Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ – 2

Օգոստոս 12,1998 00:00
mayr ator

Ամիսներ աառջ, երբ առիթ ունեցա ներկայացնել Անահիտ Ֆերջուլյանի հայրական գերդաստանի պատմությունը, եւ այն, որ Անահիտ Ֆերջուլյանը դիմել է Մայր աթոռ սբ. Էջմիածին՝ 1915 թվականին եկեղեցուն պահ տված իր հայրական հարստությունը ետ ստանալու խնդրանքով, հույս էի հայտնել, թե Ամենայն հայոց եկեղեցին վեր կկանգնի մարդկանց հերթական անգամ խաբող բանկերի դերից եւ կվերադարձնի եղեռնից մազապուրծ գերդաստանի ունեցվածքը։ Ավաղ, հերթական անգամ սխալվեցի։

Ինչպես արդեն հայտնել էի, երեկ Էջմիածնի ժողդատարանում պետք է տեղի ունենար դատական նիստ, որը քննարկելու էր Անահիտ Ֆերջուլյանի հայցադիմումը։ Պատասխանող կողմ հանդես պիտի գար Մայր աթոռ սբ. Էջմիածինը։ Եկեղեցու ներկայացուցիչը կամ լիազորված անձը այդպես էլ չներկայացավ ժողդատարան եւ դատական նիստը չկայացած՝ հետաձգվեց։ Չկայացած դատական նիստի եւ հայցի մասին պարզաբանումներ անելու նպատակով դիմեցինք ժողդատավոր Հ. Սարգսյանին։ Վերջինս կտրուկ հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ եւ իր հրաժարումը պատճառաբանեց նրանով, որ գործը դեռեւս ընթացքի մեջ է եւ այս պահին դատավորն իրավունք չունի որեւէ խոսք ասել։

Պատասխանող կողմը՝ Ամենայն հայոց եկեղեցին, այդպես էլ չներկայացավ դատարան։ Հայցվորը, ժողդատավորը, փաստաբանը եւ ես՝ լրագրողս, երկու ժամից ավել սպասեցինք ապարդյուն։ Փորձեցի հենց Մայր աթոռ սբ. Էջմիածնում պարզել, թե ինչո՞ւ վերջինիս ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ դատարան։ Պահապանը լսելով ինձ, ասաց, թե նման հարցով հավանաբար պետք է դիմել Ներսես սրբազանին, սակայն վերջինս արդեն դուրս է եկել եկեղեցուց եւ այլեւս չի վերադառնա։ Դատական նիստը կկայանա օգոստոսի 18-ին Էջմիածնի ժողդատարանում։

Սրտի ցավով եմ անդրադառնում այս թեմային, քանի որ անկախ ամեն ինչից, ակնածանք ունեմ Հայոց եկեղեցու հանդեպ եւ չէի ցանկանա, որ նա հայտնվեր այս դերում։ Հավատի պահպանման համար հարկավոր չէ մոմ վառել, հարկավոր է հավատավոր լինել։ Ծանոթներիցս մեկը, որը մանրամասն հետեւում է վերոհիշյալ պատմությանը, մի առիթով քմծիծաղեց եւ ասաց, թե Ֆերջուլյանների պահ տրված հարստությունը միակը չէ եւ, անշուշտ, եկեղեցուն այլ գերդաստաններ եւ հայ մարդիկ եւս ի պահ տված հարստություն ունեն։ Եկեղեցին հավանաբար անհանգստանում է, մտածելով, որ եթե սրանց տա, մյուսներին ի՞նչ ասի։ Ծանո՞թ հարց է…

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Մինչ սպասում էինք պատասխանող կողմին, զրուցեցի հայցվոր Անահիտ Ֆերջուլյանի հետ։ Վերջինս ասաց, որ չի էլ պատկերացնում, թե ինչպիսին են իր ապուպապերի կրած զարդերը եւ շատ կուզեր գոնե մեկն ունենալ դրանցից եւ պահել ի հիշատակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31