Չէ՛, ինչ ուզում եք, ասեք, այս հանրապետությունում դանդաղ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան կատարվում է։ Մեր իշխանավորները մի տեսակ շա՜տ ուշադիր են դարձել մամուլի նկատմամբ։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էի արձանագրել 4-րդ իշխանության կայացման եւ նրա նկատմամբ առաջին 3 իշխանությունների ցուցաբերած մեծ ուշադրության մասին, եւ ահա չուշացավ հերթական փաստը։ Եթե ասեմ՝ կառավարությունն է զգուշավոր, ապա ի՞նչ անուն տամ նախագահի վերաբերմունքին, կամ հո չե՞մ մտածելու թե այս տարվանից ոմանք արդեն սկսել են Ազգային ժողովի մոտեցող ընտրությունների ծածուկ քարոզարշավը։ Բայց մի բան հաստատ գիտեմ. զբոսաշրջիկները լրագրող չդարձան, լրագրողներս դարձանք զբոսաշրջիկ։
Երեւան. Դեմիրճյան փողոց, ժամը 7։50
Արթնացող Երեւանի հետ հեւիհեւ, քնատ ու վազքով, հասարակական տրանսպորտի շնորհիվ հավաքվեցին զանգվածային որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միաժամանակ սեւ, նաեւ սպիտակ «Վոլգաներով» հասան հանրապետության որոշ նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ պատասխանատու աշխատակիցներ ու պատգամավորներ։ ԱԺ-ի մուտքի մոտ 2 մեքենա էր սպասում. 1-ին մեքենայում (արտասահմանյան արտադրության «Միցուբիշի» մակնիշի) տեղավորվեցին վերը նշածս պաշտոնատար անձինք, իսկ 2-րդ մեքենայում (նախկին ԽՍՀՄ արտադրության «ՌԱՖ» մակնիշի)՝ լրագրողներս։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ մեկնում էինք Գեղարքունիք։ Երբ մեքենաները շարժվեցին՝ ապշեցի. մի՞թե մոռացել էինք օրվա հերոսին։ Գործընկերներս անհանգստությունս փարատեցին՝ տեղեկացնելով, որ պրն Հարությունյանն իր մեքենայով մեզ ընթացքում կմիանա։ Այդպես էլ եղավ։ Նախօրոք պայմանավորվածության համաձայն, Ազգային ժողովի նախագահին եւ շարասյանը Գեղարքունիքի սահմանագլխին դիմավորեցին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը եւ մարզի այլ ղեկավարներ։ Խոսրով Հարությունյանը համտեսեց մատուցած աղ ու հացից, եւ շարասյունը մեծ արագությամբ շարունակեց սլանալ դեպի մարզկենտրոն՝ Գավառ։
Կարդացեք նաև
Հանդիպում մարզպետարանում
Մինչեւ մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպումը՝ մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը մոտ 15 րոպեանոց կարճատեւ ընդունելություն կազմակերպեց։ Այդ պատվին մեզ՝ լրագրողներիս, չարժանացրին։ Ընդունելությունն իսկապես կարճատեւ էր, քանի որ «խեղճ» քարտուղարուհիները չհասցրին անգամ բոլորին սուրճ հյուրասիրել, երբ 2-րդ բաժին սուրճը բերեցին՝ հյուրերը դուրս եկան։ Դե՛, բարեսիրտ քարտուղարուհիները որոշեցին մեզ հրամցնել, ինչը նրանց չհաջողվեց։ Հանդիպման ընթացքում Խոսրով Հարությունյանը, ի պատասխան Ռուդիկ Ղուկասյանի երախտագիտությանը, ասաց, որ տարածաշրջաններ այցելելը իրենց աշխատանքն է, եւ «պետք չէ դրա համար շնորհակալ լինել»։ Խոսրով Հարությունյանը նշեց, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրներին։
Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովը մարզպետարանից ստացել է օրենսդրական նախաձեռնություն-առաջարկներ՝ համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու մասին։ Մասնակիցների հարցերն էլ հիմնականում վերաբերում էին կառավարություն-տարածքային կառավարման մարմիններ-տեղական ինքնակառավարման մարմիններ փոխհարաբերություններին, լիազորություններին եւ իրավասությունների շրջանակներին։ Պակաս չէին նաեւ պետական տուրքին եւ հողի հարկին, գյուղերի հատակագծերի բացակայության խնդիրներին վերաբերող հարցերը, որի պատճառով գյուղապետերից մեկի խոսքերով ասված, «չեմ կարողանում տնամերձ հողամաս հատկացնել նույնիսկ նրանց, ովքեր արդեն 3-4 զավակի հայր են»։
