, ու նախարարներն անմիջապես պատասխանում էին։ Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն այս հարցն այնքան է ոգեւորել մեր իշխանավորներին, որ իրենց հանդիպումների խոսակցության հիմնական նյութն է դարձել։
Մեկ այլ տեղեկության համաձայն էլ հարցերին պատասխանած մեր իշխանավորներն ու քաղաքական գործիչներն իբր օրվա մամուլին ծանոթանալիս առաջինը «Առավոտն» են ընտրում ու միանգամից բացում 14-րդ էջը։ Մեր սիրելի իշխանավորների ու քաղաքական գործիչների համբերությունը չչարաշահելու համար վերջապես տպագրում ենք նրանց տեսակետները։ Իսկ հարցս հետեւյալն է.
1. Մեզ մեղադրում են, որ իբր Հայաստանում հաց չկա ուտելու, մենք սեքսից ենք խոսում, իսկապե՞ս ներկայումս չարժե սեքսի մասին բաց խոսակցություն սկսել։
2. Իսկ Ձեր կյանքում սեքսը ինչպիսի դեր է խաղում (այս հարցին հիմնականում պատասխանել են՝ «այնպես, ինչպես յուրաքանչյուր մահկանացուի կյանքում», ուստի տպագրում ենք նրանց պատասխանները, որոնք վերը նշվածից տարբեր են – Լ. Մ.):
3. Մեր հարցման համաձայն՝ Դուք համարվել էիք Հայաստանի երկրորդ ամենասեքսուալ քաղաքական գործիչը՝ ինչպես ընդունեցիք այդ հանգամանքը (այս հարցը տրվել է միայն նրանց, ում անունը հայտնվել է Հայաստանի ամենասեքսուալ քաղաքական գործիչների շարքում – Լ. Մ.):
Արմեն Դարբինյան -1. Շատ հաճախ սեքսը փոխարինում է հացին, այնպես որ հաստատ գրեք։
2. Սեքսը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում։
3. Երբեք չեմ սիրել լինել երկրորդը, դրանից ցածր ցանկացած տեղում։ Այսինքն՝ տարբերություն չկա, միայն ոչ երկրորդը։ Այնպես որ, խնդրում եմ ինձ անգամ սեքսում երկրորդ տեղում չդասել, կամ առաջինը, կամ 20-րդից հետո։
Արամ Սարգսյան -1. Նախ տեղը լավ չեք ընտրել այս խոսակցության համար (այն տեղի էր ունենում Եգիպտոսի դեսպանատան ընդունելությունում – Լ. Մ.), երկրորդը, եթե լուրջ՝ դա իսկապես լուրջ խոսակցություն է։ Ես կարծում եմ, որ եթե Դուք լուրջ վարեք այդ թեման, իհարկե, անհրաժեշտ է, իսկ եթե պետք է լինի, ինչպես ասում են, բուլվարային մակարդակի՝ ավելի լավ է չլինի։ Քանի որ դա ավելի մեծ վնաս կհասցնի հատկապես մեր երիտասարդության զարգացմանը, առանց այդ էլ մեր երեխաները եւ երիտասարդները հիմա հեռուստատեսության ֆիլմերի եւ այլնի այնպիսի ճնշման տակ են, որ եթե մի բան էլ ավելանա թերթի էջերից՝ շատ ավելի վատ։ Բայց եթե կարողանաք, ես կասեի խելոք ուսուցչին բնորոշ խորհուրդներ տալ, կամ բացատրել էությունը շատ կարեւոր է։
2. Անկեղծ ասած, ես հիմա այդ հարցին չեմ էլ կարող պատասխանել, որովհետեւ այդ խնդիրը չէ հիմա իմ առջեւ դրված։ Երեւի ավելի շուտ երիտասարդ հասակում ավելի հեշտ կպատասխանեի։
