Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒԼԻՍՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ

Օգոստոս 04,1998 00:00
hulis

Հուլիսի եւ նախորդ ամսվա ընդհանրությունն այն էր, որ այս ամիս եւս կատարվեց մեկ լուրջ իրադարձություն (ի տարբերություն նախորդի, այս մեկը չավարտվեց կալանքով) եւ կազմվեց ամսվա իրադարձային ողնաշարը, իսկ մյուսները, պարզապես, լրացրին։ Հուլիսի իրադարձությունը կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի միգրացիայի անհաջող փորձն էր, ըստ հավաստի տվյալների, մեկ մլն դոլարով հանդերձ։

Ըստ երեւույթին, մեկ միլիոնն առայժմ կմնա Հայաստանում։ Այս ամիս երկրի վերին էշելոնը ժամանց-այցելությունների մեկնեց Հայաստանի մի քանի քաղաքներ, ու այցը համընկավ վարդավառի տոնակատարությանը եւ իրար ջրելու արարողությունը ավելի անկաշկանդ դարձրեց այցը. իշխանությունները մտերմիկ-դիվանագիտության կուրս են վերցրել։ Հուլիսին Վանո Սիրադեղյանը կանչվեց առերես հարցաքննության Վահան Հարությունյանի հետ։ Այս մասին անթաքույց հպարտությամբ հայտարարեց Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ եւ ասուլիսին ակնդետ հետեւող ժողովրդի կասկածը փոքր-ինչ փարատվեց, եւ նա նորից սկսեց հետեւել հատուցման ժամի գործողությունների զարգացմանը։

Ս. Սարգսյանը օրվա հերոսն էր։ Այս ամիս «Մամուլի ակումբ» հեռուստահաղորդումը գնաց արձակուրդ։ Հաղորդումը եթեր դուրս կգա, հավանաբար, փոխված տարբերակով, քանի որ մասնակիցների մտավոր ներուժը ակնհայտ հոգնածության նշաններ էր ցույց տալիս։ Հուլիսին թատերական ինստիտուտի ռեկտոր նշանակվեց Սոս Սարգսյանը, եւ հայտնեց ի թիվս այլ հայտարարությունների, որ «Օ՛պերետը մեր ազգի հետ կապ չո՛ւնի»։ Իբրեւ հանդիսատես անվանի դերասանի հետ լիովին համամիտ եմ, եւ դրա հետ կապված՝ թատրոնում կադրային կրճատումներ են կատարվել, որոնք մեր կոմպետենցիայի մեջ չեն մտնում։

Եվ վերջապես, «Դալլաս» սերիալի իրադարձությունների կտրուկ եւ անհասկանալի ընթացքը հայ հանդիսատեսի մեջ շփոթություն է առաջացրել, եւ քանի որ բնակչության կեսից ավելին սերիալներին վերաբերում է իբրեւ կենսական էներգիայի աղբյուրի, հեռուստատեսության հեռախոսները սկսել են ահազանգել, թե «Դալլասում» իրադարձությունները չեն կապակցվում եւ հեռուստատեսությունը ինչ-որ բան շփոթել է։ «Լրաբերը» որոշում է 20.00-ի եթերը սկսել «Դալլասի» սյուժեի մեկնաբանությամբ։

«Լրաբերն», անշուշտ, ռոմանտիկ կողմնորոշում ունեցավ, գուցե միայն այս ամիս…

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31