Մի տարօրինակ գործընթացի ականատեսն ենք՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրություններում պաշտպանած, եւ ըստ այդմ՝ իշխանամետ քաղաքական ուժերը հերթով փորձում են ընդդիմադիր վերաորակավորվել։ Առաջիններից մեկը Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունն էր, որի գործադիր կոմիտեի փոխնախագահ Աղասի Արշակյանը կառավարության հրաժարականն անհրաժեշտ համարելով՝ չբացառեց, որ ներկա վիճակի պահպանվելու դեպքում իրենք նաեւ նախագահի հրաժարականը կպահանջեն։
Հաջորդը «Սահմանադրական իրավունք» միությունն է, որն իր պաշտոնաթերթի էջերում գնալով խստացնում է գնահատականները ներկա իշխանությունների հասցեին։ Այս դեպքում գուցե ոչ անկարեւոր գործոն է նաեւ այն, որ միայն ընդդիմադիրի համբավի ծվենները փրկել փորձելով է հնարավոր բարձր տպաքանակը պահպանել։
Ահա այժմ էլ այս համախմբին միացավ նաեւ Հայաստանի սոցիալիստական ուժերի միությունը, դարձյալ քննադատության խոսքեր ուղղելով իր իսկ պաշտպանած թեկնածուին։
Այս երեք կազմակերպություններին միավորող մի հանգամանք է, որ նրանցից եւ ոչ մեկը որեւէ (թեկուզ խորհրդանշական) պաշտոն առայժմ չի ստացել։ Իհարկե, առերես բոլորն էլ կասեն, թե աթոռի ակնկալիքով չէին մարտին կատարել իրենց «ի պաշտպանություն» հայտարարությունները։ Սակայն էլ ինչո՞վ է բացատրելի օրավուր աճող այս նյարդայնությունը եւ դժգոհությունը։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ դրանց անհաղորդ են Քոչարյանի այն պաշտպանները, որոնց իշխանության որոշակի մասնաբաժին է հասել։ Հակառակը, «ներսից» դիտարկումների շնորհիվ նրանք առավել ըմբռնող են դարձել, դժվարությունների դրդապատճառներն ու բացատրությունները գիտեն ու մեղմում են իրենց գնահատականները։ Անհրաժեշտ է սակայն վերապահում կատարել։
Կարդացեք նաև
ՀՅԴ-ին, ճիշտ է, որոշակի մասնաբաժին հասավ (այլ հարց է, թե դաշնակցականները որքանով են այն համապատասխան համարում իրենց դերին ու կշռին), բայց մասնավորապես Գերագույն ժողովի հայտարարության մեջ դաշնակցությունն էլ ընդդիմադիր ոգով արձանագրումներ կատարեց։ Իհարկե, ասենք, կադրային սխալ քաղաքականության մասին պնդումները ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ որեւէ մեկն այդպես էլ չի փաստարկում ու որոշակիացնում (արժե՞ հարաբերություններ փչացնել), բայց ա՛յ «արատավորված համակարգի դեմ հանդես գալ» խոստանում են։ Միայն մի հանգամանք է ամոթխածորեն անտեսվում, որ հենց իրենք էլ այսօր այդ իշխանական համակարգի մաս են կազմում՝ նախարարներով, մարզպետով, նախագահի խորհրդականով եւ պետական այլ պաշտոնյաներով։
Խնդիրն այնուամենայնիվ նույնիսկ այն էլ չէ, որ երեկվա մեր ընդդիմադիրներն այսօր իշխանամետ դառնալով՝ համառորեն չեն ցանկանում շեշտադրումները փոխել։ Ավելի կարեւոր է այդ չարչրկված պատասխանատվության խնդիրը։ 100 օր առաջ այս կուսակցությունները «համերաշխորեն մեծ ջանքեր էին ներդրել» («Իրավունք», թիվ 36) Ռոբերտ Քոչարյանի ընտրության գործում, այսօր փորձում են ձեւ անել, թե կապ չունեն այս ամենի հետ։ Չլինի՞ պաշտպանության հայտարարությունները «փակ աչքերով» էին արել եւ նախապես իրենց պաշտպանյալի հետ չէին փորձել ճշտել՝ ցրելո՞ւ է ԱԺ-ն, ինչպիսի՞ կառավարություն է կազմավորելու, մեղավորներին փորձելո՞ւ է պատասխանատվության կանչել եւ այլն։ Սակայն այս ամենը չպարզած գովազդային գործակալների՞ էին վերածվել, իրենց թերթերն էլ ողողել միակողմանի քարոզչությամբ՝ գովերգելով մեկին ու փնովելով մնացածներին։ Դե բարի թող լինեն այժմ տեր կանգնել Ռոբերտ Քոչարյանի ե՛ւ սխալներին, ե՛ւ հաջողություններին։
Այսինքն, հաջողությունների դափնիները կիսելու համար առանձնահատուկ հրավերների կարիք չկա էլ։ Մնացած դեպքերում է, որ պետք է հիշեցնել, թե պիտի իրենց ընտրության պատասխանատուն մնան եւ առաջիկա 5 տարում իրենց իրավունք չվերապահեն կողքից հայեցողի, դիտորդի եւ առավել եւս՝ թվացյալ ընդդիմադրի հնչերանգով խոսել։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀՍՈՒՄ-ի հայտարարությունը կարդացեք 4-րդ էջում: