Նահանջ՝ զենքով
Հայաստանը 170 պետությունների մեջ զարգացվածության աստիճանով 90 թ. զբաղեցրել է 47-րդ տեղը, 92 թ.՝ 92-րդ, 93 թ.՝ 100-րդ եւ 94 թ.՝ 103-րդ տեղը։ Այս մասին հայտարարվեց ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության գրասենյակում օգոստոսի 12-ին տեղի ունեցած «Մարդկային զարգացման զեկույց. Հայաստան-1997» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Գիրք հրատարակել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։
Ի՞նչ զեկույց է սա
Զեկույցը կազմել են ազգային փորձագետներ Գեւորգ Պողոսյանը, Սուրեն Զոլյանը, Տիգրան Սարգսյանը, Հրանուշ Խառատյանը, Էդվարդ Մելքոնյանը, Նատալյա Թովմասյանը, Վիկտորյա Տեր-Նիկողոսյանը։ Սա Հայաստանի մարդկային զարգացման երրորդ զեկույցն է, որը հիմնականում նվիրված է սոցիալական համագործակցությանը։ Գրքույկում, ի դեպ, տեղ են գտել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. Դարբինյանի եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչի շնորհավորական խոսքը։ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչը գրքի շնորհանդեսում էլ ելույթ ունեցավ՝ նշելով այն մեծ աշխատանքը, որը կատարել են ազգային փորձագետները։
Կարդացեք նաև
Հաշվետվությո՞ւն, թե՞ շնորհավորանք
Վարչապետի ելույթը նմանվեց ավելի շատ կառավարության հաշվետվության, քան շնորհավորանքի խոսքի։ Նա տեղեկացրեց, որ այս անկախության ժամանակահատվածում իշխանությունները որդեգրել են 3 կարեւորագույն սկզբունք՝ ժողովրդավարություն, տնտեսական ազատականացում եւ սոցիալական արդարություն։ Այնուհետեւ անդրադարձավ տնտեսական եւ դատական ոլորտներում իրականացված բարեփոխումներին։ Ա. Դարբինյանը հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստ է համագործակցության բոլոր քաղաքական եւ սոցիալական ուժերի հետ… Եվ միայն ելույթի վերջում իր շնորհավորանքը հայտնեց՝ ասելով. «Մենք մշտապես պատրաստ ենք համագործակցության նման զեկույցներ պատրաստելու գործում»։
«Չկա չարիք, առանց բարիքի»
Ազգային փորձագետ Գ. Պողոսյանը բարձր գնահատեց այս աշխատանքը եւ ասաց. «20 րոպեում դժվար է ներկայացնել այն աշխատանքը, որ կատարվել է 20 շաբաթում»։ Սակայն իր խոսքը տեղավորեց 10 րոպեում։ Նա ներկայացրեց այս գաղափարի ծագման պատմությունը, հրապարակեց վիճակագրական տվյալներ, ապա ներկայացրեց փորձագիտական մի գնահատական, ըստ որի Հայաստանին դրսից ցուցաբերված օգնությունը տարեկան կազմում է 400 մլն դոլար։ «Սա կազմում է երկրի տարեկան բյուջեն»,- ասաց նա։ Այնուհետեւ ավելացրեց, որ ծանր տարիներին Հայաստանից արտագաղթածների թիվը կազմում է շուրջ 700 հազար, որոնք օգնություն են ցուցաբերում իրենց ընտանիքներին, թեթեւացնելով պետության հոգսը։ Այդ իսկ առիթով, հարկ համարեց մեջբերել ժողովրդական ասացվածքը. «Չկա չարիք, առանց բարիքի»։
Վերջաբանի փոխարեն
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի միակ ցնցող միտքն այն է, որ սոցիալական համագործակցության ոլորտում քայլեր են արվում։ «Զեկույցը քայլ էր համագործակցության, եւ այն գրելուց հետո մտերմացանք իրար հետ»,- ասաց նա։
Ա. ԼԱՎՉՅԱՆ