Լրահոս
Օրվա լրահոսը

100-րդի երկար սպասումով

Օգոստոս 01,1998 00:00
inqnatir

Միացյալ հայկական հիմնադրամի 100-րդ ինքնաթիռի վայրէջքն իսկապես իրադարձություն էր լինելու։ Ու հավանաբար այդ հանգամանքը գիտակցում էր նաեւ ինքը՝ ինքնաթիռը, որ իրեն այդքան սպասեցնել տվեց։

Երբ լրագրողներս ժամը 18-ի սահմաններում հասանք «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզվեց, որ ինքնաթիռը 45 րոպե ուշացումով էր վայրէջք կատարելու։ Չէի ասի, թե այդ մեկ ժամն աննկատ անցավ, բայց դե ինչպես ասում են ամեն ինչ անցողիկ է, եւ այդ մեկ ժամն էլ անցավ։ Երբ երկնակամարում հայտնվեց հսկա, խակի գույնի ինքնաթիռը՝ լրագրողներս շտապեցինք դեպի թռիչքահրապարակ, որտեղ մեզ միացան (կամ մենք միացանք) բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախարարներ, դեսպաններ…

Ժամը 19-ին Միացյալ հայկական հիմնադրամի ինքնաթիռը հյուրերով, դեղորայքով, բուժսարքավորումներով, հաջողությամբ կատարեց իր պատմական 100-րդ վայրէջքը։ Ընդունված կարգի համաձայն պաշտոնատար անձինք եւ լրագրողները մոտեցան ինքնաթիռի բացվող դռանը։ Քամուն, անձրեւին, ինքնաթիռի չընդհատվող դռռոցին 15 րոպե անհամբեր, հյուրերին տեսնելու սրտի թրթիռով սպասելուց հետո՝ պարզվեց, որ հյուրերն այդ դռնից չեն կարող իջնել։ Ուզած-չուզած շքախումբը խելոք մոտեցավ մյուս դռանը, մի 15 րոպե էլ այդտեղ սպասելուց հետո պարզվեց, որ հիմա էլ շարժասանդուղք չկա (օդանավակայանում տեղեկացրին, որ ինքնաթիռը նախօրոք շարժասանդուղք չէր պահանջել)։ Երբ որ բացվեցին դռներն ինքնաթիռի՝ հայտնված առաջին ծիծեռնակները ամերիկացի մեր գործընկերներն էին, որոնց հետեւեցին ամերիկահայ բարերարներն, ու սկսվեց պաչպչոցը։

Այս ամբողջ արարողությունից հետո արդեն հյուրերի հետ շարժվեցինք օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահ, որտեղ դիմավորեց հանրապետության վարչապետ Արմեն Դարբինյանը։ Ընդունելության սրահում հենց այն է, վարչապետն ուզում էր ողջույնի խոսք ասել՝ ամերիկահայ լրագրողներից մեկը պատվիրեց. «այդ դեղը սպիդակ է, վիդիոյով լավ դուրս չի գա, այն գողմը գանգնեք»։

Հայաստանի Հանրապետության վարչապետը քաղաքավարությամբ ընդունեց ամերիկահայ մեր բարեկամի խնդրանքը եւ շքախմբով տեղափոխվեց։ Երախտագիտությունը հայտնելով հյուրերին եւ մասնավորապես Միացյալ հայկական հիմնադրամին՝ վարչապետ Արմեն Դարբինյանը նշեց. «Մեզ համար հումանիտար օգնությունը իսկապես շատ լուրջ աջակցություն էր այն ժամանակահատվածում, երբ մենք ստեղծում էինք մեր պետականությունը, եւ համոզված եղեք, որ այդ աջակցությունը մեծապես նպաստեց այս պետության կայացմանը»։

Իր հերթին, Միացյալ հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հարություն Սասունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը արժանացրած ընդունելության համար, միաժամանակ ԱՄՆ-ի կառավարությանը փաստելով, որ 35 ինքնաթիռի ծախսերը հոգացել է ԱՄՆ կառավարությունը։

Ավելացնենք, որ օգնության մի մասը կհասնի արդեն այսօր, մեկ այլ ինքնաթիռով։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31