Բաց նամակ բնապահպանության նախարար պրն Սարգիս Շահազիզյանին
Նախորդ համարում գրված էր ՀՀ բնության պետնախարարությունում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտման մասին։ Համակարգի 18-ամյա աշխատակցին ապօրինի ազատել են աշխատանքից, դատարանը վերականգնել է նրան, սակայն 2 ամսից ավելի է՝ նախարարությունն անտեսում է դատարանի վճիռը։ Ինչո՞ւ է քաղաքացին հուսահատ դիմում, գանգատվում, ինչո՞ւ է նա բազմիցս անհաջող փորձել Ձեր ընդունելությանը արժանանալ (իր իրավունքն է), ստիպված յուրացրել է Ձեր ընդունարանը գրոհելու տեխնիկան եւ մարտավարությունը։ Բայց բարիկադային անզիջում պայքարում տանուլ է տվել։
Անարդարության եւ ապօրինության մասին հոգում կուտակվածը ստիպված թղթերին է հանձնել, այդ բազում թղթերից ինձ էլ բաժին հանելով։ Չմոռանալով, նաեւ, երկրի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Մեղադրելի չէ. մարդը հույսը կորցրել է՝ աշխատանքի հետ միասին։ Կորցրել է նախարարության մեղքով՝ օրենքի ուժ ստացած վճիռը ամիսներ շարունակ նախարարությունում գալվանիզացիայի է ենթարկվել։
Մի՞թե սխալ կլիներ, եթե ընդունեիք 18 տարի համակարգին ծառայած աշխատողին (դա նաեւ Ձեր պարտքն է), լսեիք նրան։ Եթե գտնում էիք, որ նրան փոխարինողին չարժե նեղացնել, գուցեեւ նախարարական բարձունքից համոզեիք, այլընտրանքային որեւէ տարբերակ առաջարկեիք, որպեսզի նա բացահայտ ապօրինության, մարդու իրավունքների ոտնահարման մասին չդիմեր վերադասին, միջազգային ատյաններին։ Դուք Ձեր պարտականությունը չեք կատարել։ Ինչո՞ւ եք համոզված, որ նախարարը պատգամավորի նման անձեռնմխելիության իրավունք ունի…
Կարդացեք նաև
Հիմա, բնական է, հրապարակումից հետո, կհետաքրքրվեք այս գործով։ Որպեսզի նյութերին ծանոթանալու վրա Ձեր ժամանակը տնտեսեմ, հակիրճ շարադրեմ վեճի էությունը. ամեն ինչ սկսվեց Ձեր այս տարվա թիվ 1 հրամանից (ծնվեց նախարարության տարածքում, բայց դրա տխուր արձագանքները հասան նաեւ Ժնեւում, Փարիզում, … գտնվող միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին)։ Հրամանի բովանդակությունը պարզից էլ պարզ է՝ «բնապահպանական տեսչական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպման նպատակով հունվարի 1-ից (հրամանը ստորագրված է… Հունվարի 5-ից -Պ. Ս.) լուծարել» բոլոր 11 տարածքային պետական տեսչությունները։ Կարծես թե, օգտակար հրաման է։ Այն հիմնավորող-արդարացնող տեսական հիմքեր միշտ էլ կարելի է գտնել՝ տեղական տեսչությունները սերտաճել են…, տեղացի տեսուչները տեղական ազդեցությունների տակ են ընկել, բարեկամական-հարազատական կապերը…, ապարատը բյուրոկրատացել է, ուռճացել…, դրամաշորթություն…
Երբ ընթերցում եմ Ձեր հրամանը, օրենքի նկատմամբ բարձրագույն հարգանքի տպավորությունից սիրտս ուռչում է մինչեւ կրիտիկական պահ. ո՞ր օրինապաշտը չի հպարտանա Ձեր հրամանի 5-րդ կետով՝ «Լուծարման գործընթացը իրականացնել, խստորեն պահպանելով ՀՀ օրենքների պահանջները»։ Այսինքն՝ մենք անկախ երկիր ենք եւ, օրինակ, Լոռիի տեսչությունը լուծարելիս Սիրիայի կամ Եթովպիայի օրենքներով, պատահաբար, չղեկավարվենք։ Եվ ամենակարեւորը, ոչ թե հենց այնպես պահպանել օրենքը, այլ միմիայն ԽՍՏՈՐԵՆ։ Բայց այդ ուրախությունը մի փոքր խամրում է ձեւակերպման մի քանի «կնճիռների» լույսի տակ։
