Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններ, որ միշտ մեզ հետ են

Օգոստոս 04,1998 00:00
kusakcutyunner

Քաղաքագիտության մեջ կա «սոցիալիզացիա» հասկացությունը, որն արտացոլում է մարդկանց քաղաքականության մեջ ներգրավելու գործընթացը։ Իսկ քաղաքականության մեջ ներգրավելու ամենակարճ ճանապարհը որեւէ կուսակցության անդամագրվելն է։ Սակայն ո՞ր կուսակցությունն ընտրել։ Իհարկե, կարելի է, առանց երկար մտածելու դառնալ դաշնակցական։ Շատ հաճելի կուսակցություն է եւ, ամենակարեւորը. ինչպիսի՜ հմտությամբ են նրանք լուծում սերնդափոխության հարցը։

Կա կարծիք, որ կուսակցական չեն ծնվում, այդ կոչումը ժառանգական չէ։ Բայց նայելով դաշնակցությանը՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կուսակցական տոմսը ծնողներից ժառանգաբար անցնում է երեխաներին։ Այլապես որտեղի՞ց հանրահավաքներում այդքան շատ դաշնակցական երեխաներ։

Պատկերացնո՞ւմ եք, այդքան փոքր ու արդեն դաշնակցական։ Ցույցերից մեկի ժամանակ աչքովս ընկավ դրոշները ձեռքներին, արձանացած դեմքերով դաշնակցական երեխաների մի սրտաճմլիկ կոմպոզիցիա։ Երեխաներից մեկի դեմքին կարծես գրված լիներ՝ էլնինք Սասուն, մյուսի դեմքին՝ մտնինք Վան, մնացածի դեմքերին համապատասխանաբար դրոշմված էր՝ Մուշ, Ալաշկերտ, Արդահան։ Եվ ընդհանրապես, դաշնակցությունը զուտ կուսակցություն չէ, դա ապրելաձեւ է, կյանքի ոճ։ Թերեւս կարելի է չհավատալ եւ, թքելով ամեն ինչի վրա, դառնալ կոմունիստ։ Մանավանդ որ, նրանց շարքերում բավականաչափ երիտասարդներ կան։ Մի խոսքով՝ նոր կոմունիստներ։

Կարծում եմ՝ նրանք նույնիսկ իրենց գրասենյակը «օֆիս» են անվանում։ Գժվել կարելի է՝ կոմունիստների օֆիս։ Բայց սա երկրորդական խնդիր է։ Կարեւորն այն է, որ կոմունիստները վաղուց արդեն մի անհարմար վիճակում են։ Բանն այն է, որ ըստ մարքսիզմի՝ նրանք պետք է սոցիալիստական հեղափոխություն իրականացնեն։ Սակայն հեղափոխության հեգեմոն ուժը՝ բանվոր դասակարգը, այսօր չի աշխատում իր մասնագիտությամբ, այլեւս բանվոր դասակարգ չէ։ Երեւի այդ պատճառով էլ միջոցառումը, ճարահատյալ, անընդհատ հետաձգվում է։ Կարծում եմ՝ այս բարդ հոգեբանական ապրումները կբերեն նրան, որ կոմունիստները, լավագույն դեպքում, կհասնեն մարազմի այն աստիճանի, որ ցույցեր կկազմակերպեն կազինոների ու «բինգոների» դիմաց, իսկ վատագույն դեպքում՝ փողոցում մի քանի հատ կապիտալիստ կբռնեն ու քացու տակ կգցեն։

Այստեղ նշեմ, որ անձամբ ես կոմունիստների դեմ ոչինչ չունեմ։ Ավելին, ամեն առավոտ ես արթնանում եմ ԽՍՀՄ հիմնի զմայլող հնչյունների ներքո եւ այդ տարօրինակ ձայներն արձակում է զարթուցիչը, եւ դա օգնում է ինձ ամբողջ օրը լինել առույգ ու չկորցնել անհրաժեշտ զգոնությունը։

