ՀՀ տրանսպորտի նախարար Ե. Զախարյանը «Առավոտի» խմբագրություն է ուղարկել հետեւյալ պարզաբանումը.
«Առավոտ» օրաթերթի 1998 թ. օգոստոսի 5-ի թիվ 148/826 համարում «Տրանսպորտի նախարար չեն ծնվում, դառնում են» խորագիրը կրող ակնարկի կապակցությամբ հայտնում եմ իմ, մեղմ ասած, անհամաձայնությունը։ Համաձայնելով ակնարկի վերնագրի մասում արտահայտված մտքի հետ, երբեք չեմ կարողանում գտնել որեւէ կապ ԼՂՀ պաշտպանության նախարար պրն Ս. Բաբայանի հետ իմ բարեկամ «գալու» հարցում։
Ընդունելով «Առավոտ» օրաթերթի գերակայությունը սենսացիոն բնույթի հայտարարությունների բնագավառում, խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ գոնե տպագրվող նյութերը եւ տեղեկատվությունը ստուգվեր թերթի ղեկավարության կողմից։ Այս հրապարակման կապակցությամբ հայցում եմ թերթի վաղվա համարում Ձեր հերքումը բարեկամական կապի բացակայության մասին»։ Մեզ մնում է բարեկամ բառի բուն իմաստից կառչել՝ «բարին կամեցող», որի մեջ բացասական կամ սենսացիոն ոչինչ չկա, միաժամանակ կրկնել ոչ ինքնատիպ «կյանքը շարունակվում է» արտահայտությունը։
ԷԳ ՎԱԳՐԵՐԸ ՍՏՈ՞ՒՄ ԵՆ
Կարդացեք նաև
«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը վկայակոչելով ՀՀ նախագահի ռեֆերենտ Դավթյանին՝ նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանը չի կամենում ընդունել խաբված ավանդատուների ներկայացուցիչներին («Առավոտ», թիվ 147, «Հեղաշրջում կանեն էգ վագրերը»)։
Արմեն Դավթյանը պարզաբանեց, որ տիկին Ղազարյանին հեռախոսազրույցի ժամանակ բառացիորեն հետեւյալն է ասել. «Մոտակա ժամանակներս նախագահը չի կարող ձեզ ընդունել, բայց այն առաջարկներն ու մտահոգությունները, որ Դուք գրավոր ներկայացրել էիք իմ խնդրանքով՝ անպայման հաշվի կառնվեն։ Իսկ ընդունելության հնարավորությունը հետագայում չի բացառվում»։