Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է»

Օգոստոս 05,1998 00:00
adbashyan

«Ռուսաստան-Բելառուս- Հայաստան ժողովրդական նախաձեռնություն» կազմակերպության գրասենյակում քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի երեկվա ասուլիսը իրականում «Առավոտ» օրաթերթի հուլիսի 31-ի «Ադբաշյան + 4» հրապարակման քննարկումն էր։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ օդանավի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը, գործող ԻԼ-86 օդանավի հրամանատար Ռաֆիկ Մելքոնյանը եւ շտուրման Գարիկ Մկրտչյանը։

Օդանավերից «քյաշ» փող էին վերցնում

Պրն Ադբաշյանը հաստատեց, որ իրոք, 1991-ին Կրասնոյարսկից Հայաստան մթերք փոխադրող օդանավից օդակայանում դրամ են պահանջել վայրէջքը թույլատրելու համար։ Երբ օդանավի անձնակազմը հրաժարվել է դրամ տալ, օդանավին արգելվել է վայրէջք կատարել, եւ այն մեկնել է Գյումրիի պահեստային օդանավակայան։ Տաք եղանակի պատճառով օդանավում գտնվող սննդի զգալի մասը փչացել է, իսկ կատարվածի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ «Այդ ժամանակ ես կառավարական պատվիրակության հետ գտնվում էի Կրասնոյարսկում։ Իրավիճակի մասին պատմեցի պատվիրակության ղեկավար Համբարձում Գալստյանին, որն իմ ներկայությամբ սկսեց զանգահարել նախագահին, վարչապետ Գագիկ Հարությունյանին. պարզվեց, որ հանրապետության ղեկավարությունն անզոր է այդ կաշառակերների դեմ»։

Խոսրով Հարությունյանի ստի ոտքերը

Ըստ պրն Ադբաշյանի, Խոսրով Հարությունյանը ստում է, ասելով, որ ավիացիայի վարչության պետ է նշանակել Մնացականովին։ Իրականում նշանակվել է Նալբանդյանը, որի նկատմամբ կոլեկտիվում բողոքի եւ դժգոհության հզոր ալիք գոյություն ուներ։ Հետագայում միայն Նալբանդյանը փոխարինվեց Մնացականովով։ Իրական է նաեւ ուղեսանդուղքների մոտ տոմսերի վաճառքի մասին պատմությունը, սակայն դրա դեմ առաջինը բողոքել են իրենք՝ օդաչուները, որոնց մի մասը ծեծի է ենթարկվել անտոմս ուղեւորներով գերծանրաբեռնված օդանավերը վարելուց հրաժարվելու համար։ «Հայաստանում ստի միջոցով հնարավոր է հասնել մինչեւ քաղաքական օլիմպ, բայց շատ կարճ ժամանակով, քանի որ ստի ոտքերը կարճ են»։

Երկու ժամով՝ Աթենք, երկու օրով՝ Դուբայ

«1992 թվականի հուլիսի 3-ին, երբ նշանակվեցի վարչության պետ, ոչ մի կաթիլ կերոսին չկար։ Վնուկովո օդանավակայանը չվճարումների պատճառով հրաժարվում էր ընդունել մեր օդանավերը։ Մոսկվա մեկնելով կնքեցի մի շարք պայմանագրեր, որոնցով հնարավոր եղավ լուծել գոյություն ունեցող խնդիրները։ Վերացան Հայաստան կերոսին ներմուծելու առկա խոչընդոտները»։ Սակայն պրն Ադբաշյանի ձերբակալումից հետո այդ պայմանագրերը դադարեցրեցին իրենց գործունեությունը, եւ «Խոսրով Հարությունյանը դեռ պետք է պատասխան տա հանրապետության հասցրած վնասի համար»։ Աթենք կամ այլ քաղաքներ կատարած չվերթերը եղել են կոմերցիոն եւ վճարվել են պատվիրատուների կողմից։ Ավիացիայի վարչության խնդիրը չէ, թե ո՞վ եւ քանի՞ հոգի է թռչում այդ ինքնաթիռով։ Դուբայ մեկնել է Երեւան-Ավիա ավիաընկերության (որի նախագահն այն ժամանակ ինքն էր) օդանավով։ Դուբայում պայմանագիր է ստորագրվել 5 օդանավերի պայմանագրում այնտեղ ուղարկվելու մասին, որը բյուջե արտարժույթի զգալի մուտք կապահովեր։

Մի խոսքով, Դմիտրի Ադբաշյանն անմեղ է, նրան հանիրավի են ձերբակալել, իսկ գործը մինչեւ այժմ էլ փակված չէ. դատախազությունում միայն այժմ է սկսվել արդարացման գործընթացը։ Խոսրով Հարությունյանը, Շահեն Պետրոսյանը, Շահեն Կարամանուկյանը, Երիցյանն ամեն կերպ խոչընդոտել են իր կողմից իրականացվող բարեփոխումներին եւ իրեն արգելել ծառայել մեր ժողովրդին եւ հայրենիքին, որի անզուսպ ցանկությունը մինչ օրս էլ ինքն ունի։ Պրն Ադբաշյանը շնորհակալ է ֆինանսների նախկին նախարար Ջանիկ Ջանոյանից, նյութական ռեսուրսների նախկին նախարար Վահան Մելքոնյանից, մամուլից եւ իր դատապաշտպաններից իրեն ամեն կերպ պաշտպանելու եւ մեկուսարանից հնարավորին չափ շուտ ազատելու համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31