Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ Ո՞Վ է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՈՐ ՄԵԶ ՁԵՌՔ ՄԵԿՆԻ»

Օգոստոս 12,1998 00:00
Sergey Badalyan

Պատասխանեց Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն «Առավոտի» հարցին, թե «նախ ՔԽ-ից դուրս եկաք, հիմա էլ Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովից եք դուրս գալիս. ինչո՞ւ եք հետ հրում այն ձեռքը, որ, ինչպես Վահան Հովհաննիսյանն էր ասել, մեկնվել է բարեկամաբար, համագործակցության առաջարկով»։

Կոմունիստները չեն ուզում Սահմանադրությունն այսպես փոփոխել

Հայկոմկուսի ղեկավարների երեկ հրավիրված ասուլիսում լրագրողներին բաժանվեց ՀԿԿ կենտկոմի բյուրոյի օգոստոսի 5-ի հայտարարությունը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցության վերաբերյալ։ Այստեղ, մասնավորապես, զարմանք էր արտահայտված այն իրողության վերաբերյալ, որ այդ հանձնաժողովը նախագահին կից է կազմավորվել. «Այսպիսի կարգը եւ հատկապես հանձնաժողովի կարգավիճակն ընդհանուր ոչինչ չունեն ժողովրդավարության հետ եւ էականորեն դուրս են գալիս գործող սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակներից»։

Վերջին պնդման հիմնավորումը հետեւյալն էր, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի։ «ՀՀ նախագահը ոչ միայն միանձնյա է որոշել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կարգավիճակը, այլեւ նրա անդամների առջեւ իր ելույթով, ըստ էության, կանխորոշել է նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունների բնույթը»,- հայտարարության այս դրույթներին հանձնաժողովում ՀԿԿ ներկայացուցիչ Ֆրունզե Խառատյանը հավելեց. «Մի բան արդեն խիստ որոշակի է, եթե նախագահին կից է հանձնաժողովը գործում՝ դրանից երբեք լավ պտուղ սպասել չի կարելի։ Արդեն էդ հանձնաժողովի թեւերը կապվեց մի տեսակ։ Եվ պատահական չէ, որ նախագահը մի քանի նիստը մեկ մասնակցում եւ իր մոտեցումներն է արտահայտում այս կամ այն երեւույթի նկատմամբ»։ Սակայն հաղորդագրություններից դատելով, Ռոբերտ Քոչարյանը միայն մեկ անգամ է մասնակցել այդ հանձնաժողովի նիստին։

Ինչեւէ, այս պայմաններում կոմունիստներն առայժմ նպատակահարմար չեն համարում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին. «Առավել եւս, որ նրա որոշումներն իրենց մակարդակով եւ բնույթով չեն համապատասխանում հասարակության օրեցօր հասունացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական պահանջներին»։ ՀԿԿ-ն անհրաժեշտ է համարում նոր հանձնաժողովի ստեղծումը։ Նաեւ նոր Սահմանադրության տարբերակ են մշակում։ «Իհարկե, միանգամից չենք նախատեսում սոցիալիզմի հիմքեր ամրագրող Սահմանադրություն, այլ պարզապես անցման շրջանին հատուկ Սահմանադրություն է»,- պարզաբանեց Ֆրունզե Խառատյանը, որն այդ տարբերակի հիմնական հեղինակն է։ Նախատեսում էինք ՀԿԿ հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություններ ստանալ սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանից, բայց պարզվեց, որ նա մի 10 օրով բացակայում է հանրապետությունից։

Բայց սա մեզ պե՞տք է

«Առավոտի» հարցին, թե նախագահին առընթեր այս էլ երկրորդ մարմնում ՀԿԿ մասնակցությունը դադարեցնելն արդյոք կուսակցությունը լուսանցքային (մարգինալ) վիճակի չի՞ հասցնի, Սերգեյ Բադալյանը մասնավորապես պատասխանեց. «Հայկոմկուսն այն քաշն ու դերն ունի այս երկրի ու ժողովրդի կյանքում, որ կարիքը չունի միջանկյալ օղակների միջոցով նախագահի կամ այլ բարձրաստիճանների հետ հաղորդակցվելու համար»։ Նաեւ նշեց, թե ԱԺ-ում գործել-չգործելով է պայմանավորված կուսակցության լուսանցքայնությունը. «Այնպես որ, մենք չենք համարում, թե քաղաքական խորհուրդ մտնելով ենք քաղաքական դաշտի մասնակից դառնում»։

Սա առիթ դարձավ, որ ՀԿԿ ղեկավարները եւս մեկ անգամ բարձրաձայնեն իրենց դիրքորոշումը ՔԽ-ի վերաբերյալ՝ այն «պատրանք» անվանելով։ «Ես իմ մտահոգությունն եմ ուզում հայտնել, որ սեմինարային մեթոդներով, հանձնաժողովների նիստերով պետություն կառավարել հնարավոր չէ։ Իսկ մենք արդեն քանի՜ այդպիսի սեմինարներ ենք տեսնում հեռուստատեսությամբ՝ տեղական ինքնակառավարում, մարդու իրավունքներ, արտաքին հարաբերություններ… Փաստորեն, ոչ միայն խորհրդարանին զուգահեռ կառույց են ուզում ստեղծել ՔԽ-ի տեսքով, այլ կառավարությանը զուգահեռ կառույցներ են ստեղծում»։

Ի դեպ, Վահան Հովհաննիսյանի առնչությամբ Սերգեյ Բադալյանը եւս մեկ անգամ զարմանք արտահայտեց, որ «կուսակցություններից մեկի ղեկավարը, որ անգամ ԱԺ-ում ներկայացված չէ, խորհրդական է դառնում կուսակցությունների գծով։ Դա էթիկային հակասում է, անընդունելի է»։

Ամեն ինչ շատ վատ է

Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ հանրապետության քաղաքական իրադրության հարցերին։ «Ցավոք սրտի, մեր սպասելիքներն իրականում ավելի վատ դուրս եկան։ Ոչ մի բարեփոխում մենք չենք տեսնում։ Կատարվում են մի շարք կոպիտ սխալներ, մեր տեսակետից, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտում։ Պետական շինարարության ոլորտում նույնպես չենք տեսնում կառուցողական քայլեր»,- նշեց Սերգեյ Բադալյանը։

Ավելի ուշ, «Հայոց աշխարհի» թղթակցի հորդորով նա մանրամասնեց, որ խոսքը մասնավորապես Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու նպատակով հավաքված 1 մլն ստորագրությունների մասին է. «Ցավոք սրտի, նոր նախագահի օրոք ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվում։ Ավելին, մենք լսել ենք հայտարարություններ, որ պրն նախագահի օրակարգում այդ հարցը չկա։ Մենք համարում ենք անընդունելի այդպիսի արհամարհական վերաբերմունքն այդ հսկա զանգվածի կողմից արտահայտված կամքի նկատմամբ։ Սա ընդունելի չէ, ոչ ոքի դա թույլատրելի չէ»։

«Առավոտի» խնդրանքով ներկայացնելով նախկիններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀԿԿ դիրքորոշումը, Սերգեյ Բադալյանն ասաց, որ բացառելով քաղաքական վրեժխնդրությունը՝ պարտադիր են համարում երկիրն այս վիճակին հասցնելու համար քրեական հանցագործություն կատարած բոլոր անձանց պատասխանատվության կանչելը. «Մենք էլ էինք դա խոսք տվել, եւ եթե պրն Քոչարյանին հաջողվի դա անել՝ մենք միայն կողջունենք»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31