Այն պահից ի վեր, երբ եվրոպական «Էյրբաս Ինդուստրի» ձեռնարկության արտադրած A-310-200 օդանավն առաջին անգամ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիսության ծնծղաների ներքո խլացան բոլոր դժգոհությունները եւ մոռացության տրվեցին չպարզված հարցերը։ Մինչդեռ շատ բան այդպես էլ չասվեց ու չմեկնաբանվեց։ Այնպես որ, փոքր-ինչ ուշացմամբ, բայցեւայնպես արժե անդրադառնալ այդ հարցերից մի քանիսին։
«Հայկական ավիաուղիները» երկար ժամանակ ջանքեր էր գործադրում վարձակալելու համանման մի ինքնաթիռ՝ «Էյրբաս» կամ «Բոյինգ»։ Բայց դժվարությունը նախեւառաջ պայմանավորված էր, այսպես կոչված, երաշխավորագնով։ Հայտնի է նաեւ, որ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ օդանավի համար այդ գինը պահանջվելու էր կամ Հայաստանի Կենտրոնական բանկից եւ կամ ուղղակի կառավարությունից։ Երկու դեպքում էլ պահանջը ուժից վեր էր, քանի որ երաշխավորագինը կազմելու էր մի քանի միլիոն դոլար։ Այդ դեպքում ինչպե՞ս հանկարծ գործարքն իրականացավ։ Մի՞թե գտնվեցին ազատ միջոցներ։ Այս հարցերի պատասխանները առավել քան անսպասելի են։
Հավաստի աղբյուրների համաձայն, «Բոյինգի» եւ «Էյրբասի» հետ մի քանի տարի ձգձգվող բանակցություններից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարչապետ էր, հանդիպեց Ֆրանսիայի վարչապետ Լ. Ժոսպենի հետ։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ խոսք բացվեց ինքնաթիռներ ձեռք բերելու մասին, եւ Քոչարյանն առաջարկեց վերացնել դրամական երաշխիքի պայմանը։ Առաջարկն ընդունվեց, բայց միայն «Էյրբասի» համար։ «Բոյինգը» որեւէ կերպ չհամաձայնեց գնալ նման զոհողության։ Հայկական կողմն այսօր, ոգեւորված կատարվածով, մտմտում է ոչ հեռու ապագայում եւս 1-2 A-310-200 տիպի օդանավ ունենալու տարբերակի շուրջ։
Ի դեպ, «Արարատ» անունով մկրտված այս օդանավի կենսագրության մի քանի մանրամասների մասին։ Թեեւ ինքնաթիռը Երեւան ուղեւորվեց Գերմանիայի Բրեմեն քաղաքից, իրականում եղել էր Քուվեյթի ինքնաթիռ։ Սակայն Իրաքի պատերազմի շրջանում չէր գործածվել, ինչը հույսեր է ներշնչում, որ իր տարիքի համեմատ լավ է պահպանվել։ Այժմ ինքնաթիռը թռչում է դեպի եվրոպական մայրաքաղաքներ, եւ լուրջ մտադրություն կա հատկապես այս ամիս Փարիզի չվերթերը դարձնել շաբաթը 2 անգամ։
Կարդացեք նաև
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