Խոսրով Հարությունյան – 1. Ես կարծում եմ, որ սեքսի մասին բաց խոսակցության համար մենք նույնիսկ ուշացել ենք։ Ես ենթադրում եմ, ընդհանրապես, սեռական հարաբերությունների մասին կուլտուրան ոչ միայն այս տարիքում՝ իմ, Ձեր, այլ դպրոցում պետք է սկսել։ Ես ուզում եմ հիշեցնել դեռեւս 1972-73 թթ. «ԽՏՎրՏՎՏսՖրՍՈ255 տՐՈՉՊՈ»-ում Ադաբասկինայի հոդվածը, որը խոսում էր այդ խնդրի մասին։ Ցավոք սրտի, Սովետ միությունն այդքան ուշադրություն չդարձրեց այս հարցին, եւ մենք շատ բաներ տանուլ տվեցինք։ Ես կարծում եմ, այսօր, երբ բարոյական շատ արժեքներ խարխլված են, երբ քաղաքացիներն, այդ թվում նաեւ երիտասարդները, անհամեմատ ավելի ազատականացված են եւ նույնիսկ անբռնազբոս, որոշ կոմպլեքսներից արդեն զերծ՝ այսօր այդ մասին խոսելը կարեւոր է։
Վազգեն Մանուկյան – 1. Ես կողմնակից չեմ, երբ որ դպրոցներում մտցվում է սեքսի առարկա՝ մեր բոլոր ավանդույթները խախտելով։ Դա ավելի նպաստում է երեխաների եւ ժողովրդի փչացմանը, քան թե զարգացմանը, այնպես, ինչպես ներկայացվում է, իբրեւ թե նպաստում է զարգացմանը։ Մյուս կողմից էլ այդ հարցերի շուրջ այն սահմանափակումները, որ կային Խորհրդային Միությունում՝ ավելի թաքուն եւ կեղտոտ վիճակի մեջ էին դնում այդ հարցը։ Այնպես որ, այստեղ ոսկե միջինը պետք է գտնել, բայց ամեն մի պետություն իր ոսկե միջինը պետք է ունենա՝ մենք դեռ չունենք։ Օրինակ, Ճապոնիայում կարելի է նկարել մերկ մարդ, բայց մարմնի մասեր կան, որ անպայման ծածկված պետք է լինեն։ Ինչ-որ մի բան կարելի է, ինչ-որ մի բան չի կարելի, Հայաստանում քանի այդ օրենքները չկան, երբեմն դա հասնում է այնպիսի անմակարդակ բարբարոսության, որ զարմանում ես ու չես իմանում՝ ինչ անել։ Մանավանդ ինձ համար այդ հարցը շատ սուր է, որովհետեւ 3 աղջիկ ունեմ։ Մենք միասին հեռուստացույց ենք նայում, ես ամոթից մեռնում եմ, երբեմն պետք է անջատես-փակես։
Էդվարդ Սանդոյան – 1. (ծանոթներիցս մեկը խորհուրդ էր տվել այս մասին հարցնել հատկապես պարոն Սանդոյանին – Լ. Մ.) Սեքսի մասին խոսակցություն պետք չէ սկսել, սեքսով պետք է զբաղվել։
2. Սեքսը իմ կյանքում համար 1 տեղն է գրավում, նպատակային։
– Ֆինանսների նախարար լինելը չի՞ խանգարում սեքսին։
– Խանգարում է։
– Դուք սեքսուալ քաղաքական գործիչների շարքում եք, ինչպե՞ս եք վերաբերվում այդ մտքին։
– Ես դա բացասական երեւույթ չեմ համարում, ես կարող եմ միայն պարծենալ, եթե նման կարծիք կա իմ մասին։
– Եվ ընտրության դեպքում ո՞րը կընտրեք՝ ֆինանսների նախարարի պաշտո՞նը, թե՞ սեքսուալ տղամարդ լինելը։
– Դրանք անհամատեղելի երեւույթներ են, չի կարելի ընտրություն կատարել սեքսի եւ աշխատանքի միջեւ, գործը եւ հաճույքը չի կարելի խառնել։
Վարդան Օսկանյան – 1. Դա այն հարցն է, որ այո-ոչ-ի, սեւ-ճերմակի չի, դա լուրջ խնդիր է։ Ես կարծում եմ, որ եթե ճիշտ մեթոդներով արվի, միգուցե՝ այո։ Պարզապես այն հարցը, որ պետք է բաց խոսել, թե չխոսել՝ դժվար է ասել. մինչեւ մեթոդիկան հստակեցվի։ Ընդհանրապես, ես իմ մոտեցումներով ավելի լիբերալ եմ։
