Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ է

Օգոստոս 06,1998 00:00
Ararat Zurabyan

Երկու օր առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Երեւանի Կենտրոն համայնքի ՀՀՇ-ական ղեկավարը պետք է հրաժարական տա, բայց չի տալիս»։ Բայց քանի որ այդ փայլուն մտքին պրն խորհրդականը որեւէ հիմնավորում չկարողացավ տալ, եզրակացրեց (մեջբերում եմ «Առավոտից»). «Բայց նրանք երբեք էդպես չեն գնա, ինչի մասին է խոսքը։ Կթու կովից հեռու չեն գնա»։

Վահան Հովհաննիսյանը ղեկավարում է ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը եւ ի պաշտոնե համակարգում է Հայաստանի բոլոր համայնքների, քաղաքապետարանների, մարզպետարանների գործունեությունը։ Եվ ուրեմն (օգտագործում եմ խորհրդականի յուրահատուկ ոճն ու բառապաշարը), Վահան Հովհաննիսյանը շատ ավելի մոտիկ է կանգնած կթու կովերի մի հսկա նախիրին (երինջներին չհաշված)։

Բացի այս քանակականի, կա եւս մի տարբերություն։ Ես այս պաշտոնում ընտրված եմ բնակչության կողմից եւ պատասխանատվություն եմ կրում ամբողջ համայնքում տիրող իրավիճակի համար, իսկ պրն խորհրդականը նշանակված է ու որեւէ պատասխանատվություն չի կրում ամենափոքր գյուղական համայնքի համար։ Բարոյականության մասին: Միշտ պատասխանատու եմ եղել իմ արած-չարածի համար, խոստովանել եմ (նաեւ հրապարակավ) սխալներս։

Պրն խորհրդականին եւ իր գլխավորած կուսակցությանը թվում է, թե արդեն «մաքրվել» են 90-ականների ահաբեկչական գործողություններից, իսկ տասնյակին մոտ (այդ թվում ոստիկանների եւ կանանց) սպանությունները կատարել են այլմոլորակայինները։ Եվ այսօր նրանք արդեն բարոյականություն են քարոզում։ Եվ վերջինը։ Երկրի ղեկավարի խորհրդականի հրապարակավ հորդորները հրաժարականի մասին դիտվում են որպես քաղաքական հետապնդում (առավել եւս, երբ զուգահեռ անցկացվում են «քաղաքացիների դիմում-բողոքներով» ստուգումներ)։ Այդպես է քաղաքակիրթ աշխարհում։ Սակայն շատ լավ հասկանում եմ, որ քաղաքակրթությունը եւ վերոհիշյալ անձը որեւէ կապ իրար հետ չունեն։ Առայժմ այսքանը։

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Կենտրոն համայնքի ղեկավար

5.08.98 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31