Սա Արշակ Սադոյանի դիմանկարի փորձ չէ։ Պարզապես վերնագիրն այսպես միանշանակ ստացվեց, քանզի քաղաքական նոր թատերաշրջանի բեմ ենք ոտք դնում մի իրավիճակում, երբ Հայրիկյանը, Դավիթ Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արամ Սարգսյանը միանգամայն հասկանալի ու հարգելի պատճառներով բացակայելու են միտինգներից։ Իսկ կոմունիստների ժամանակը ոնց որ դեռ չի եկել։ Առավել եւս չի եկել Խաչիկ Ստամբոլցյանի ժամանակը։
Անցել է նաեւ ՀՀՇ-ի ժամանակը։ Իսկ Եգորյանի ու Վահագն Խաչատրյանի միտինգային պրեմիերաները կարծես թե ձախողման են դատապարտված։ Իսկ Վազգեն Մանուկյանն էն գլխից միտինգների նկատմամբ առանձնապես թուլություն չի դրսեւորել։ ՀՅԴ-ն նույնպես չի դրսեւորել։ Իսկ Դեմիրճյանը հավանաբար կշարունակի կողմնորոշվել։ Այսինքն՝ բեմում միայն Սադոյանն է։
Ինչպե՞ս եղավ, որ այդպես եղավ։ Ինչպե՞ս եղավ, որ այս միտինգասեր ժողովուրդը, որին 88-ից սկսած իրար ձեռից խլխլում էին, ամբողջովին Սադոյանի փայը դարձավ։ Չկա՞ նախկին ռոմանտիզմը, թե՞ նախկին էնտուզիազմը չկա։ Թե՞ երկուսը միասին չկան։ Թե՞ իշխանություններն են լավացել։ Կամ՝ ժողովրդի կյա՞նքն է լավացել։ Եվ կամ՝ երկուսն էլ լավացե՞լ են։ Թե՞ Ղարաբաղի հարցն է արդեն-արդեն լուծում գտնում։ Եթե այդպես է, ապա ի՞նչ է ուզում այդ Սադոյան կոչվածը մեր խեղճ հոգիներից։ Կամ՝ մե՞նք ինչ ենք ուզում իր խեղճ հոգուց։ Այս հարցերին հստակ կարող էինք պատասխանել, եթե, իհարկե, լավ ճանաչեինք թե՛ ինքներս մեզ եւ թե՛ Սադոյանին։
Եվ քանի որ մենք թե՛ առաջին հարցում ենք թերացել եւ թե՛ մանավանդ երկրորդ, ապա ստիպված պիտի լինենք բավարարվել կամայական ենթադրություններով ու եզրակացություններով։ Այս երեւույթները հասկանալու եւ մանավանդ հասկացնելու համար հավանաբար պարտադիր է նաեւ հիշել, որ Սադոյանը ժողովրդի միակ սիրելին դառնալու դժվարին ճանապարհին մահկանացուներիս պես նաեւ բացթողումներ, սխալներ ու թուլություններ է ունեցել։ Սկսած 88-ից, երբ, ինչպես հայաստանաբնակներից շատ-շատերը, ինքը եւս անվերապահորեն մեր բախտը կապում էր նոր կազմավորված ՀՀՇ-ի հետ։ Դրանք այն ժամանակներն էին, երբ անզեն աչքով նայողներիս միանգամայն անտեսանելի էին Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի, կամ, ասենք, Սիրադեղյանի ու Դավիթ Վարդանյանի միջեւ հասունացող հակասությունները։
Կարդացեք նաև
Եվ ՀՀՇ-ի շարժումը դեռ այն ժամանակներում չողջունողներն ու ՀՀՇ-ի շրջապատ երբեւէ չթափանցածները ենթադրել անգամ չէին կարող, թե երբեւէ ՀՀՇ հիմնադիրներն ու ղեկավարները կարող են իրար դեմ դուրս գալ։ Իսկ ինչ վերաբերում է անձամբ Սադոյանին, ապա չի կարելի չնշել, որ նա ժամանակին հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի Երրորդ հանրապետության առաջին խորհրդարանն առավելագույնս լեփլեցուն լիներ հհշականներով։ Այլ հարց է, որ հետագայում այդ հհշականների մի մասը դաշնակցական դարձավ, մյուս մասը՝ աժմական, երրորդ մասը՝ ռամկավար, եւ ինքնըստինքյան խորհրդարանը մի քիչ խայտաբղետ տեսք ընդունեց։
Բայց սա ամենեւին չի նշանակում, թե Սադոյանը սխալներ եւ թուլություններ է ունեցել միայն 88-91 թվերին։ Ընդհակառակը՝ հակված ենք կարծել, որ նա, ինչպես բոլորս, դպրոցական տարիներին բազում չարություններ է արել, դասերից փախել, բռնել է թիթեռ եւ այլն։ Այսինքն՝ նա մարդ է եղել եւ ոչ թե՝ Աստված։ Եվ կշարունակի մարդ մնալ, լավագույն դեպքում՝ գերմարդ, քանզի այսուհետ գրեթե միայնակ պիտի պայքար մղի բազում արհեստավարժների դեմ։ Այնուամենայնիվ, ո՞նց եղավ, որ հենց Սադոյանը ստանձնեց մեզ հետ կիսել մեր բոլոր հոգսերը։ Ո՞նց եղավ, որ հենց նրան վստահեցինք։ Ո՞րն է պատճառը։ Այս ամենը հասկանալու համար անհրաժեշտ է քննության առնել մի քանի կարեւորագույն հանգամանքներ։
