Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Օգոստոս 11,1998 00:00
Henrik Xachatryan

ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալները՝ դեպքի օրվա ժամանակագրական որոշ մանրամասների վերաբերյալ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ժամը 19.30-ին ԱՐՄԵՆՊՐԵՍԸ ստացել էր ՀՀ դատախազության հետեւյալ հաղորդագրությունը.

«1. Դեպքի օրը ՀՀ Գլխավոր դատախազ Հ.Մ.Խաչատրյանը տնից դուրս է եկել եւ աշխատանքի է ներկայացել ժամը 8.45-ին:

2. Աշխատասենյակում մնացել է մինչեւ 10.45-ի սահմանները, որից հետո թիկնապահների ուղեկցությամբ գնացել է ՀՀ կառավարություն եւ մասնակցել նիստին:

3. Թույլտվություն խնդրելով, ժամը 15-ի սահմաններում դուրս է եկել ՀՀ կառավարության նիստից եւ գնացել է տուն՝ ընդմիջման:

4. Ժամը 15.15-ի սահմաններում զանգահարել է ՀՀ դատախազության ընդունարան՝ օգնական Աղասի Չիթչյանին եւ հայտնել, որ ընդմիջման է՝ շուտով կվերադառնա:

5. Ժամը 15.35-ի սահմաններում տնից դուրս է եկել եւ ժամը 15.45-ի սահմաններում մտել է ՀՀ դատախազության շենք:

6. Ժամը 15.50-ի սահմաններում ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել կադրերի բաժնի պետ Ռ.Գ. Արշակյանը եւ ներսում մնացել մինչեւ 16.00-ի սահմանները:

7. Ժամը 16.05-ի սահմաններում ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել քննչական մասի պետ Ա.Գ.Հովսեփյանը:

8. Այնուհետեւ, ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել գրասենյակի պետ Ժ.Գ.Աղայանը եւ այնտեղ մնացել մինչեւ 16.40-ի սահմանները:

9. Ժամը 16.30-ի սահմաններում հանգստի սենյակ է մտել դատախազության աշխատակցուհի Աիդա Շահբազյանը: Նա սուրճ է պատրաստել եւ իր մոտ եղած բանալիներով փակել է հանգստի սենյակի, ինչպես նաեւ կոլեգիայի սենյակի դռներն ու դուրս է եկել: Նրա ցուցմունքի համաձայն, երբ ներս է մտել, տեսել է, որ գրասենյակի պետ Ժ.Աղայանը օրվա փոստն է զեկուցում:

10. Ժամը 16.40-ի սահմաններում ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել ՀՀ դատախազության դատավճիռների եւ որոշումների օրինականության վերահսկող բաժնի դատախազ Արամ Կարապետյանը եւ այնտեղ մնացել մինչեւ 16.45-ի սահմանները:

11. Ժամը 16.45-ի սահմաններում Գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել դատավճիռների եւ որոշումների օրինականության վերահսկող բաժնի պետ Ա.Գ.Աշրաֆյանը եւ այնտեղ է մնացել մինչեւ 16.48-ի սահմանները:

12. Ժամը 16.48-ի սահմաններում ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ժ.Հ.Խառատյանը եւ դուրս է եկել 16.50-ի սահմաններում:

13. Ժամը 16.50-ի սահմաններում ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ կրկին մտել է Արամ Կարապետյանը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին դիմումով:

14. ՀՀ Գլխավոր դատախազի օգնական Ա.Չիթչյանը -ժամը 16.53-ի սահմաններում լսել է 3 կրակոցի ձայն, իսկույն ընդունարանից դուրս է եկել, վայրկյանների ընթացքում վազել եւ կանչել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ժ.Խառատյանին: Վերջինս, թիկնապահների հետ, անմիջապես մտել է ՀՀ Գլխավոր դատախազի աշխատասենյակ եւ հատակին տեսել ՀՀ Գլխավոր դատախազ Հ.Խաչատրյանի եւ բաժնի դատախազ Ա.Կարապետյանի դիակները՝ հրազենային վնասվածքներով:

Վաղը՝ ս.թ. օգոստոսի 11-ին, գործի նախաքննության արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կտրվեն հեռուստաեթերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31