Հարցերի առյուծի բաժինը հասավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանին։ Ցանկացած հարցի հիմքում հայտնվում էին ֆինանսական խնդիրներ։ Ի պատասխան ներկաներից մեկի այն հարցին, որ թեեւ իրենց տարածաշրջանի շատ բնակավայրեր համարվում են բարձր լեռնային, սակայն մինչեւ օրս 20%-ի հավելումներ չեն ստացել՝ պրն Ասլիկյանը տեղեկացրեց, որ ներկայումս այդ հավելումները հաշվարկվում են։ Նորադուզ գյուղի համայնքի ղեկավարն էլ դժգոհ էր, որ ձկնորսության համար լիցենզիաների տրման հարցում համայնքի ղեկավարությունը մասնակցություն չունի։
Բարեգործություն
Մարզպետարանում կայացած հանդիպումից հետո շարասյունը շարժվեց դեպի Թազագյուղ՝ դիտելու գյուղի դպրոցի շինարարությունը եւ հանդիպելու համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղում պարզվեց, որ դպրոցը կառուցում են Մուրադյան եղբայրները։ Ծնունդով՝ թազագյուղցի, Մոսկվայում գործող «ըԸԾԿ» ֆիրմայի ղեկավարներ Մուրադյան եղբայրները դպրոցի շինարարության համար ներդրել են 2 մլն դոլար։ Նրանց կողմից ապահովվելու է նաեւ ուսուցիչների աշխատավարձը եւ երեխաների դասագրքերի անվճար ձեռքբերումն ու սնունդը։ Մոտ 500 աշակերտական տեղով դպրոցի շահագործումը նախատեսվում է ավարտել 1999-ին։
Այս փաստից ոգեւորված, Խոսրով Հարությունյանը նշեց. «Շուկայական տնտեսության հասարակությունում որեւէ ձեռներեց իր ունեցվածքից պետք է իրոք հանրապետությանը մաս հանի։ Սա է քաղաքացիական հասարակության տրամաբանությունը, սրա միջոցով կարելի է հասնել համայնքի համերաշխությանը»։
«Կարգավիճակ» բառը պառլամենտից ենք սովորել
Մեր այցելած բոլոր գյուղերում մարդիկ նույնն էին՝ հողի հետ կռիվ տվող, հողից հաց քամող, ու նրանց հոգսերն էլ նույնն էին։ Այդ է պատճառը, որ այս հատվածում ուզում եմ ներկայացնել ոչ միայն Թազագյուղի, այլեւ Կարճաղբյուրի, Սոդքի եւ մյուս գյուղերի բնակիչների խոսակցություններից հատվածներ։ Ցանկացած գյուղ մտնելիս Խոսրով Հարությունյանին շրջապատում էր գյուղի ժողովուրդն ու պատմում իր դարդ ու ցավից։ «8 տարի է անընդհատ հողը ոչ թե հարստացվել է, որի կադաստրը բարձրանա, այլ հակառակը (հողի կադաստրային իրական արժեքը պետք է ճշտվի)։ Իսկ գյուղատնտեսության նախարարության ապահովագրական ընկերությունը գյուղացիներից գումարները վերցրել է, հիմա չի փոխհատուցում»,- հայտնեց Թազագյուղի գյուղապետը։ Նման իրավիճակներից խուսափելու ելքը Խոսրով Հարությունյանը տեսավ իրոք մասնավոր շահը հետապնդող ապահովագրական կառույցների ստեղծմամբ։
Գյուղացիները բողոքում էին, որ սեփականաշնորհված հողերը տեխնիկայի, մարդկային ուժի բացակայության պատճառով չեն կարողանում մշակել, նրանց պնդմամբ ներկայումս հողերի մոտ 40%-ը չի մշակվում։ Եթե այդքան տխուր չլիներ, շատ ծիծաղելի կլիներ Հայրենական մեծ պատերազմի վետերանների խոսքը. «Պրն Հարությունյան ջան, էդ վետերանի թոշակը 2 կոպեկ ա, էդ էլ չեք տալիս։ Բան չկա, քիչ մնաց, հես ա մենք կմեռնենք՝ ձեր հոգին էլ կազատվի, մերն էլ»։ Կարճաղբյուրի գյուղացիների խոսքն առանձնանում էր յուրօրինակ հումորով։ Նրանցից մեկն ասաց. «Ա՛յ մարդ, դաշտերը լիքը կռիս կա՝ դեղ ու ճար չկա, մնում է Պարսկաստանից մի վագոն կատու բերեն, լցնեն էս դաշտերը, որ էդ անտերները վերանան»։ Իսկ մեկ այլ կարճաղբյուրցի դիմելով Խոսրով Հարությունյանին ասաց. «Կարգավիճակ բառը պառլամենտից ենք սովորել, պառլամենտից մենակ բառ ենք սովորում»։
Արդարացի լինելու համար ասեմ, որ Խոսրով Հարությունյանի պատվին եղան նաեւ մատաղ անողներ եւ «բոյին մեռնողներ»։ Նշեմ նաեւ, որ Կարճաղբյուր այցելելու առիթը հանդիսացել էր գյուղի ջրամատակարարման ծրագիրը։ Այն իրականացնում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 42,7 մլն դրամ, որից 14 մլն դրամ (խողովակների տեսքով) պետք է հատկացնի համայնքը։ Խոսրով Հարությունյանը խոստացել էր ԱԺ նախագահի ֆոնդից տրամադրել այդ 14 մլն դրամի 2%-ը, որի կտրոնը գյուղապետին հանձնելու պահին՝ արժանացավ գյուղացիների ծափահարություններին։
Մինչ Կարճաղբյուր հասնելը պաշտոնական պատվիրակությունը եղավ Մարտունու ծննդատանը։ Այն վերջերս կառուցել է իտալական «Իկու» կազմակերպությունը։ Այս ծննդատանը, հատկապես տղամարդկանց շրջանում, մեծ աշխուժություն առաջացրեց «Ընտանիքի պլանավորման սենյակը» եւ գրեթե ցնծություն՝ հայտարարությունների տախտակի վրա փակցված տեղեկանքը։ Այն հայտնում էր, որ անցանկալի հղիություններից խուսափելու նպատակով կենտրոնում գործում է «Ընտանիքի պլանավորման սենյակը», որտեղ անվճար տրվում են սպիրալներ, հակաբեղմնավորիչներ, ապահովիչներ։
Սնանկ ոսկու կոմբինատն ու անմահական պանրի համը
Հետմիջօրեին քարուքանդ, փոշու մեջ կորած ճամփեքով հասանք Սոդքի կոմբինատ, եւ ես շա՜տ զարմացա, որ Խոսրով Հարությունյանին առանց աղ ու հացի դիմավորեցին (ամեն տեղ պրն Հարությունյանը աղ ու հաց էր համտեսել)։ «Հայոսկի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Ռուզվելտ Մարգարյանը հայտնեց, որ հունիսի 23-ին կանադական ֆիրմայի հետ կնքած պայմանագրի համաձայն, կանադական կողմը պատրաստ է 50 մլն դոլարի կապիտալ ներդրումներ անել։ Ժամը 17-ն անց էր, երբ դուրս եկանք Սոդքի կոմբինատից եւ ամբողջ օրը հացի երես չտեսած լրագրողներս (եւ ոչ միայն մենք) ոչ մի կերպ չէինք ուզում այցելել Վարդենիսի պանրի բաց բաժնետիրական ընկերություն։ Բայց պրն Հարությունյանը վճռական էր՝ գնացինք։
Երբ մտանք կոմբինատ ու առավել եւս, երբ հյուրընկալ տանտերերը մեզ պանիր հյուրասիրեցին (էն էլ ի՜նչ պանիր՝ անմահական) աչքներիս լույս իջավ։ Սրան էլ եթե ավելացնեմ, որ պրն Հարությունյանն ասաց. «Բա աղջիկներին պանիր չե՞ք տալիս», ու տանտերերը սիրով մեզ (ու նաեւ նրանց) պանիր տվեցին, պատկերացրեք, մեր (ու նաեւ նրանց) ոգեւորությունը։ Վարդենիսի պանրի բաց բաժնետիրական ընկերության նախագահ Սուրեն Վարդանյանը հայտնեց, որ կոմբինատը տարեկան 250 տոննա կաթ է վերամշակում, արտադրելով 25 տոննա պանիր, նաեւ սերակարագ եւ «շիշկա» կարագ։ Ներկայումս կոմբինատը Վարդենիսի ամենամեծ հարկատուն է եւ տարեկան 50 մլն դրամի հարկ է վճարում։
Կոմբինատի ղեկավարությունը հասել է այն բանին, որ մթերում է ողջ շրջանի կաթը (ընդ որում՝ դրամը վճարելով կանխիկ)։ Անկոր կազմակերպության հետ Վարդենիսի կաթի կոմբինատը սկսել է կաթի վերամշակման ծրագիր։ Այն նախատեսում է 30 հազար դոլարի վարկով 18-ամսյա գործունեություն, որի միջոցով կոմբինատի ղեկավարությունը նպատակ ունի օրական վերամշակել 20 տոննա կաթ։ Պանիրը մեծ պահանջարկ ունի հանրապետությունում, եւ ասում են, թե ֆրանսիացիք եւս հավանելով պանիրը, ցանկություն են հայտնել գնել այն։
Արդյունքների ամփոփում
Արդեն ուշ երեկոյան (կամ գիշերը), երբ ավարտվեց նաեւ Ճամբարակի բնակչության հետ հանդիպումը, խնդրեցինք պրն Հարությունյանին ամփոփել այցի արդյունքները։ Ըստ էության, պրն Հարությունյանը թվարկեց վերը նշված խնդիրները եւ մատնանշեց դրանց լուծումները։ Միայն ջրամատակարարման խնդրի լուծումը բաց մնաց։ Խ. Հարությունյանը նշեց, որ նմանատիպ այցեր սպասվում են նաեւ մյուս մարզերում։ Սեւանա լճի շուրջ մի ամբողջ շրջան կատարելով՝ լուսադեմին հասանք մայրաքաղաք։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. Գ. Այցի ողջ ընթացքում Խոսրով Հարությունյանը չափազանց ուշադիր էր լրագրողներիս նկատմամբ։ Ու որքան ուշադիր էր ԱԺ նախագահը, նույնքան կոպիտ էր նրա թիկնազորը, հավանաբար վերջինս դեռ չի գիտակցում 4-րդ իշխանության դերը եւ ուժը։