Ա) Սադոյանի լեզուն։ Սադոյանի լեզուն հայերենն է՝ չափավոր գրական եւ չափավոր խոսակցական։ Սա այն լեզուն է, որը չեն գործածում ո՛չ լեզվաբանները, ո՛չ գրականագետները եւ ո՛չ էլ քուչի «լավ» տղերքը։Սադոյանի խոսվածքը, կարելի է ասել, մեր միջին խավի խոսվածքն է, պայմանականորեն ասած՝ միջին հայերենը, որը մատչելի ու հասկանալի է մեր բոլոր խավերին։
Բ) Սադոյանի ոճը։ Սադոյանի ոճը միանգամայն հարազատ ու ներդաշնակ է նրա լեզվին։ Սույն ոճի կարեւորագույն բաղադրիչը խոսքի անմիջականությունն է։ Եվ հավանաբար ինքը՝ Սադոյանն էլ դա լավ է ըմբռնում, եւ պատահական չէ, որ ինքն իր պատգամավորական ուղերձներն ամեն անգամ հղում է ոչ թե գործընկերներին, այլ՝ «հարգելի ռադիոլսողներին»։ Հաճախակի, իր խոսքի անմիջականությունն առավել խորացնելու նպատակով, Սադոյանը գործածում է միջանկյալ եղբայր բառը, որը ծայրահեղ դեպքերում եւ հատկապես զայրույթի պահերին փոխարինում է ախպեր տարբերակով։ Այսպես նա այլ առտնին բառերով էլ է համեմում իր խոսքը, եւ այս ամենը նրա մոտ ավելի քան բնական է ստացվում եւ ոչ թե՝ բռնազբոսիկ։
Գ) Սադոյանի արտաքինը։ Նա ոչ շատ բոյով է, ոչ էլ՝ կոլոտ, ոչ շատ գեղեցիկ է, ոչ էլ՝ տգեղ, ոչ շատ փնթի է հագնվում, ոչ էլ՝ շատ կոկիկ ու շքեղ։ Պահվածքը նույնպես հասարակ է։
Դ) Սադոյանի կենցաղը։ Նա ոչ աղքատ է, ոչ էլ՝ հարուստ։ Եվ այն տարիներին, երբ հայոց միջին խավն «Աստրա» էր ծխում, ինքն էլ ծխեց։ Մենք, ճիշտ է, կատակով ասում էինք, որ ինքը «Աստրայի» տուփի մեջ «Մարլբորո» է լցնում, բայց հո գիտեի՞նք, որ դա այդպես չէ։ Եվ երբ հայոց միջին խավն արդեն հնարավորություն ունեցավ «Աստրայից» անցնել «Ֆրեդոմի»՝ ինքն էլ անցավ։ Այսինքն՝ նա իսկապես մեր չափավոր միջին խավի տիպիկ ներկայացուցիչն է։ Բանավոր զրույցներում, ճիշտ է, երբեմն ընկղմվում է էլիտար-ազգային-փիլիսոփայական խորխորատները, բայց այնտեղից միշտ էլ ճիշտ ժամանակին է դուրս գալիս, եւ որ ամենակարեւորն է՝ չոր։
Ե) Սադոյանի քաղաքական հայացքները։ Նրանք, ովքեր Սադոյանին ծայրահեղական են համարում՝ խորապես սխալվում են, քանզի նա քաղաքականության մեջ էլ չափավոր է՝ չափավոր ազգային, չափավոր ժողովրդավար, չափավոր պացիֆիստ, չափավոր սոցիալիստ եւ այլն։ Եթե թվարկված հատկանիշներին ավելացնենք նաեւ հետեւողականությունը, համառությունը, անկաշառությունը եւ մարտունակությունը, ապա Սադոյանի կերպարն առավել ամբողջական կներկայանա։
Այս ամենից, անշուշտ, կարելի է հետեւյալ եզրակացությանը գալ. Արշակ Սադոյանն այն անձնավորությունն է, որը մշտապես պիտի մեր շահերը ներկայացնի ԱԺ-ում եւ քաղաքական այլ շրջանակներում։ Նա միշտ մեզ հետ է եղել. մինչեւիսկ ընդհատակի իր այն օրերին ԶԼՄ-ների եւ այլնի միջոցով մշտապես իր մտորումները մեզ հետ կիսում էր։ Հարկ է նշել, որ թե՛ նախկին եւ թե՛ նոր իշխանությունները քաջ գիտակցել եւ գիտակցում են, որ ժողովրդին չի կարելի զրկել իր միակ ունեցվածքից՝ Արշակից։ Չնայած նախաբանում շեշտեցինք, որ այս հոդվածը դիմանկարի փորձ չէ, բայց իսկը քաղաքական դիմանկար ստացվեց։
Իսկ գլխավոր հարցը, որ ծագում է եւ կշարունակի ծագել բնական ու բանական ուղեղներում, հետեւյալն է. եթե ամենից շատ իրեն ենք սիրում, հավատում ու վստահում, ապա ինչո՞ւ հենց իրեն չենք ընտրում Հայաստանի նախագահ։ Ասեմ։ Նախ՝ ինքն իր թեկնածությունը երբեւէ չի առաջադրել։ Երկրորդ. մենք համառորեն չենք ցանկանում, որ մեր նախագահն առավելագույնս նման լինի մեզ։ Հավանաբար սույնի գիտակցությամբ էլ ինքն իր թեկնածությունը չի առաջադրում։ Եվ սույնի թելադրանքով էլ մեր այս գրությանը մի քիչ հեգնանք խառնվեց։ Մի քիչ։ Աննշան։
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