Երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն անորոշ ժամանակով հետաձգեց իր պաշտոնական այցը Հայաստան, իսկույն ծնվեցին զանազան ենթադրություններ, թեեւ դրդապատճառներից մեկի մասին, այնուամենայնիվ, հրապարակվեց։ Համաձայն դրա, այցը պաշտոնապես հայտարարված չի եղել, ուրեմն եւ անիմաստ է խոսել պայմանավորվածությունների խախտման շարժառիթների մասին։
Սակայն այս մեկնաբանությունը բավարար չէր թեկուզ այն պարզ պատճառով, որ հանրապետության առաջին դեմքերը ոչ միայն անթաքույց ոգեւորությամբ էին նախապատրաստվում Ֆրանսիայի նախագահի հյուրընկալմանը, այլեւ արտաքին գերատեսչությունում մանրակրկիտ աշխատանքներ էին տարվել արարողակարգի, պատվիրակությունների կազմի, այցելության ծրագրի շուրջ։ Այդ պայմաններում շրջանառության դրվեց մեկ այլ տարբերակ, համաձայն որի, այցի հետաձգման բուն պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին Թուրքիայի հակազդեցությունն էր, եւ Շիրակը հարկադրված է սպասել, մինչեւ որ կրքերը հանդարտվեն։
Այսօր հայ դիվանագետները հակված են մերժել նշված տարբերակները՝ չկայացած հանդիպմանը վերագրելով միանգամայն այլ նրբերանգներ, որոնք առավել տրամաբանական են եւ իրականությանը մոտ։ Բացահայտման պես հնչեց ասույթը, թե խոշոր տերությունների առաջին դեմքերը հավատարիմ են մի գործելակերպի, ըստ որի յուրաքանչյուր պաշտոնական ուղեւորությունից անհրաժեշտ է վերադառնալ որոշակի արդյունքներով։ Եվ եթե ֆրանսիական կողմը անհրաժեշտ է համարում որոշ ժամանակով հետաձգել մեկնումը, սա արդեն նշանակում է, որ Շիրակն այս հանդիպումից լուրջ ակնկալիքներ չի ունեցել։ Տվյալ դեպքում խոսքն առաջին հերթին վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Հայաստանի նոր դիրքորոշումը եւ Ֆրանսիայի ԵԱՀԿ եռանախագահության անդամ լինելու հանգամանքը ներկա պահին պարտավորեցնող են։ Բայց լուրջ տեղաշարժերի բացակայությունը հիմքեր չի տալիս եթե ոչ շրջադարձային, ապա գոնե որոշիչ քայլեր ձեռնարկելու համար։
Բոլոր դեպքերում, կարելի՞ է մոտ ժամանակներս ակնկալել Ժակ Շիրակի ժամանումը Երեւան։ Այս հարցի պատասխանը պայմանավորող մի քանի հանգամանքներ են նշվում, որոնց թվում եւ աշնանը կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունները։ Այլ խոսքով, Ժ.Շիրակի այցին կարելի է սպասել նոյեմբերից ոչ շուտ։
Կարդացեք նաև
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