Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՔՐՈՆԻԿՈՆ

Օգոստոս 06,1998 00:00
Perch Zeytuncyan

Գրողների միության դահլիճը լեփ-լեցուն էր, ծաղկեփնջերով զարդարված ամբիոնը՝ շրջափակվա տեսախցիկներով ու լուսանկարչական թարթող աչքերով, երբ սկսվեց Պերճ Զեյթունցյանի 60-ամյակին նվիրված հանդիսությունը։

Երեկոն վարողը՝ Յուրի Խաչատրյանը, տաղանդավոր գրողի երեկոյի սկբում խնդրեց, որ ելույթները լինեն կարճ, որպեսզի շատերը հնարավորություն ունենան խոսել։

Դահլիճում գտնվող շատերը հավանություն տվեցին նրա խոսքին, հավելելով. «Նաեւ այն պատճառով, որ շատ շոգ է»։ Բայց ոչ բոլորն անսացին նրա խոսքին, իրենց գրավոր ու բանավոր, նաեւ կես-գրավոր, կես-բանավոր խոսքերում։ Յուրի Խաչատրյանը կարդաց նաեւ իր խմբագրած «Գրական թերթի» ողջույնի խոսքը: Չհավատալով ու չցանկանալով հավատալ, որ գրողը 60 տարեկան է դարձել, նա պատկերավոր նկարագրեց հայ գրականության ողբալի վիճակն ու Պերճ Զեյթունցյանի հաղթական մուտքը գրականություն. «Երբ հայ արձակում միջակությունն ու գորշությունն էր իշխում, դու նոր էիր, ուժեղ ու տաղանդավոր։ Հիմա դարձյալ դու նոր ես, ուժեղ ու տաղանդավոր»։

Հրանտ Մաթեւոսյանի բացման խոսքը

Բացման խոսքի իրավունքը մեր գրականության առաջին ներկայացուցչինն էր։ Գրող Հրանտ Մաթեւոսյանն իր բանավոր, «չափավոր կարճ» խոսքում ներկայացրեց իր եւ Պերճ Զեյթունցյանի «միասնական կյանքը հայ գրականության մեջ»։ Մենք տեղեկացանք, որ Զեյթունցյանը նրանից առաջ է առաջին ժողովածուի տեր դարձել, որ նա «նախանձելի, դժվար ռեժիմի» տղա լինելով, ինքն իրեն ձեւի բերելով, պատասխանեց բոլոր օրախնդիր հարցերին իբրեւ հրապարակախոս, արձակագիր, բելետրիստ, իբրեւ դրամատուրգ։ Պրն Մաթեւոսյանը հիշեց Մոսկվայի հանրակացարանի իր սենյակում գրված հայ երիտասարդ արձակագիրների ցուցակը. «Պերճի անունը ես չջնջեցի։ Ես հրաշալի գուշակող էի»։ Պերճ Զեյթունցյանի կրտսեր գրչընկերը, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը խոսեց հոբելյարի մասին իբրեւ մի մարդու, հազվագյուտ

գրողի, «որի ստեղծագործությունները նման են գրողին», եւ «տոկունություն ու փառք» մաղթեց նրան արվեստի ոգորումներում։ Հաջորդ ելույթ ունեցողը՝ Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, խոսեց Պերճ Զեյթունցյան արձակագրի մասին, դիտել տալով, որ նրա բոլոր հերոսները «հարցական նշանի ազդեցության տակ են», եւ կոչ արեց «շարունակել ընդլայնել բարության սահմանները»։

Կարճառոտ՝ մյուս ելույթների եւ «ռեկլամային ընդմիջումների» մասին

Այնուհետեւ ելույթ ունեցավ ավագագույն սերնդի գրականագետ Վազգեն Մնացականյանը, որը սկսեց գրավոր, ավարտեց բանավոր, եւ հուշեր պատմեց պարոն Զեյթունցյանի եւ Վախթանգ Անանյանի մասին։ Ապա իրենց սրտի խոսքն ասացին «Նորք» ամսագրի խմբագիր Ռուբեն Հովսեփյանն ու «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, սրտառուչ հուշեր պատմեց գրող Կարպիս Սուրենյանը։

Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը փառավոր թատրոնի անունից պրն Զեյթունցյանին հանդիսավորապես հրավիրեց թատերականացված երեկոյի, որտեղ բեմում նրա հերոսները կլինեն։ Ելույթները ընդմիջվեցին հոբելյարի հեղինակած պիեսներից խաղացվող հատվածներով։ Գուժ Մանուկյանը եւ Վլ. Մսրյանը ներկայացրին «Մեծ լռություն» պիեսից մի ընդարձակ հատված, իսկ Տիգրան Ներսիսյանը՝ մի հատված «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացումից։ Ակադեմիայի 5500 հոգանոց կոլեկտիվի անունից ողջույնի խոսք ասաց Լ. Հախվերդյանը։

Դրանից հետո հասավ բանաստեղծություն արտասանելու պահը. Մարի Պահուտյանը կարդաց Վարուժանի ու Սիամանթոյի ստեղծագործություններից։ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը մեզ մտովի տեղափոխեց 10 տարի հետ, որից հետո՝ դարձյալ «գեղարվեստական մաս», այս անգամ՝ դասական երաժշտություն։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31