Հայաստանի Ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը, որը ՀԺԿ-ում Կարեն Դեմիրճյանից հետո երկրորդ ղեկավար գործիչն է, «Սնարք» գործակալության թղթակցի այն հարցին, թե ինքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը, պատասխանեց. «Ողբերգության իրական պատկերը պետք է պարզի հետաքննությունը։ Միայն հետաքննության արդյունքով հնարավոր կլինի կատարվածին տալ իրավաբանական գնահատական, բացահայտել կրակողի ով լինելը։ Սակայն ով էլ լինի կրակողը, պարզ է մի բան. սպանության կամ սպանությունների խորքային պատճառը հանրապետությունում տիրող ամենաթողության, օրինազանցությունների, սանձարձակ ուժի պաշտամունքի մթնոլորտն է։
Անպաշտպան եւ դժբախտ են այն երկրի քաղաքացիները, որի առաջնորդներն առնականության ցուցանիշ են համարում հայրենակիցների նկատմամբ բիրտ ուժի գործադրումը։ Հենրիկ Խաչատրյանի ողբերգական վախճանը այդ ճշմարտության եւս մեկ ապացույցն է։ Գլխավոր դատախազի գործունեությունը խոչընդոտում էր այսպես կոչված «հին» եւ «նոր» իշխանությունների փոխհամաձայնությանը։ Վաղ թե ուշ Հենրիկ Խաչատրյանը դատապարտված էր դառնալու նրանց միջեւ կայացած քաղաքական գործարքի զոհը։ Այս հանգամանքը,- ինչպես ընդգծեց Հմայակ Հովհաննիսյանը,- քաղաքական առումով շատ ավելի էական է, քան այն, թե ով եւ քանի անգամ է սեղմել ատրճանակի հրահանը գլխավոր դատախազի ընդունարանում»։