Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օգոստոս 05,1998 00:00
Sahmanadrutyun

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեղ են գտել ոճական, սրբագրական եւ այլ բնույթի սխալներ, որոնց մասին կփորձեմ դիտողություններ ներկայացնել եւ որոնք իմ կարծիքով կօգնեն Սահմանադրության հետագա կատարելագործմանը։ Ուսումնասիրված է Սահմանադրության 3-րդ գլխի միայն մի մասը։

Հոդված 6. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը»։ Կարծում եմ «գերակայությունը» այստեղ տեղին չէ գործածված։ «Գերակայություն» նշանակում է՝ բարձրություն, գերազանցություն։ Ստացվում է այսպես, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի բարձրությունը կամ գերազանցությունը։ Այսինքն՝ ուզում է ասել՝ օրենքը բարձր է։ Բայց ո՞ր օրենքը, Սահմանադրությա՞ն, թե՞ մի ուրիշ, պարզ չէ։ Դա Սահմանադրության լեզուն չէ։ «Օրենքի գերակայությունը» երբեք չի երաշխավորվում։ Կարող է երաշխավորվել մարդու ազատությունը, անձեռնմխելիությունը, նամակագրության գաղտնիությունը եւ այլն։

Բարդ ձեւակերպում ունի 4-րդ մասը. «Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո։ Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն»։ Արտաքինից թվում է ճիշտ է ձեւակերպումը։ Բայց այդպես չէ։ Կյանքում հրապարակված օրենքները կարգին չեն կիրառվում, ինչ մնաց չհրապարակված օրենքները կիրառվեն։ Չհրապարակված օրենքները այդ ո՞վ պետք է կիրառի, եթե դրանք դեռ սեղանի դարակներում են գտնվում։

Կարծում եմ, որ դրանով ավելորդ ծանրաբեռնվել է Սահմանադրությունը։ Կամ տեքստի մյուս շարունակությունը. «Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն»։ Ստացվում է այնպես, որ միայն մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն, մյուս բոլոր դեպքերում չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ ունեն։

Հոդված 14. «… Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով»։ Քաղաքացիների գերակշռող մասը չի կարող բացատրել, թե ինչ է նշանակում «պարզեցված կարգով» քաղաքացիություն ձեռք բերել։ Ինչպես ասում են՝ սա գլուխկոտրուկ է։ Հոդված 16. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ…»։ Ճիշտ կլիներ, եթե գրվեր. «բոլոր անձինք»։ Վրիպում է թույլ տրվել։ Սա Սահմանադրություն է, ոչ թե գեղարվեստական երկի լեզու։

Հոդված 17. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»։ «Կյանքի իրավունքը» խոսակցական լեզվի մեջ է գործածվում։ Գուցե պետք է լիներ այսպես. «Յուրաքանչյուր անձ ունի ապրելու իրավունք»։ Վիճահարույց է։ Այս հոդվածը շարունակվում է. «Մահապատիժը՝ մինչեւ դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար»։ Պատիժը չի «սահմանվում», պատիժը՝ նշանակվում է։ Իսկ «ազատազրկումը», «պատասխանատվությունը» սահմանվում են (ՀՀ քր. օր-ի 22, 23, 34 հոդվածներ, Երեւան 1984 թ.)։ Ճիշտ չէ «ոք» գործածելը, դա բարբառային է, որ նշանակում է՝ ամեն մեկը (ոքմին, օքմին։ Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երեւան 1967 թ., էջ 523)։

Հոդված 18. «Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։ Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով»։ Կարծում եմ, որ հոդվածը սրբագրված չէ։ Գրված է՝ «մարդուն» չի կարելի ձերբակալել, իսկ քաղաքացո՞ւն։ Չէ՞ որ երկրորդ գլուխը մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների մասին է։ Կամ «մարդ» պիտի օգտագործվի կամ «քաղաքացի»։ Ճիշտը քաղաքացին է։ Ընդամենը վեց տողի մեջ երկու անգամ օգտագործվել է «օրենքով սահմանված կարգով»։ Բոլորովին պետք չէր «այլ կերպ քան օրենքով…»։ Դրանք իմաստային արժեք չունեն, դժվարացնում են, խոչընդոտում եւ կորցնում պարզությունը։ «Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ…», այսքանը բավական էր, սա որոշակի է, իսկ «օրենքով սահմանաված կարգով»-ը պետք չէր, որովհետեւ դատարանը իր ձեռքին ունի սահմանված օրենքներ, որով ղեկավարվում է։

