Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑՆՑԵՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ

Օգոստոս 04,1998 00:00
avtobus

1998-ի հուլիսի 29-ին քաղաքապետի որոշմամբ արգելվեց միդռնանի ավտոբուսների շահագործումը մայրաքաղաքում։ Որոշման ճիշտն ու սխալը չափազանց հարաբերական է, որովհետեւ մի կողմից մեզնից ոչ ոք իրեն չի զրկել այդ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից եւ գիտի, թե որքան անհարմար եւ վտանգավոր է այն։ Սակայն, մյուս կողմից, բազմաթիվ վարորդներ հսկայական ծախսերի եւ զրկանքների գնով ձեռք են բերել ե՛ւ ավտոբուսը, ե՛ւ արտոնագիրը։ Ու այս որոշումը նրանց կանգնեցրել է կոտրած տաշտակի առաջ։ Այս որոշումը մի վտանգ եւս ունի։

Բանն այն է, որ պետության տված արտոնագրերի եւ պայմանագրերի հանդեպ ձեւավորվում է հերթական անվստահությունը։ Մարդիկ երբեք չգիտեն, թե եր՞բ, ո՞ւմ խելքին ինչ կփչի։ «Քնում-արթնանում, մի որոշում են կայացնում»,- այսպես արտահայտվեց քաղաքապետարանի հերթական որոշման մասին վարորդներից մեկը։ Իսկ որոշման նպատակը, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Ժիրայր Սարգսյանի՝ ուղեւորների անվտանգությունն է։

«Կանոնավոր երթուղում աշխատող 18-20 տեղ ունեցող ավտոբուսները պետք է երկու դուռ ունենան։ Դա վթարների ու հրդեհների ժամանակ հեշտացնում է ուղեւորների տեղափոխման արտոնագիրը»,- ասաց պրն Սարգսյանը։ Մեր այն հարցին՝ մի՞թե արտոնագիրը տալու ժամանակ այս անվտանգության մասին չգիտեին, եւ ինչո՞ւ հատկապես այսօր կայացվեց այդ որոշումը, պրն Սարգսյանն ասաց, թե այդ ավտոբուսները հենց արտադրման օրվանից նախատեսված չեն ներքաղաքային երթուղում աշխատելու համար. «Տրանսպորտի վիճակը ծանր էր ժամանակին, եւ աչքերը փակել են։ Մի օր այս որոշումը պետք է դուրս գար եւ դուրս է եկել»։

Սպասվում է գործազրկության նոր ալիք

Ըստ չճշտված տվյալների (ավելի ճիշտ՝ ըստ քաղաքապետարանի տվյալների), այսօր մայրաքաղաքում 164 արտոնագրված ավտոբուս կա։ Եթե այս թիվն ընդունենք ի գիտություն (թեպետ վարորդների պնդմամբ այդ թիվը շատ ավելի մեծ է), ապա դժվար չէ հաշվել, թե քանի ընտանիք եւ քանի ՀՀ քաղաքացի քաղաքապետարանի վերոհիշյալ որոշումից հետո կմնա անգործ, հետեւաբար՝ առանց գոյության միջոցների։

Ապահովությունը լավ բան է

Իհարկե, ոչ ոք չի ժխտում այս իրողությունը։ Ուզում ենք ենթադրել, որ քաղաքապետարանի վերոհիշյալ որոշումն ինչ-որ ձեւով առնչվում է վերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած 51 երթուղու ավտոբուսի դժբախտ պատահարին։ Միդռնանիների փոխարեն՝ Mitsubichi Մի կերպ կարողացանք ճշտել, որ երթուղիներից վտարվող ավտոբուսների փոխարեն տրանսպորտի նախարարությունը ձեռք է բերել վերոհիշյալ ֆիրմայի շուրջ 8 տասնյակ ավտոբուս։ Ավտոբուսները մեկ ամսվա ընթացքում կսկսեն աշխատել։ Թե ովքեր կլինեն դրանց վարորդները եւ ինչ սկզբունքով կընտրվեն, չիմացանք։ Երեւանի պետավտոտեսչության պետը բողոքող վարորդներին կոչ արեց միտինգ չանել եւ ասաց, թե «Քաղաքապետարանի որոշումը ճիշտ է եւ ժամանակին, որովհետեւ վարորդների ճնշող մեծամասնությունը նմանատիպ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունի, աշխատանքային ստաժ չունի, իսկ մեքենաների մեծ մասը տեխնիկական զննությանը չի համապատասխանում»։

Հետո էլ ասվեց պետավտոտեսչության հատուկ կարծիքը՝ ավտոբուսների վարորդներից 10-ից 2-ը միայն կարող են ուղեւոր փոխադրել։ Այստեղ հենց այնպես, առանց հետին մտքի հարցնենք, թե այդ ինչպե՞ս է, որ այդ 10-ին, այնուամենայնիվ, տրվել է ավտոբուս վարելու իրավունք։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31