Մասնավորապես, ինչո՞ւ ԽՍՏՈՐԵՆ, մնացած դեպքերում կարելի՞ է նաեւ ՈՉ ԽՍՏՈՐԵՆ պահպանել օրենքները եւ այն էլ՝ ՀՀ։ Այսինքն ընտրովի՞ է օրենքի խստորեն պահպանումը… Հրամանում տեղ գտած այս (եւ մյուս) կնճիռնե՞րն էին պատճառը, թե՞ հրամանի չար աչքի աուրայում գտնվելը, հրամանի վրա Ձեր ստորագրության թանաքը չորանալուն զուգընթաց ճեղքեր առաջացան։ Նախարարության աշխատակազմի ղեկավարը ուղղում է մտցնում Ձեր հրամանի մեջ՝ «Հրամանի 3-2րդ կետում տեխնիկական պատճառներով բաց է թողնվել 3-3 կետը»։
Հընթացս ասենք, որ, նախ, անհասկանալի է «տեխնիկական պատճառներ»-ը. մեքենագրուհին կարող էր բառեր, նախադասություններ բաց թողնել։ Բայց հրամանի տեքստի նախագիծը մեքենագրվելուց հետո նախքան Ձեր ստորագրության արժանացնելը չե՞ն ստուգել մեքենագիր տեքստը, եւ ինչու են համոզված եղել, որ դուք կստորագրեք առանց կարդալու։ Թե՞ մեքենագրուհին անձամբ է մեքենագիր տեքստը ներկայացնում Ձեզ։ Երկրորդ, «ուղղում» նշանակում է ինչ-որ թիվ, բառ ուղղել։ Բայց տվյալ դեպքում ոչ թե «ինչ-որ բան» է ուղղվել, այլ ավելացվել է բովանդակալից պարբերություն։
Մի՞թե աշխատակազմի ղեկավարը իրավասու է ուղղումներ, լրացումներ մտցնել Ձեր ստորագրած եւ այդ մակարդակով իրավական ուժ ստացած փաստաթղթի մեջ։ Ինչեւէ… Ձեր հրամանի բովանդակության հստակությունը այլ մեկնաբանությունների տեղիք չի տալիս՝ տեղական տեսչական մարմինները ՎԵՐԱՑՎՈՒՄ են, եւ այդ աշխատանքները կենտրոնացվում են նախարարությունում։ Այդ պնդումը ելնում է հրամանի բովանդակությունից՝ փակել լուծարվող տեսչությունների հաշիվները, հաշիվներում առկա դրամական միջոցները փոխանցել, գույքը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել հանրապետական պետական տեսչությանը։ Ի կատարումն Ձեր հրամանի փետրվարի 11-ին հանրապետական պետական տեսչության պետ Ալֆրեդ Կզարթմյանը արձակել է իր հրամանը՝ «Լոռիի տարածքային պետական տեսչության պետ Սարվան Քառյանին փետրվարի 4-ից ազատել զբաղեցրած պաշտոնից տեսչության լիկվադացման պատճառով (բառացի է արտագրված – Պ. Ս.)։
Այս հերթական տեխնիկական սխալը (որոնցով առատ են նախարարության փաստաթղթերը) չէր լինի, եթե «լիկվիդացիայի» փոխարեն օգտագործվեր օրենքի տերմինը՝ «վերացում»:
Մեջբերած ընդամենը երեք տողում միանգամից ծնվում են մի շարք սկզբունքային հարցեր. հրամանն արձակվել է փետրվարի 11-ին, իսկ Քառյանը աշխատանքից ազատված է համարվել… 7 օր առաջ՝ փետրվարի 4-ից։ Ո՞վ է վճարելու այդ յոթ օրվա համար։ Երկրորդ, օրենքը պարտավորեցնում է աշխատանքից ազատելիս նշել աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, հոդվածի կետը, որով ղեկավարվել են։ Չկա…։ Եթե «լիկվիդացվում» է տեսչության պետը, այդ հրամանով պետք է «լիկվիդացվեին» նաեւ տեսչության մյուս 14 աշխատողները, բայց…
Շարունակելի
ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ
Պրոֆեսոր, «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան միության նախագահ