Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռվում ապրող մարդիկ

Օգոստոս 12,1998 00:00
artagaxt

Հայերի նորագույն արտագաղթն առանձնացավ նաեւ իր աշխարհագրական ընդգրկմամբ՝ հանգրվանների ընտրությամբ բացահայտելով մարդկային կեցությունը պայմանավորող նախապայմանների շղթան։ Երկիրը լքած բազմաթիվ հայեր այլ վայրերի թվում ընտրեցին նաեւ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընկած Լեհաստանը, որն առանձնապես աչքի չէր ընկնում հայկական խոշոր գաղթօջախ լինելու հավակնությամբ կամ ընդհանրությունների առատությամբ։

Այսօր Լեհաստանում ապաստանած հայերի թիվը, համաձայն այդ երկրի պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 100 հազար մարդ։ Տեղեկագրերն էլ ավելի հետաքրքիր մանրամասներ էլ են փոխանցում նրանց մասին։

Այսպես, համաձայն Լեհաստանի ՆԳՆ հաղորդման, մինչեւ այս տարվա հունիսի վերջը Հայաստանի 396 քաղաքացիներ ստացել են մշտական բնակության թույլտվություն։ Իսկ աշխատանքի համալեհական վարչության տեղեկությունների համաձայն, 1997 թ. աշխատելու իրավունք էին ստացել 341 հայաստանցիներ, որոնցից 206-ը՝ ֆիրմաների տերեր ու համատերեր, 40-ը՝ փորձագետներ ու խորհրդատուներ, իսկ 8-ը՝ արվեստագետներ։ Այս տարվա առաջին եռամսյակում աշխատանքի վարչությունները 112 թույլտվություն են հատկացրել հայերին։ Շատ ավելի աննախանձելի է նրանց վիճակը, ովքեր այդ երկրի ՆԳ մարմիններին են դիմել փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հույսով։ 1992-97 թթ. 1379 դիմումներից բավարարվել են միայն 9-ը։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքականության խնդրին, ապա 1996 թ. սկզբից երկրի նախագահը լեհական քաղաքացիություն է շնորհել միայն մեկ հայաստանցու։ Ահա այսպիսին է վիճակագրական պատկերը, ուր թվերի լեզուն երբեք չի պատմի իրական ճակատագրերի մասին։

Օրինական եւ անօրեն

Որքան էլ իշխանությունները հակված են ընդունելու 100 հազարի ներկայությունը, բոլոր դեպքերում ՆԳ եւ Ադմինիստրացիայի նախարարությունը խոստովանում է, որ չգիտի անօրինական ճանապարհներով ներգաղթողների ճշգրիտ քանակը, «ինչը հետեւանք է իրենց անօրեն ներկայության»։ Իսկ ահա, պաշտոնական տվյալները միանգամայն այլ բան են ասում։ Այդ տեղեկությունների համաձայն, սահմանային ծառայությունները 1996 թվականին արձանագրել են 23388 հայերի օրինական ժամանում Լեհաստան, իսկ 1998 թվականին՝ 16256։ Այս տարվա ապրիլի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար մտցվեց մուտքի արտոնագրերի կարգ (ի դեպ, նկատենք, որ որքան էլ պաշտոնական Վարշավան գնաց նման քայլի, այնուհանդերձ՝ Երեւանում չբացեց դիվանագիտական ներկայացուցչություն)։

Լեհաստանի ՆԳՆ մեկնաբանությամբ, մուտքի արտոնագրերը գործողության մեջ դնելու պատճառներից մեկն էլ այն է, որ հայերի ներգաղթն «ավելի հաճախ ունի տնտեսական բնույթ՝ երկրում հաստատվելու արտահայտված միտումով եւ ստվերային տնտեսությանն ակտիվ մասնակցությամբ», ինչին գումարվում են երկրի սահմաններն անօրինական կերպով հատելու ավելի հաճախակի դարձած դեպքերը։ Այստեղ անհրաժեշտ է նկատել նաեւ, որ վերը նշված կարգը կիրառելուց հետո արձանագրվել է ներհոսքի աննախադեպ նվազում։ Այսպես, այս տարվա ապրիլին լեհական սահմանը օրինական կարգով հատել են Հայաստանի ընդամենը 124 քաղաքացիներ (որոնց կեսից ավելին՝ տարանցիկ), իսկ մայիսին՝ 184-ը (որից 85-ը՝ տարանցիկ)։

Աշխարհը մի մեծ շուկա է

Լեհական «Ռեչպոսպոլիտա» պարբերականի վերջին համարներից մեկում լրագրող Կեժի Խաշչինսկու «Արարատից հեռու» հոդվածն այսպիսի տողերով է սկսվում. «Վարշավայի ստադիոնում մարզական հագուստներով հայը գովում է «Էլեկտրական կիթառների» (լեհական ամենահայտնի ռոք- խումբը-Հ. Չ.) վերջին ալբոմը։ Նոփ-նոր, 10 զլոտիով։ Կողքին դրել է կոմպակտային ձայնասկավառակների առանց փաթեթավորման մի բարձր, փայլող բուրգ եւ բոլորի աչքի առաջ արկղիկների մեջ փաթեթավորում է դրանք՝ վարպետորեն պատրաստված պիտակների հետ մեկտեղ։ Կողքին նրա հայրենակիցների մի բազմություն նարդի է խաղում՝ միաժամանակ հետեւելով իրենց ապրանքին, իսկ քիչ հեռու մեկ այլ հայ խորոված է պատրաստում…»։

Խոստովանենք, որ հարազատ տեսարան է՝ անկախ աշխարհագրությունից։ Շուկաներն ու տոնավաճառները լեփ-լեցուն են մեր հայրենակիցների «ծովահենային» արտադրանքով՝ ձայնասկավառակներ, CD- ROM-եր, համակարգչային ծրագրեր եւ այլն, որոնք արտադրվում են Բուլղարիայում ու Բելառուսում։ Տեղի ոստիկանությունը խոստովանում է, որ հայ վաճառողների խմբերը լավ են կազմակերպված, եւ իրավապահների «արշավների» մասին նախապես տեղեկանում են մուտքերի առջեւ տեղադրված տեսախցիկներով։ «Եթե հանկարծ որոշենք այս գործով զբաղվող բոլոր հայերին կալանավորել, հարկ կլինի հաստատել օդային կամուրջ նրանց աքսորելու համար, քանի որ գրեթե յուրաքանչյուրն այստեղ անօրինականությամբ է գործում»,- խոստովանում են ոստիկանության պատասխանատուները։

Շարունակելի

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31