Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղաշրջում կանեն էգ վագրերը

Օգոստոս 04,1998 00:00
Kanayq

«Առավոտ» օրաթերթի խմբագրությանը Ս/թ հուլիսի 29-ի թիվ 143-ի խմբագրականում եզրահանգում է արված, որ համաշխարհային պատմության մեջ կանայք երբեք հեղաշրջում չեն անում, քանի որ նրանք պահպանողական են։ Ռեպլիկի կարգով պետք է ասեմ, որ երիցս ճիշտ էր (գոնե այս հարցում) նախկին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ ոչ ոք Վազգեն Սարգսյանի ճկույթը չարժե։

Ինձ այսօր թույլ եմ տալիս ոչ միայն կրկնել նրա ասածը, այլ նաեւ ավելացնել Սերժ Սարգսյանի անունը։ Հուսով եմ, որ հարգարժան Ռոբերտ Քոչարյանը չի ժխտի, որ մեր հանրապետությունում գոնե երկու տղամարդ կա։ Ինչ վերաբերում է կանանց, ապա, իմացած եղեք, որ Չիլլիում կանայք հեղաշրջում արեցին միայն դատարկ կաթսաներով ու գդալներով, Կլարա Ցետկինի եւ նրան միացած կանանց ջանքերով մարտի 8-ը հռչակվեց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային տոն։

Իսկ ինչի՞ են ընդունակ վառոդի տակառի վրա նստած խաբված ավանդատուները, որոնց շահերի ու իրավունքների պաշտպան «Հայկանդուխտ» ԱԺԿ-ի ներկայացուցիչներին չի կամենում ընդունել (ըստ ՀՀ նախագահի ռեֆերենտ պրն Դավթյանի) ՀՀ նախագահը, որին ընտրությունների 2-րդ փուլում իրենց ձայնն են տվել։ Հիշենք Ալբանիայի «խաբված ավանդատուներին»…

Իսկ կանայք, իրոք, պահպանողական են, դեմ են պատերազմին, քանի որ յուրաքանչյուր զինվորի մեջ տեսնում են իրենց ամուսնուն, որդուն, եղբորը, պարզապես սիրած տղամարդուն։ Բայց եթե վտանգվում են նրանց զավակների կյանքը, ապագան, նրանք դառնում են էգ վագրեր ու էգ առյուծներ, պատրաստ լինելով ցատկի՝ փրկելու իրենց զավակներին։ Ռեպլիկը բարի նպատակով է արվում, նպատակը ՀՀ նախագահին ճիշտ կողմնորոշելն է հանրապետության սոցիալ-տնտեսական հարցերում։

Հարգանքներով՝ «Հայկանդուխտ» ԱԺԿ-ի նախագահ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31