Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ»

Օգոստոս 05,1998 00:00
Vahan Hovhannisyan

Ըստ ամենայնի, Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած ճեպազրույցով փորձ էր արել ցրել նախորդ օրը տեղի ունեցածի տպավորությունը։

Լրագրողներին պաշտոնապես հրավիրել էին նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, բայց 5 րոպե հետո դուրս էին արել, պատճառաբանելով, թե ներքին հարցեր են քննարկելու (խոսքը հանձնաժողովի գործունեության եռամսյա ծրագրի եւ կանոնադրության մասին է)։ Այս միջադեպը «Լրաբերի» մեկնաբանին լիովին արդարացված զուգահեռի տեղիք էր տվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի անցկացման կարգի հետ։

Մերն ուրիշ է

Հանձնաժողովի նախագահը նախ ներողություն խնդրեց կատարվածի համար, նշելով, թե «ինքը՝ հանձնաժողովը նախընտրեց ավելի աշխատանքային մթնոլորտ։ Հավանաբար, այդ որոշումը ճիշտ էր, որովհետեւ նիստը բուռն էր եւ տեւեց 4 ժամ»։ Մեր ունեցած տեղեկություններով, հանձնաժողովի ծրագրերը եւ «բուռն» գործունեությունը մամուլից թաքցնելու նախաձեռնությունը մասնավորապես տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Խուդավերդյանինն է եղել։

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք հանձնաժողովի նիստերն այսուհե՞տ էլ փակ են լինելու, Վահան Հովհաննիսյանը խոստացավ, որ հաջորդ անգամ այդ հարցը քվեարկության է դնելու։ Սակայն բացասաբար պատասխանեց «Գոլոս Արմենիի» առաջարկին՝ լրագրողներին ծանոթացնել քվեարկության արդյունքներին։ «Բա չիմանա՞նք ում ենք խանգարում»,- հետաքրքրվեց թղթակիցը։ «Ոչ մեկին էլ չեք խանգարում,- շրջահայացորեն նշեց պրն Հովհաննիսյանը։- Պարզապես աշխատանքային սովորության խնդիր կա»։ Ներկաների տրտունջներին ի պատասխան, թե նախագահին առընթեր որեւէ հանձնաժողով մինչ այժմ նման սահմանափակում չէր դրել, Վահան Հովհաննիսյանը ուսերը թոթվեց. «Ի՞նչ անեմ, մերը դրեց»։

Ի՞նչ են պատրաստվում անել

Այս հրապարակման ընդհանրական վերնագիրը մեջբերում է Վահան Հովհաննիսյանի խոսքից։ Իր իսկ առաջադրած հարցի պատասխանը նա փորձեց տալ հանգամանորեն։ Հանձնաժողովի կանոնադրությունն են նախապատրաստել, որը երեկ պիտի ներկայացնեին հանրապետության նախագահին։ Առաջիկա նիստը նվիրված է լինելու տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ծրագրին եւ հիմնախնդիրների համակարգմանը։ «Գաղտնիք չէ, որ օրենքների եւ անգամ Սահմանադրության ինքնակառավարմանը վերաբերող կետերը վարվող ներքին քաղաքականության հետ խորը հակասության մեջ են, իսկ իրական կյանքի հետ պարզապես որեւէ առնչություն չունեն»,- Վահան Հովհաննիսյանը գնահատականները անընդհատ առավել էր խստացնում։

Եվ վերջապես հայտարարեց. «Մարզպետները չպիտի իշխանություն լինեն։ Պիտի լինեն կառավարության աչքը, կառավարության ներկայացուցիչը, կառավարության նշանակած վերահսկողը։ Բայց իրական իշխանությունն անցնելու է բնակիչներին, նրանց կողմից ընտրված մարմիններին»։ «Մեր աշխատանքի հիմնական ձեւը նախագահին առաջարկներ ներկայացնելն է լինելու։ Բայց, անշուշտ, մենք չենք սահմանափակվելու միայն դրանով եւ աշխատանքի շատ ավելի լայն ճակատ ենք պատկերացնում»,- նաեւ հայտնեց Վահան Հովհաննիսյանը։

