«Առավոտի» հուլիսի 30-ի համարում տպագրված երկու հոդվածները («Խելքի աշեցեք» եւ «Օրենքը՝ քարեդարյան մտածողության եւ մարտնչող ստրկամտության օտարման հենարան») պատճառ դարձան, որ Աջափնյակի կրպակներից «հավաքվեն» բոլոր «Առավոտները»։ Այս մասին մեզ հեռախոսազանգերով տեղեկացրին նույն համայնքի բնակիչները։
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԳՆ-ՈՒՄ
Արդյոք կրթության եւ գիտության նախարարությունում անցկացվող ստուգումների մասին պտտվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը. այս հարցով դիմեցինք նախարարություն։ Մեզ հայտնեցին, որ դրանք կառավարության վերահսկողական ծառայության կողմից անցկացվող հերթական ստուգումներն են։ Ստուգումներ կանցկացվեն կրթության համակարգի մի քանի հաստատություններում, եւ նախարարի խնդրանքով՝ առաջին հերթին նախարարության կենտրոնական ապարատում։
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Կարդացեք նաև
Շմավոն Շահբազյանը նշանակվել է ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի վարիչ։ Անցյալում այդ պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Ղազարյանը։ Իսկ Շմավոն Շահբազյանն անցյալում արտաքին հարաբերությունների բաժնում ավագ խորհրդատու էր եւ համակարգում էր ԱԺ պատվիրակության աշխատանքները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։