Հոդված 19. «Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի»։ Այստեղ «պատժի» բառը անորոշ է, խոսքը ի՞նչ պատժի մասին է։ Եթե քաղաքացու նկատմամբ հարուցված է քրեական գործ, եւ դատարանը գործը քննելիս նրան հանցավոր է ճանաչել, մի՞թե պատիժ չի նշանակում։ Անհրաժեշտ է նշել, որ հոդված 18-ը եւ 19-ը խոսելով միայն օրենքով սահմանված կարգով խուզարկելու, քաղաքացու նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք չցուցաբերելու մասին, ոչ մի երաշխիք չի տալիս, թե ի՞նչ պետք է անել, եթե ավտոտեսուչները կամայականորեն ավտոմեքենաները կանգնեցնեն եւ խուզարկեն։

Հոդված 22-ը ունի երեք մաս։ Առաջինում գրված է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի…», երկրորդ մասում. «Յուրաքանչյուր ոք ունի…», երրորդում. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի…»։

Հոդված 23-ում. «Յուրաքանչյուր ոք ունի…»։ Այստեղ բոլորովին բառախաղություն չեմ անում։ Սահմանադրությունը բարձրագույն օրենք է, պետք է լինի հստակ։ Իսկ «Մարդու իրավունքների ընդհանուր դեկլարացիայի» 18 հոդվածում գրված է. «Ամեն մարդ ունի…»։

Հոդված 24. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք…»։ «Պնդելու» փոխարեն գուցե պիտի գրվեր՝ իր կարծիքը արտահայտելու իրավունք։ «Պնդելը» խոսակցական լեզու է, տվյալ դեպքում՝ կոպիտ, ոչ թե Սահմանադրության լեզու։

Հոդված 26. «Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու իրավունք»։ Պարզ չէ «առանց զենքի»-ն միայն ժողովների՞ն է վերաբերում, թե՞ հանրահավաքներին էլ, երթերին էլ եւ ցույցերին։ Ի՞նչ է նշանակում «առանց զենքի» ժողովներ։ Խորհելու տեղիք է տալիս։ Նրանք, ովքեր զենք կրելու իրավունք ունեն, զենքը պիտի հանձնեն, հետո՞ մտնեն ժողովի։ Իսկ եթե խոսքը խաղաղ բնույթի ժողովների մասին է, ապա արդեն գրված է «խաղաղ» բառը։ «Առանց զենքի ժողովներ» ուզում է ասել՝ ժողովները հանգիստ անցկացվեն, աղմուկ-աղաղակ չլինի, ծեծկռտուք չլինի։ Հոդվածը կարելի է խմբագրել այսպես. «Քաղաքացիները ունեն խաղաղ՝ երթեր, ցույցեր, ժողովներ եւ հանրահավաքներ անցկացնելու իրավունք»։

Հոդված 28. «Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք…»։ Ըստ ինձ հետեւյալ ձեւակերպումը ավելի ճիշտ է։ «Քաղաքացու սեփականության եւ ժառանգման իրավունքը պաշտպանվում է օրենքով»։ Այսպիսի ձեւակերպումը արտահայտվում է ոչ միայն քաղաքացու սեփականության եւ ժառանգման իրավունք ունենալու, այլեւ այդ իրավունքը պաշտպանելու։

Հոդված 29. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»։ Միանգամայն ճիշտ է ձեւակերպումը։ Բայց երկրորդ մասի ձեւակերպումը ճիշտ չէ։ «Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք»։ «Արդարացի»-ն ներմուծելով, կարծես «քառակուսի արմատ բարձրացված, խնդիր է փորձել լուծել։ Եթե այդ հոդվածում «արդարացին» խիստ կարեւոր է համարվել, ապա մյուս հոդվածներում ինչու չի գրվել. «Քաղաքացիներն ունեն արդարացի տնտեսական…», «Յուրաքանչյուր ոք ունի արդարացի հանգստի իրավունք» եւ այլն։ Իրավացի կերպով մյուս հոդվածներում «արդարացին» չի գրվել, որովհետեւ ավելորդ է։

Հոդված 41-ի 2-րդ մասում գրված է. «Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»։ Հարց է առաջանում, իսկ ամբաստանյալը դատաքննությամբ պարտավո՞ր է ապացուցել իր անմեղությունը։ Չէ՞ որ «մեղադրյալը» նախաքննության ընթացքում է գործածվում, «ամբաստանյալը»՝ դատաքննության։ Յուրաքանչյուր դատավոր սա քաջ գիտե։

Հոդված 42. «Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ»։ Նախ «պարտավոր»-ի մասին։ Պարտավոր նշանակում է՝ երախտապարտ, երախտահատույց, երախտագետ, շնորհակալ, շնորհապարտ (Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, էջ 545)։ Այդ հոմանիշներից եւ ոչ մեկը չի փոխարինում «պարտավոր» բառին։ Սահմանադրության մեջ մարդու իրավունքները խախտող պաշտոնատար անձանց պատասխանատվության մասին ոչինչ չի ասված։ Սա խիստ կարեւոր է։

ԷԴՎԱՐԴ ՆԱԶԱՐՅԱՆ

Իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31