Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաբժշկական կենտրոնի մասնագետները դեռեւս եզրակացություն չեն ներկայացրել

Օգոստոս 11,1998 00:00
spanutyun

Վերջապես ՀՀ դատախազությունը սկսեց մանրամասներ ներկայացնել։ Ներկայացված է հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանի աշխատանքային վերջին օրը։ Սակայն որոշ հակասություններ կան դատախազության ե՛ւ օգոստոսի 7-ին տարածած հաղորդագրության հետ համեմատած, ե՛ւ այս հաղորդագրության մեջ։

Նախ՝ օգոստոսի 7-ին նշվում էր, որ Ա. Կարապետյանը «ատրճանակի 4 կրակոցով սպանել է նրան (հանրապետության դատախազին- խմբ.)։ Այնուհետեւ նույն ատրճանակով կատարել է ինքնասպանություն»։ Այսինքն՝ եղել է առնվազն հինգ կրակոց։ Օգոստոսի 10-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ գլխավոր դատախազի օգնականը լսել է երեք կրակոց եւ «վայրկյանների ընթացքում վազել եւ կանչել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանին»։ Կարծում ենք՝ «վայրկյանների ընթացքում» ժամանակահատվածը բավարար չէ, որ օգնականը վազելով այնքան հեռանար, որ չլսեր մյուս երկու կրակոցները։

Օգոստոսի 10-ի հաղորդագրության 7-րդ կետում նշված է. աշխատասենյակ է մտել քննչական մասի պետը, իսկ աշխատասենյակից նրա դուրս գալու մասին որեւէ նշում չկա։ Նույն հաղորդագրության 13 կետում գրված է, որ «աշխատասենյակ կրկին մտել է Արամ Կարապետյանը՝ իրեն աշխատանքից ազատելու դիմումով»։ Նախորդ հաղոդագրության մեջ գրված էր. «Արամ Կարապետյանի գրպանում հայտնաբերվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում՝ ս/թ օգոստոսի 10-ից իր զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»։ Դժվար է պատկերացնել, որ աշխատանքից ազատվելու դիմումը ղեկավարին ներկայացնելուց առաջ կարելի է դնել գրպանը։ Հաղորդագրությունների մեջ ոչ մի խոսք չկա դիակների հրազենային վնասվածքների բնույթի մասին, իսկ սա կարեւոր է, որովհետեւ անընդհատ խոսվում է տարբեր քանակի կրակոցների մասին։

Մամուլի միջոցով տարածված պաշտոնական ու ոչ պաշտոնական բոլոր վարկածներով հանրապետության դատախազի սպանությունը հեշտ բացատրվող քրեական գործ է։ Այնուամենայնիվ, որոշ հարցականներ մնում են։ Ցանկացած սպանությունից հետո անց է կացվում դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժիշկների կողմից հնարավորին չափով ճշգրիտ նկարագրվում են սպանության մանրամասները։ Հանրապետության դատախազի եւ նրա աշխատասենյակում հայտնաբերված Ա. Կարապետյանի դիակները զննվել են դատաբժշկական փորձագիտության հանրապետական կենտրոնում։

Մեզ հաջողվեց պարզել, որ իրենց աշխատակարգի համաձայն՝ փորձագետների անունները չեն հրապարակվում։ Մինչեւ քրեական գործի ավարտը չի հրապարակվում նաեւ փորձաքննության որեւէ մանրամասն։ Նման տեղեկատվության տարածման համար քրեական պատիժ է սահմանված օրենսգրքի առնվազն երեք հոդվածով։ Փորձաքննությունը «պատվիրվում» է գործը վարող դատախազի կողմից։ Վերջինս էլ որոշում է, թե ինչ ներկայացուցչական կազմ է անհրաժեշտ եզրակացություն ներկայացնելու համար։ Տվյալ գործի փորձաքննության ընթացքում դիազննումը կատարվել է բացառապես կենտրոնի մասնագետների կողմից, ուրիշ հիմնարկություններից մասնագետներ չեն հրավիրվել։ Դիակները դատաբժշկական կենտրոն տեղափոխվել են սպանությունից երկու ժամ հետո։ Մասնագիտական հանձնաժողովն առայժմ վերջնական եզրակացություն չի ներկայացրել։

Այն, ըստ մեր տեղեկությունների, կկազմվի մոտ մեկ ամսվա ընթացքում եւ կներկայացվի դատախազություն։ Այնպես որ, այդ ընթացքում կատարված դեպքի մանրամասների միակ աղբյուր մնում է հանրապետության դատախազությունը։ Իսկ այս օղակում միշտ էլ բարդ է ինֆորմացիա ստանալ։ Դատախազության հասարակության հետ կապերի կենտրոնից «Առավոտին» տեղեկացրին, որ մամուլին հաղորդելու ոչինչ չունեն։ Մնում է ավելացնել, որ դատափորձագիտական կենտրոնը, որը Երեւանում գործում է 1920 թվականից, մասնագիտական առումով լուրջ հեղինակություն ունի ԱՊՀ երկրներում, թեեւ այստեղ տեխնիկական վերազինում վաղուց չի կատարվել։ Եղած սարքավորումները ժամանակակից քրեագիտության պահանջներին չեն բավարարում։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31