ՀՀՇ-ամերձ շրջանակներից ստացած տեղեկության համաձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրանց զրույցի հիմնական նյութը Վանո Սիրադեղյանին առնչվող հանգամանքներն են եղել։ Նման լուրերը, որպես կանոն, պաշտոնապես չեն հաստատվում։ Եվ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ այդ հանդիպման մասին։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ, որը չհամաձայնեց իր անունը հրապարակել, այս հանդիպման հնարավորության վերաբերյալ ասաց. «Շատ կերազեին»։
ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ -2
Խմբագրություն էին զանգահարել մի քանի քաղաքացիներ, որոնք օրեր առաջ «Կրիստալ» բարի մերձակայքում գիշերը տեսնելով Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ավտոմեքենաները կողք-կողքի՝ ենթադրություններ էին արել, որ նախկին ընկերները շարունակում են հանդիպել եւ, որ հրապարակավ հնչող մեղադրանքները պայմանական նախկինների եւ նորերի միջեւ միայն խաղեր են։ Սակայն «Առավոտին» հաջողվեց պարզել, որ սա ընդամենը թյուրիմացություն է, որի պատճառն այն է, որ ռազմական ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանը ճիշտ նույն «Grand Cherokee»-ից ունի, ինչ ՀՀՇ վարչության ղեկավարը ու նաեւ նույն համարանիշներն է կպցրել։