Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼԸ

Օգոստոս 06,1998 00:00
Gorg

2269 թվականին միջմոլորակային ակադեմիայի հնագիտության բաժնի գիտնականները հայտնաբերել են անհայտ հեղինակի պատկանող ձեռագիր մի փաստաթուղթ՝ գրված հայերեն լեզվով։ Թեեւ փաստաթուղթը թվագրված չէ, սակայն որոշ հանգամանքներ հիմքեր են տալիս ենթադրելու, թե այն գրվել է 20-րդ դարի վերջին կամ 21-րդ դարի սկզբին։ Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ՝ մասնակի կրճատումներով։

«Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին խաբեությամբ հրավիրում է Բաքու՝ իբր թե մասնակցելու Բաքվում կայանալիք միջազգային համաժողովին։ Նախագահ Քոչարյանը, վատ բան կասկածելով, չի ցանկանում մեկնել, բայց նրա որոշ խորհրդականներ, նախարարներ ու ՔԽ անդամներ, նույնպես վատ բան կասկածելով, բայց գիտակցելով, որ իրենց երկրում տղամարդ չկա, հորդորում են, թե գնա։ Եվ ահա նախագահ Քոչարյանն իր պալատականներով մեկնում է Բաքու։

Հեյդար Ալիեւը նրան առերես սիրալիր դիմավորում եւ տեղավորում է «Կըզ Կալասի» («Աղջկա բերդ») հյուրանոցում, որից Ռոբերտ Քոչարյանը վիրավորվում է, բայց ձայն չի հանում։ Հեյդար Ալիեւը, որ մի խորամանկ ու նենգ մարդ էր, սենյակի մի կեսում փռում է ղարաբաղյան գորգ, մյուս կեսում՝ ադրբեջանական։ Բացի այդ, նա սենյակի անկյունում տեղադրում է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մոմե արձանը, որ Քոչարյանը միշտ նայի եւ վախենա։ Եվ ահա ամեն անգամ, երբ քննարկվում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր կամ այլ «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ», հետաքրքիր բան է տեղի ունենում։

Կանգնելով ղարաբաղյան գորգի վրա, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե Ղարաբաղի գոյությունն Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով բացառվում է, եւ ընդունելի է միայն խնդրի փաթեթային լուծումը՝ առանց նախապայմանների։ Զրուցելով՝ երկու նախագահները գալիս-կանգնում են ադրբեջանական գորգի վրա, եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է հրաժարվել Ղարաբաղի անկախությունից եւ Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից։ Հետո նորից են գալիս ղարաբաղյան գորգի վրա, եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե եթե առաջիկա 2-3 տարում հակամարտությունը չկարգավորվի, Հայաստանը ստիպված կլինի Ղարաբաղի հետ վերամիավորվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Հետո գալիս են ադրբեջանական գորգի վրա, եւ Հայաստանի նախագահը հայտարարում է, թե խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հեյդար Ալիեւը հասկանում է, որ այս ամենի պատճառը Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկան է եւ որոշում է միջազգային աճուրդով գնել այն։ Սանդոյան տոհմի նախարարներից տեղեկանալով, որ ֆաբրիկան արժե մինուս երկու միլիոն ոսկի, նա իր գործակալներին ուղարկում է Ֆրանսիա, որտեղ նրանք կարճ ժամանակում սովորելով «մերսի» բառի ճիշտ արտասանությունը, գալիս եւ առնում են ֆաբրիկան։

Հասկանալով, որ այլեւս ոչինչ չունի վաճառելու, Քոչարյանը որոշում է առերես ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, եւ մոգերի ու համանախագահների հետ վերադառնում է Հայաստան։ Բայց նրա առջեւ դուրս է գալիս բազմամարդ մի կուսակցություն՝ «մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ ազատություն» կարգախոսով։ Եվ այդ ճակատամարտում նախագահն իր քաջերի հետ հեղաշրջվում է՝ իշխանությունը զիջելով Գայլ Վահանին (Հովհաննիսյան տոհմից)։ Արդյունքում…»։

Այստեղ ձեռագիրն ընդհատվում է։ Պատմությունից հայտնի է միայն, որ հետագա իրադարձությունների մասին հայերեն լեզվով որեւէ փաստաթուղթ չի պահպանվել։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31