Երեկ Աիմավան-98-ում (այսինքն՝ Երեւանում) տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչ, մարդու իրավունքների անխոնջ պաշտպան, ականավոր այլախոհ, ԻՄ կուսակցության (եւ ընդհանրապես) նախագահ Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը։
Հայ քաղաքական մտքի ռահվիրան, որն իր օլիմպիական բարձունքից բարեհաճել է դատի տալ ողորմելի ու ճղճիմ «Առավոտ» թերթուկին, անդրադարձավ հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակին, ընդգծեց, թե իր ծրագրերից որն է իրականացրել նախագահը, եւ որը՝ դեռ ոչ, ուղենշեց Հայաստանի զարգացման հեռանկարները, անարգանքի սյունին գամեց ինչպես մեր թղթակից Ավետիս Բաբաջանյանին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Այնուհետեւ հայ հասարակության պատիվն ու խիղճը խորհրդանշող գործիչը թվարկեց բոլոր այն նվաճումները, որ ձեռք է բերել Հայաստանը իր՝ նախագահի խորհրդական նշանակվելուց հետո, սակայն համեստորեն չասաց, թե հատկապես ում շնորհիվ են ձեռք բերվել այդ նվաճումները։
Պետականության անխորտակ հիմնասյունը նաեւ հայտնեց, որ մազաչափ անգամ չի ափսոսում, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել է Ռոբերտ Քոչարյանին, եւ բուռն ու երկարատեւ ծափահարությունները տեղափոխվեցին հաջորդ ասուլիսին։ Ասուլիսն ավարտվեց։ Լավատեսության ու կայտառության թարմ լիցք ստացած լրագրողները ուրախ-զվարթ վերադարձան տուն։
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ. Գ. Ասուլիսի մասին դժբախտաբար «Առավոտին» չէին հայտնել։ Այնպես որ, մեր լրագրողը ստիպված եղավ спинным мозгом զգալ, թե ինչ է կատարվել ասուլիսի ընթացքում։ Նյութի պատասխանատվությունը կրում է լրագրողի վեցերորդ զգայարանը, որին, հուսով ենք, նույնպես Հայրիկյանը շուտով դատի կտա։