Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ ՄԱՆՐ ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Է»

Օգոստոս 07,1998 00:00
Hovhannes Igityan

Հարցին իր բացասական պատասխանը երեկ տվեց դատախազությունը

Այս պատմության մասին բավական ժամանակ է, ինչ աղմուկ կա՝ ԱԺ-ում, ԱԳՆ-ում եւ այլուր։ Խնդրի էությունը հետեւյալն է. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությանը Ստրասբուրգում վերջին անգամ հրաժարվել էին ինքնաթիռի տոմսի արժեքը ամբողջությամբ փոխհատուցել՝ պատճառաբանելով, որ 1270 դոլարի ներկայացրած հաշիվն անիրական է։ Պատվիրակության անդամներն իրենք էլ էին անհանգստացել ու պարզել էին, որ տոմսն իրականում արժե 939 դոլար, իսկ արդեն Երեւանում ճշգրտել էին, որ այդ երթուղու արժեքը 350 դոլար է։ Խոսվում էր, որ այդ տարբերությունը գրպանել է պատվիրակության ղեկավար եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը։

Գլխավորները նախընտրում էին լռել

Այս հրապարակումը պատրաստելիս առաջինը նախ Հովհաննես Իգիթյանին դիմեցինք։ Սակայն նա հրաժարվեց պարզաբանումներ ներկայացնել, նշելով, թե սա իրավապահ մարմինների պարզելիք հարց է, որ ինքը որեւէ առնչություն չունի այս ամենի հետ եւ, որ կատարվածն ընդամենը, ըստ ամենայնի, դրամարկղային սխալի հետեւանք է։ Հարցազրույցից հրաժարվեց նաեւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։

Օգտվելով պատվիրակությունների կազմը եւ ղեկավարին որոշելու իր իրավունքից՝ նա արդեն իսկ զրկել է Հովհաննես Իգիթյանին միջազգային 4 տարբեր կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունները ղեկավարելու իրավունքից։ Ըստ ամենայնի, հենց այս միջադեպի հետ է առնչվում նաեւ հրաժարականի պահանջը, որ ԱԺ նախագահը վերջերս ներկայացրել էր հանձնաժողովի նախագահին։ Ի դեպ, նշելով, որ ընդհանրապես նրա աշխատանքից գոհ է։

Քաղաքական ենթատեքստ տալու փորձեր

Հովհաննես Իգիթյանը, ինչպես նաեւ Արմեն Եղիազարյանը հանձնաժողովների այն նախագահներն են, որ «Հանրապետություն» խմբակցության այլ անդամների պես փետրվարին հրաժարական չներկայացրին ԱԺ-ում զբաղեցրած ղեկավար պաշտոններից։ Այս ամիսներին համառորեն լուրեր էին տարածվում, թե մասնավորապես նույն Իգիթյանին փորձել են դուրս մղել այդ դիրքից՝ նաեւ համազոր այլ պաշտոնների, դիվանագիտական աշխատանքի առաջարկներ են արվել։ Ու միայն, երբ նա համառորեն հրաժարական չի ներկայացրել անտեսելով անգամ իսկ սպառնալիքները՝ մեջտեղ է հանվել այս պատմությունը։

«Մենք հավ չենք էլի՝ պատգամավոր ենք»

Միջադեպի վերաբերյալ զրուցել ենք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության գրեթե բոլոր անդամների հետ։ Ասենք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Արագածոտնի նախկին մարզպետ Հրաչյա Գրիգորյանը, որն, ի դեպ, առաջին անգամ էր Ստրասբուրգ մեկնել, ասաց. «Վերջին հաշվով, մենք հավ չենք էլի, պատգամավոր ենք։ Ոնց կարող է Երեւան-Լոս Անջելես տոմսը 850 դոլար արժենալ, իսկ Երեւան-Ֆրանկֆուրտը՝ հանկարծ 1270 դոլար»։

Ե՛վ նա, ե՛ւ պատվիրակության այլ անդամներ ուշացած տարակուսանք էին հայտնում ընտրված երթուղու վերաբերյալ։ Զարմանում էին, որ Երեւանից Փարիզ «Հայկական ավիաուղիներով» թռչելու եւ այնտեղից անմիջապես Ստրասբուրգ ուղեւորվելու փոխարեն իրենք այս 3 տարիներին ստիպված էին Երեւանից Մոսկվա, այնտեղից Ֆրանկֆուրտ, իսկ հետո արդեն ավտոբուսով 3 ժամում Ստրասբուրգ հասնել։ Նրանց ներկայացվել է, թե իբր Եվրախորհուրդն է այդ երթուղին որոշել։ Որն էլ, ի դեպ, վճարում էր ճանապարհածախսը, այնպես որ՝ այս պատմությունն ԱԺ-ի հետ (գոնե ֆինանսական առումով) ոչ մի կապ չունի։ Այնուամենայնիվ, կասկածելի էր թվացել, որ ընդունող կողմն ամենաթանկ երթուղին էր ընտրել։ Իսկ առաջին անգամ տոմսի փոխհատուցումն ամբողջությամբ չստանալուց հետո կասկածներն ավելի էին խորացել։

