«Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկի բացման շնորհանդեսի անցկացումը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատահական չէր։ Ռուսական դեսպանատունը բացահայտ շահագրգռվածություն է ցուցաբերում ռուսական բիզնեսի ակտիվացմամբ, որով դյուրացվում է հենց իր աշխատանքը։
«Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկը բաց բաժնետիրական ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը 1,1 միլիոն դոլար է։ Սկզբնապես «Ռոսիյսկի Կրեդիտը» որոշել էր այստեղ բացել իր մասնաճյուղը, սակայն Ռուսաստանի կենտրոնական բանկը հավանություն չի տվել նման որոշմանը, իսկ մյուս կողմից գործում են կապիտալի արտահանմանը խոչընդոտող բազմաթիվ գործոններ։ Այդ պատճառով այն ստեղծվել է իբրեւ Կիպրոսում գործող մասնաճյուղի դուստր ձեռնարկություն։ Մինչեւ տարեվերջ այդ կարգավիճակը կփոխվի, իսկ մասնաճյուղի կապիտալի ծավալը կկազմի 5 միլիոն դոլար։
«Երբ մենք Լիբանանում ցանկանում էինք մասնաճյուղ հիմնել, մեզ ասացին, որ ճիշտ է, այստեղ գործում են բանկային եւ ֆինանսական բավական լիբերալ օրենքներ, սակայն դուք չեք ունենա հաճախորդներ, որովհետեւ առկա է տարբեր մենթալիտետների խնդիր։ Մենք հրաժարվեցինք այդ գաղափարից։ Հայաստանում նման խնդիր գոյություն չունի, առկա է հայացքների եւ պատկերացումների լիակատար փոխըմբռնում։ Մենք դուրս ենք եկել հետխորհրդային նույն միջավայրից եւ ունենք նույն իդեալները»,- շնորհանդես-ասուլիսի ժամանակ ասաց բանկի նախագահ Վիտալի Մալկինը։
«Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկի գործադիր տնօրեն Արմեն Խոնդկարյանը ավելացրեց, որ իրենք պատրաստվում են 2-3 փոքր մասնաճյուղեր բացել Երեւանում, ինչպես նաեւ Գյումրիում։ Վիտալի Մալկինն արեց նաեւ մի սենսացիոն հայտարարություն. մտնելով դրամի փոխանցումների բանկային շուկա, իրենք մտադիր են 20 անգամ իջեցնել գանձվող տոկոսադրույքները։
Կարդացեք նաև
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