Սակայն ավելի հետաքրքիր է ԱԺՄ-ն։ Այն հզոր կուսակցություն է։ Մտահոգում է միայն մեկ հանգամանք. ԱԺՄ բոլոր անդամները մի տեսակ տխուր են, ինչ-որ անըմբռնելի սուգ է դրոշմված աժմականի ազնիվ դիմագծերին։ Կարծես հենց նոր է կարդացել Խորենացու «Ողբը» եւ դուրս եկել փողոց։ Դա հասարակ տխրություն չէ, դա ագրեսիվ կսկիծ է, եւ եթե երկար նայում ես աժմականի դեմքին, տրամադրությունդ ընկնում է, ու ի հայտ են գալիս մելանխոլիայի նշաններ։

Անկասկած, դեմքի ավելի ուրախ արտահայտություն ունի ՀՀՇ անդամը։ Ի դեպ, հայտնի է, որ ՀՀՇ-ն իրեն հայտարարել է կառուցողական ընդդիմություն։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Իմ խորին համոզմամբ, բոլոր ընդդիմությունները երկու տեսակի են լինում՝ կառուցողական եւ ոչ կառուցողական։ Ոչ կառուցողականները միայն հայհոյում են իշխանություններին՝ չցուցաբերելով ոչ մի գործնական մոտեցում։ Իսկ կառուցողականները ոչ միայն հայհոյում են, այլեւ իրականացնում են իրենց ասածները՝ աշխատելով հնարավորին չափ հարազատ մնալ հայհոյանքի բուն տեքստին։ Եվ եթե ՀՀՇ-ում ինձ նման են ընկալում կառուցողական ընդդիմության դերն ու նշանակությունը, ապա կարելի է հարմար նստել եւ սպասել. շուտով շատ զվարճալի իրադարձություններ կլինեն։ Իսկ հհշական դառնալ չարժե, համենայնդեպս՝ մոտ ժամանակներս։

Այլ խնդիր է ՍԻՄ-ը, որի անդամ կարելի է դառնալ զուտ մարդասիրությունից դրդված։ Պարզապես մեր հասարակության բարոյական պարտքն է ստվարացնել այդ փոքրիկ կուսակցությունը։ ՍԻՄ-ի անդամների քանակի մասին լեգենդներ են շրջում։ Նրանք այնքան քիչ են, որ սիմականը հանգիստ կարող է այսպիսի մի միտք արտահայտել՝ երեկ կուսակցությունով քեֆ էինք անում։ Եվ դա կեղծ չի հնչի։ Բայց սա էլ է անցողիկ։ Հայ իրականության մեջ լուրջ խնդիր է կանանց հարցը։ Ֆեմինիզմը Հայաստանում թափ է առնում, բազմանում են կանանց կազմակերպությունները։ Իհարկե, եթե դրանք քիչ լինեին, ապա մեկ կազմակերպության մեջ միավորված կանանց կարելի էր որակել որպես սեռական հատկանիշի վրա միավորված մարդկանց խումբ։

Կարծում եմ՝ եթե երեք կին միասին սուրճ են խմում, արդեն վտանգավոր է։ Եվ վերջապես մի քանի խոսք այնպիսի օրինապաշտ կուսակցության մասին, ինչպիսին ԻՄ-ն է։ Այս կուսակցության անդամների ճշտապահությունը պարզապես հիացնում է։ Եվ եթե մտնեք նրանց գրասենյակ, ձեզ իսկույն կգրանցեն։ Այսպես մի լուսավոր երիտասարդ եկել էր ԻՄ եւ ընդունարանում նստած աղջիկը իսկույն գրանցել էր նրա անուն-ազգանունը։ Երիտասարդը, կարծելով, թե ԻՄ-ը թարմ կադրեր որսալու նոր մարտավարություն է որդեգրել, վրդովվել էր եւ արդեն ուզում էր մի լավ սկանդալ սարքել։ Սակայն նրան բացատրեցին, որ եկողներին գրանցելը ընդունված կարգ է, եւ աղջիկը բոլորին է գրանցում։ Տաքարյուն երիտասարդին մնում էր միայն զարմանալ իմականների բծախնդրության վրա եւ շտապ հեռանալ։ Իմիջիայլոց, այդ երիտասարդը ես էի։

Եզրափակելով՝ նշեմ, որ որեւէ կուսակցության անդամագրվելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթեւ անել։

ՎԱՀԱԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31