«Եվ մեր մեջ կասկած առաջացավ, որ մեզ հետ մաքուր չեն վերաբերվում,- ասաց պրն Գրիգորյանը։- Ես մի 10 տարի աշխատել եմ զբոսաշրջիկության բնագավառում եւ գիտեմ, թե ինչ «ֆոկուսներ» կարելի է անել։ Բայց երբ մարդիկ իրենց գործընկերների նկատմամբ են «ֆոկուսներ» անում… Ինձ դա է միայն հետաքրքրում՝ ընկերների նկատմամբ հարկավոր է պարկեշտ լինել»։

Մեղավորների փնտրտուք

Հրաչյա Գրիգորյանը դեռ ասում էր, թե պիտի պարզվի ով է իրենց խաբել. «Գուցե թե խաբեությունը դրամարկղում էր տեղի ունեցել։ Հնարավոր է, որ այնտեղ կրկնակի թվաբանություն է գործել։ Գուցե սա մերոնց անտեղյակության արդյո՞ւնքն է։ Իրավական մարմինները պիտի միջամտեն ու պարզեն»։ Մինչդեռ պատվիրակության մեկ այլ անդամ՝ Հայկոմկուսի խմբակցության անդամ Ֆրունզե Խառատյանը պնդում էր, որ սա միտումնավորության եւ ոչ թե անտեղյակության հետեւանք է եւ, որ ապացույցը նաեւ երթուղու ընտրությունն է։ «Ես համոզված եմ, որ այդպես է եղել ամբողջ ընթացքում եւ այդ մասին իմ գրավոր տեսակետը հայտնել եմ ԱԺ ղեկավարությանը»,- ասաց պրն Խառատյանը։

«Մենք ստուգեցինք՝ Եվրախորհրդում այս պատմությունն աղմուկ չի բարձրացրել,- ասում էր Հրաչյա Գրիգորյանը։- Ի վերջո, գրեթե բոլոր պատվիրակություններն էլ նման բաներ անում են։ Ամեն մեկն էլ ուզում է եվրոպացիներից ինչ-որ մի բան ավելի ստանալ, ասենք, ավելի լավ հյուրանոցահամարներ, ավելի լավ սնունդ։ Հատկապես ԱՊՀ երկրների պատվիրակություններն են ավելի պայմանների ձգտում»։

Անակնկալ վերջաբան

Մեր այս հրապարակման ավարտը բոլորովին այլ կլիներ, եթե երեկ, ուշ երեկոյան, խմբագրություն չայցելեր Հովհաննես Իգիթյանը՝ փաստաթղթերով զինյալ։

Պարզվում է, որ նա դեռ հուլիսի 21-ին դիմել էր Երեւանի դատախազին եւ նշել, որ այստեղ ձեռք բերված տոմսերի եւ Ստրասբուրգում կատարված փոխհատուցման ժամանակ առաջացած տարբերությունը վկայում է, որ ԱԺ-ի պատվիրակության յուրաքանչյուր անդամից ավելորդ 331 դոլար է գանձվել։ «Վերոնշվածը տեղիք է տալիս տարբեր կասկածների եւ ԱԺ-ում անառողջ մթնոլորտի առաջացմանը։ Խնդրում եմ ձեր օժանդակությունը տվյալ դեպքը բացահայտելու համար»։ Ակնհայտ է, որ ինքնակամ իրավապահ մարմինների միջամտությանը դիմելու փաստը հայտնի չի եղել պրն Իգիթյանի գործընկերներին։

Ինչեւէ, Երեւանի դատախազ Արամ Թամազյանն էլ օգոստոսի 6-ին Հովհաննես Իգիթյանին գրավոր պատասխանել է. «Դատախազության կողմից կատարված ստուգումներով պարզվել է, որ տոմսերի ձեւակերպումով զբաղվել է «Փանդ ՏՈՒՐ» ՍՊԸ-ն, որի 50/4 հաշվում գտնվում է Ձեր պատվիրակության 4 անդամների անուններով մուտք եղած գնացքի չօգտագործած տոմսերի արժեքը՝ ընդհանուր գումարով 1336 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Այն կարող է ստանալ ինչպես Ձեր ներկայացուցիչն ամբողջությամբ, այնպես էլ պատվիրակության անդամներն առանձին-առանձին»։

331 դոլարը գնացքի տոմսի արժեքն է։ Իսկ ներկայացնելը, թե ինչպես են դրանք լրացվել ու չօգտագործվել՝ առավել կձգեր առանց այն էլ երկար այս պատմությունը։ Մնում է, որ մեր զրուցակիցներն իրենց հայտարարությունների տերը մնան եւ փորձեն ապացուցել վերոշարադրյալ իրենց այլ պնդումները։ Իսկ ԱԺ ղեկավարները Հովհաննես Իգիթյանին հրաժարական պարտադրելու գուցե ա՞յլ եղանակներ որոնեն։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31