Երեկ գիշերը, ժամը 2-ի կողմերը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ժամանակավորապես հատկացված առանձնատան ուղղությամբ մոտ տարածությունից արձակվել է 3 ավտոմատային կրակահերթ։ Մի քանի րոպե անց դեպքի վայրը հասած ոստիկանությանը եւ Տեր-Պետրոսյանի թիկնապահներին չհաջողվեց հայտնաբերել կրակողներին։
ՓԱՍՏԱՐԿՎՈՂ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, նախագահ Քոչարյանը դատախազ Հենրիկ Խաչատրյանին Վահան Հարությունյանի եւ Արմեն Տեր-Սահակյանի գործերի կապակցությամբ հանձնարարություն է տվել, թե ամեն դետալ, որն ընդգրկված կլինի դատարանում ներկայացվելիք մեղադրական եզրակացության մեջ, պետք է լինի փաստարկվող եւ ապացուցելի։ Այլապես՝ հակառակ կողմը մեկ սարքված դետալի վրա անգամ կարող է ամբողջ քրեական գործի սարքովիության տպավորություն ստեղծել, ինչը պետք է բացառվի։
ՋԻԼԱՎՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԱԶԱՏ Է
Կարդացեք նաև
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ազատ է արձակվել ռուսական կոմսի կոչում ունեցող հայազգի Սերժ Ջիլավյանը, որը ձերբակալվել էր Լոնդոնում։ Ըստ նույն աղբյուրի, Ջիլավյանի ազատ արձակման հիմքերն առավելապես բարոյական են։ Նա անգլիական իշխանություններին ասել է, որ մեկենասն է Մոսկվայի հայկական դպրոցի, եւ հանդես է գալիս իբրեւ բարեգործ։