Ռաֆայել Բագոյանի վերջնագիրը շուկաների կոլեկտիվներին
«Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանը օգոստոսի 4-ի իր գրություններով թիվ 1 (Ծածկած) եւ թիվ 2 (ԳՈՒՄ-ի) շուկաների կոլեկտիվներին բավականին արտառոց առաջարկություն է արել, որն ավելի շատ վերջնագիր է հիշեցնում։ Նշված շուկաները սեփականաշնորհելու որոշման, նաեւ՝ այդ նպատակով նախատեսված աճուրդի ձախողման փաստին մեր թերթն արդեն տեղեկացրել է։
Աճուրդի ձախողումից (մեկնարկային գինը, որոշ գնահատումներով, աներեւակայելիորեն բարձր էր) «Հայկոոպը» չի հուսալքվել։ Հակառակը։ Ձեռնարկել է նոր քայլ. այն է՝ շուկաները վաճառել կոլեկտիվներին։ Ճիշտ է՝ աճուրդի մեկնարկային գներից էժան, բայց, ըստ էության, շուկաների իրական արժեքից դարձյալ բազմապատիկ թանկ… Պրն Բագոյանը թիվ 1 շուկայի կոլեկտիվին հայտնում է, որ «Հայկոոպը» շուկան վաճառում է 1 մլրդ դրամով (2 մլն դոլար), թիվ 2 շուկայի կոլեկտիվին՝ 1,5 մլրդ դրամով (3 մլն դոլար)։
Ընդ որում, նշված գներից բացի, ուշագրավ են նաեւ թելադրվող պայմանները. «մինչեւ 1998 թ. օգոստոսի 8-ը, ժամը 16.00 ներկայացնել շուկայի կոլեկտիվի ժողովի որոշումը այն գնելու մասին», եւ «վճարել կանխավճար շուկայի արժեքի 5%-ի չափով եւ ներկայացնել վճարման անդորրագիրը»։
Կարդացեք նաև
Երկրորդ պայմանը հետեւյալն է. «մինչեւ օգոստոսի 15-ը վճարել շուկայի արժեքի 30%-ը»։ Ըստ երրորդ պայմանի՝ արժեքի մնացած մասը պետք է վճարել «մինչեւ 1998 թ. սեպտեմբերի 15-ը»։ Նշված պայմանները չկատարելու դեպքում, համաձայն Ռաֆայել Բագոյանի գրության, կոլեկտիվները կորցնում են իրենց շուկաները գնելու նախապատվության իրավունքը, կորցնում են սեփականության իրավունքը… Պայմանների մի մասը կատարելու, մյուս մասում՝ թերանալու դեպքում «նախկինում վճարված գումարները ետ չեն վերադարձվում»։
Ահա այսպիսի դաժան շուկայական հարաբերությունների մեջ է մտել «Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանը «Հայկոոպի» դուստր ձեռնարկություն շուկաների հետ, քանզի, ակնհայտ է, «Հայկոոպին» վռազ փող է պետք։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