Նախորդ օրն «Առավոտի» հյուրասրահում էր «Շամիրամ» կուսակցության համանախագահ Շողեր Մաթեւոսյանը, որի հետ զրույցը սկսվեց նրա ղեկավարած կազմակերպության ներկայիս վիճակի մասին հարցադրումով։ Տիկին Մաթեւոսյանն ասաց, որ «Շամիրամը» հետեւում է իշխանության քայլերին, որը ժամանակ առ ժամանակ վերելքներ է ապրում, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ ծանր անկումներ ունենում։ Հիմա, ըստ էության, «Շամիրամը» գտնվում է կողմնորոշման փուլում, ու ամեն ինչ կախված է նրանից, թե իշխանությունն իրեն ինչպես կպահի։
Տիկին Մաթեւոսյանը ցանկանում է, որ «իշխանությունն իրեն պահի պրեզիդենտաբար, նախագահը հանրապետությանը ներկայանա ոչ թե իբրեւ տղամարդ, այլ՝ նախագահ, որպես երկրի տեր»։ Նրանք պետք է ավելի լայնախոհ լինեն, որովհետեւ արտաքին քաղաքականության առանցքային հարցադրումը Ղարաբաղն է։ Իսկ. «եթե գնում ենք ներքին պառակտումների, դա ես տեղացի իշխանավորի վարք չեմ համարում, չեմ կարծում, որ տեղացին այդպես կպահեր իրեն։ Ներքաղաքական անկայունության ձգտումն իշխանությանը բնորոշ վարվելաձեւ չէ, այլ՝ կնոջ կամ տղամարդու»։
Տիկին Մաթեւոսյանը կարծում է նաեւ, որ իշխանությունն իր առջեւ դրված խնդիրները հստակեցնելու անհրաժեշտության հանդիման է հայտնվել. «Տպավորությունս այն է, որ ցայտնոտի մեջ են հայտնվել եւ արագ քայլեր են ձեռնարկում իրենց կարծիքով հասարակությանը զոհեր մատուցելու համար, ինչը խրախուսելի չէ, որովհետեւ, կարծես թե, դեռ կռիվ ունենք դրսի հետ, եւ այդ պատճառով, առաջին հերթին, ներքին կայունություն է հարկավոր»։
Շողեր Մաթեւոսյանն ասաց նաեւ, որ «Շամիրամն» առանձնակի նշանակություն չի տալիս այն հարցին՝ իշխանություններն իր հետ լավ կլինեն, թե վատ. «Թող իրար մեջ լավ լինեն, իրար հետ լավ լինեն, եւ դա լավ կլինի «Շամիրամի» համար»։ Իսկ թե ովքե՞ր են իրենք, պարզաբանվեց հետեւյալ կերպ. «Իրենց մի մասը մերժվածներ են, որ հիմա թափառում են նախագահի պալատում։ Ինչպես մի ժամանակ որոշ գրողներ ասում էին՝ եթե Հրանտ Մաթեւոսյանը չլիներ, իրենք էին լինելու առաջատար գրողը, հիմա էլ ոմանց թվում է, որ եթե Վանո Սիրադեղյանը չլինի՝ իրենք կդառնան առաջատար։ Նրանք Վանոյին համարում են իրենց բոլոր դժբախտությունների պատճառը»։
Կարդացեք նաև
Տիկին Մաթեւոսյանն, իհարկե, ձեռնպահ մնաց անուններ տալուց, խոսքը կոնկրետացնելով մասնակիորեն միայն. «Նրանց որոնեք արդարության եւ միասնության գաղափարակիրների մեջ»։ Այս նոր իշխանությունները, Շ. Մաթեւոսյանի գնահատմամբ, հոգեբանական մի նոր որակ էլ են ձեռք բերել՝ կոմպրոմատների հավաքման գործելակերպը. «Իմ տպավորությունն այն է, որ այս հանրապետությունում առաջին պրոբլեմը Վանո Սիրադեղյանն է, հետո՝ Ղարաբաղը»։ Շողեր Մաթեւոսյանն ամուսնու՝ Լեւոն Զուրաբյանի հետ ԱՄՆ չի մեկնելու։ Պատճառաբանությունն առավել քան հիմնավոր է. «Ինչպես կարող եմ «Շամիրամը» թողնել արհեստավարժ տղամարդկանց ձեռքին եւ մեկնել ԱՄՆ։ Ամենուր արհեստավարժներ են շրջում»։ Տիկին Մաթեւոսյանը վերահաստատեց, որ իրենք սկզբունքորեն էլի նույն դիրքերում են՝ Վանոյի հետ դժոխք էլ կգնան։