Գագիկ Ստամբոլցյան – 1. Եթե այսօր չխոսենք սեքսի մասին, վաղը հաց էլ ունենանք ուտելու, ուտող չի լինի, այսինքն՝ եթե այսօր ժողովրդին չսովորեցնենք սեքսի կուլտուրան, վաղը, մյուս օրը այդ հացը ուտողը չի մնա։ 3 միլիոն ժողովուրդ ենք, իսկ մեզ մոտ սպիդը շատ արագ կարող է տարածվել։ Ես պատրաստ եմ յուրաքանչյուր երկխոսության եւ հրապարակման՝ թերթում։ Իսկ գործողություններ արդեն անում ենք եւ ծրագրեր ունենք դպրոցում, մի փոքր հակազդեցություն կա այստեղ։ Իհարկե, շատ մարդիկ գտնում են, որ դպրոցում երեւի թե ժամանակը չի այդ մասին խոսել, բայց երեւի թե բարձր դասարաններում՝ կարելի է։
Սարգիս Շահազիզյան – 1. Ճիշտն ասած դժվարանում եմ պատասխանել՝ 50×50։ Դեռ շուտ է, քանի որ կարող են տանել դեպի կոպիտ, ոչ քաղաքակիրթ խոսակցության, ժողովուրդը պատրաստ չի։ Մյուս 50%-ն էլ հակառակը, պատրաստ է եւ կարող է ամենը հասկանալ, մտածելով մոտենալ դրան, որովհետեւ նորմալ սեքսը նաեւ ապահովության եւ առողջության խնդիրներ է առաջ քաշում։
Դավիթ Զադոյան – 1. Ես գտնում եմ, որ հաց ունենք ուտելու, թե ոչ, անպայման պետք է խոսվի՝ սա անհրաժեշտություն է։ Ի վերջո, եթե պետք է այս մասին չխոսենք ու հիվանդանանք՝ հաց ունենանք՝ ուտենք էլ, չենք կարողանալու։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է, եւ որքան շատ, այնքան ճիշտ։ Որովհետեւ հաճախ մենք ինքներս մեզ վնասում ենք սեքսի մասին էլեմենտար գաղափար չունենալով։
Ֆելիքս Փիրումյան – 1. Կարելի է ասել, որ մոտ 10 տարի էլ ուշացել ենք, ես դա ասում եմ որպես շինարար եւ համոզված եմ ասում։ Միայն պետք է խնդրեմ, որ Դուք այդ էջը արագացնեք եւ մարդկանց համար ավելի հասկանալի տեսանկյունից ներկայացնեք։ Պետք է հասկանանք, որ այստեղ ոչ ամոթի խնդիր կա, ոչ էլ նեղվածության։ Պարզ պետք է ասենք եւ այդ 10 տարվա տատանման շրջանակը պետք է արագ անցնենք։
Արմեն Եղիազարյան – 1. Ինձ թվում է բաց սեքսով պետք է զբաղվել, ոչ թե խոսակցություն սկսել (երբ ծիծաղելով պրն Եղիազարյանին ասացի, որ արդեն նմանատիպ պատասխան ստացել եմ՝ ասաց. «հա, ենթադրում եմ Սանդոյան Էդիկը այդպես կպատասխաներ» – Լ. Մ.):
Ռուդիկ Ղուկասյան – «Առավոտի» առաջիկա համարի առաջնորդողում անմիջապես սեքսի մասին պետք է գրել, քանի որ «Առավոտ» կարդալուց միշտ զբաղվում ենք սեքսով։ Քանի որ Գեղարքունիքի մարզպետն եմ, ես կուզենայի, որ սեքսի մասին Ձեր թերթում շատ ու շատ գրվի։ Հիմա համոզվեցիք, որ, այնուամենայնիվ, մամուլը կարողանում է վեր հանել Հայաստանի համար կարեւորագույն հարցեր։ Այս պատասխաններից տպավորությունս այն է, որ նույնիսկ անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ Ազգային ժողովում եւ ընդունել օրենք սեքսի մասին։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ.Գ. Իշխանավորներից մեկը կես լուրջ – կես կատակ ասաց. «Որ մարդ առավոտվա 7-ից մինչեւ գիշերվա 2-ը աշխատի՝ էլ ինչ սեքսի մասին է խոսքը»։ Իսկ երբ առանց նրա անունը տալու այս մասին պատմեցի մեկ այլ իշխանավորի, ասաց. «Ըտենց ասողը, սեքսի հետ կապ չունի»։