Պատասխան քննադատողներին

«Առավոտի» առաջարկով անդրադառնալով հանձնաժողովի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատությանը, պրն Հովհաննիսյանն իր դիտարկումները ներկայացրեց, որ մինչ այժմ բավարար չեն եղել այս աշխատանքները եւ նախագահն անհրաժեշտություն է տեսել, որ «անմիջապես ինքն ունենա իր աչքն այս ոլորտում»։ «Անշուշտ դա կարող է որոշ շրջանակում խանդի տեսարաններ առաջացնել։ Մենք սովոր ենք նման երեւույթներին։ Անշուշտ, եղել են նաեւ անարդար մեկնաբանություններ, որոնք, կարծում եմ, պարզապես անտեղյակության արդյունք են։ Չեմ ուզում ուրիշ բան ենթադրել»,- ակնհայտ էր, որ վերջին դիտողությունները ԱԺ պատգամավոր Աշոտ Սարգսյանի հրապարակմանն էին վերաբերում։

Պահանջվում է «Կենտրոնի» համայնքապետի հրաժարակա՞նը

«Ինտերֆաքսի» թղթակիցը խնդրեց հաստատել կամ հերքել Վանո Սիրադեղյանի այն հայտարարությունը, թե տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված ՀՀՇ-ականներին պարտադրում են հրաժարական տալ։ «Ինձ նման դեպքերի մասին հայտնի չէ, բայց ես գիտեմ հակառակ երեւույթների մասին, երբ ՀՀՇ տեղական ղեկավարները փորձում են այլ կուսակցությունների ներկայացուցիչ իրենց վերադասների վրա ճնշում գործադրել՝ սպառնալով ցույցեր եւ նման բաներ կազմակերպել։ Որոշ մարզերում նման բաներ արձանագրվել են»,- ավելի ուշ պրն Հովհաննիսյանը հրաժարվեց առավել որոշակի նշել իր այս հայտարարության հասցեատերերին։

Այնուամենայնիվ, «Առավոտին» հաջողվեց պարզել, որ խոսքը «Օրինաց երկիր» կուսակցության եւ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, Ալավերդու քաղաքապետ Վախթանգ Լալայանին անվստահություն հայտնելու փորձի մասին է, որի կազմակերպիչը ՀՀՇ տեղական կազմակերպությունն է ներկայացվում։ «Որեւէ ճնշման դեպք ինձ հայտնի չէ,- հակառակի մասին վստահաբար պնդեց Վահան Հովհաննիսյանը։- Օրինակ, Երեւանի «Կենտրոն» համայնքի ՀՀՇ-ական ղեկավարը կարծես թե մտադիր չէ հրաժարական տալ։ Չե՞ք նկատել։ Ստուգումների հարցը չէ։ Բարոյական առումով նա պետք է հրաժարական տար՝ դուրս գար, էլի։ Բայց նրանք երբեք էդպես չեն գնա, ինչի՜ մասին է խոսքը։ Կթու կովից հեռու չեն գնա»։ Խնդրեցինք մասնավորեցնել, թե ինչու պիտի Արարատ Զուրաբյանը հրաժարական տա, սակայն Վահան Հովհաննիսյանը բավարարվեց. «Բոլորին հայտնի է, թե ինչի մասին է խոսքը» պատասխանով։

Ըստ ամենայնի, տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահը համայնքապետի հրաժարականի համար հիմնավոր դրդապատճառ էր համարում իր կուսակցական ընկերոջը խփելը։ Ուստի արձանագրենք, որ դարձյալ պետական եւ կուսակցական շահախնդրությունները մեկտեղելու փորձի ականատեսն ենք։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31