Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 11,1998 00:00
Vladimir Nazaryan

ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ Վլադիմիր Նազարյանի հետ օգոստոսի 8-ի համարում հրապարակած հարցազրույցի թեման գլխավոր դատախազի սպանությունն էր, եւ այդ իսկ պատճառով էին դուրս թողնվել զրույցի այլ հատվածներ, որոնք, կարծում ենք, ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում։

Դմիտրի Ադբաշյանի մասին

«ՀՀՇ-ի տղերքը պատմում էին, որ Խոսրովն ասել է, թե ինքնաթիռները, տրամվի պես լցված էին, իջնում էին, գալիս ապրանքները… Հա՛, բայց դրա առաջ կարո՞ղ էր ինտիլիգենտ, թեկուզ խոշոր ավիատոր մասնագետ Ադբաշյանն առներ։ Փարաքարի մաֆիայի դեմ համապատասխան մաֆիա պիտի դնեիր։ Եվ այդ տեսակետից ես Շահեն Պետրոսյանին նշանակելը շատ ճիշտ եմ համարում, բայց պայմանով, եթե Ադբաշյանին նրան տեղակալ թողնեին կամ գլխավոր մասնագետ, որ մասնագիտական հարցերով զբաղվեր։ Բայց ո՞նց կարելի է Ադբաշյանից պահանջել, որ այդ ժամանակ պիտի կանգներ Փարաքարի ավտոմատավոր խուլիգանների դեմ։

Հլը Խոսրովը թող գնար, ինքը կկարողանա՞ր։ Այնտեղ կարող էր լինել միայն ՀՀՇ-ից մեկը։ Իրենց ձեռքին էր ամբողջը՝ ՆԳՆ, ԱԱՆ։ Այդպիսի մեկը պիտի լիներ, որի մեջքը պինդ է, որ վախենային այդ ավազակները, թե չէ, Ադբաշյանն ո՞վ էր, որ նրանից վախենային»։

Վանո Սիրադեղյանի մասին

«Բացատրություններ հետին թվով չես կարող տալ։ Ասենք, հիմա Վանոյին քննադատում են, չէ՞։ Ես էլ եմ քննադատում։ Բա՛յց։ Որ ես հիշում եմ, թե ի՜նչ էր կատարվում մեր քաղաքում, երբ աղջկաս չէի կարողանում երեկոյան դուրս թողնել… Բա որ Վանոն ապօրինի մեթոդներո՜վ, մարդկանց քացու տակ գցելո՜վ, ջարդելո՜վ, կրակելո՜վ… Բայց որ հնարավորություն տվեց, որ իմ աղջիկը կարողանա երեկոյան դուրս գալ, ընկերուհու տուն գնալ, դա հաստա՛տ։ Ու ես չգիտեմ, եթե մենք ժողովրդավարական, Հոլանդիայի մեթոդներով գործեինք՝ արդյոք կարո՞ղ էինք այդ «շպանային» տականքներին մաքրել։ Երեկոյան մեկ էլ մեր թաղում կրակում էին մարդիկ, «Կազիրյոկ» պաղպաղակ ուտելու էին գալիս, ավտոմատը դնում էին կողքը։

Հա՛, մարդը չգիտեմ ինչ մեթոդներով, որոնք ես չեմ կիսում՝ կարգուկանոն հաստատեց։ Հիմա հետահայաց կամ ռետրո ակտիվ կարելի է մարգարե էլ լինել, իմաստուն էլ դառնալ, ասել. «Բա ինչպե՞ս կարելի էր»։ Բայց երբ որ քո առջեւ խնդիր է դրված, որ քաղաքում չպիտի կրակեն, որ մարդիկ պիտի կարողանան դուրս գալ, դու էլ մասնագետ չես (Վանոյի դեպքում), բայց քո իմացած, այսպես ասած, գեղացու մեթոդներով համենայնդեպս ինչ-որ բանի ես հասնում, ու չեն կրակում՝ դա պիտի հիշվի»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31