Հիմա հերթականությամբ անջատվում են «Շամիրամի» հեռախոսները, հետ է պահանջվում կահույքը. «Չմոռանան, թող գան մեքենան էլ տանեն, որ մեզ մոտ է, բայց մենք բարեկեցությունը չենք փոխի Վանո Սիրադեղյանի հետ»։ Իսկ հավատո՞ւմ է տիկին Մաթեւոսյանն այն խոսակցություններին, ըստ որոնց Վանո Սիրադեղյանը հանցագործություններ է կազմակերպել. «Ես կոկետ լրագրող չեմ, որ հեռուստաեթերում ուշաթափվեմ ու ասեմ, թե չեմ ուզում հավատալ։ Ես պարզապես բացառում եմ այդ հարցը։ Հավատում եմ այլ բանի՝ ելնելով խղճահարությունից, ինչքան անողնաշար կա Վանո Սիրադեղյանը հավաքել է իր կողքը»։
Ո՞ւմ նկատի ուներ։ «Նրանց, ովքեր առերեսումների են մասնակցում, եւ թող սովորեն, որ դավաճանությունը սիրուն բան չէ ընդհանրապես։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ կոմպրոմատներ հավաքել չի սովորեցրել»։ Վանո Սիրադեղյանին առերեսման կանչելը Շողեր Մաթեւոսյանը գնահատում է այսպես. «Արհեստավարժ տղաների օտար խաղեր են, ինչպես օրինակ՝ «Ադիդաս» ֆիրմայի գովազդը Սարյանի որեւէ բնապատկերին, կամ պինգ-պոնգը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավի ֆոնին»։ «Շամիրամն» ակտիվություն չի ցուցաբերում, քանի որ այս իշխանությունը կուսակցության հետ քաղաքականություն չի խաղում. «Խաղում է ՀՅԴ-ի, ՍԻՄ-ի եւ երկար տարիներ մերժված մյուսների հետ։
Կա երկու-երեք սկզբունքային հարց. նախեւառաջ պետք է երկրի մասին իսկապես մտածող մարդիկ լինեն։ Նախագահը պետությունն է, նա պետք է կայանա, որքան կարող է, ինչին կփորձենք չխանգարել։ Իսկ եթե ինքը փորձի երկիրը մասնատել, թույլ չենք տա։ Օգնություն է պետք՝ խնդրեմ։ Իսկ ընդդիմություն լինել մեզ չի սազում, որովհետեւ հիմնականում օպոզիցիան է քանդել այս երկիրը»։ «Շամիրամի» առաջիկա անելիքների վերաբերյալ ասվեց հետեւյալը. «Կուսակցությունը լավ մաքրվել է, խիզախ, խելոք, ինտելեկտուալ մարդիկ են մնացել միայն։ Առաջիկա համագումարը ցույց կտա, թե ինչպիսին է «Շամիրամի» վերաբերմունքն իշխանության նկատմամբ։ Իսկ մինչ այդ պետք է որոշվի, թե ովքեր են մնում կազմակերպության մեջ։
Ըստ էության, «Շամիրամը» չի եղել կուսակցություն, այն լցրել է պետության եւ իշխանության միջեւ գոյություն ունեցող անջրպետը։ Ա՜յ, ՀՀՇ-ն դարձավ կուսակցություն՝ Տեր-Հուսիկից հետո։ Բոլոր միջակ մարդիկ համախմբվում են կուսակցություններում»։ Իսկ մեր վերջին հարցադրմանը, թե ճի՞շտ է, արդյոք, որ հակասություններ գոյություն ունեն «Շամիրամի» համանախագահներ Գայանե Սարուխանյանի եւ Շողեր Մաթեւոսյանի միջեւ, վերջինս պատասխանեց. «Նախեւառաջ պետք է կապ գոյություն ունենա, որից հետո միայն՝ հակասություններ»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