Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը բոլորի համար հավասար է»

Հուլիս 31,1998 00:00
police

Ասել է նախագահը եւ խոստացել, երբ ինքն ընտրվի, կիրագործվի այդ պատգամը։

Հանրապետության քաղաքներում անվտանգ երթեւեկության ապահովումը կապված է մի շարք պրոբլեմների լուծման հետ։ Նշենք, որ մեր քաղաքներում ցածր է փողոցների երթեւեկության թողունակությունը տրանսպորտային միջոցների կողմից, հատկապես աղետի գոտում։ Փողոցների մեծ մասի մի կողմը ունի երթեւեկության մեկ կամ երկու գոտի, երեք եւ ավելի գոտիներ ունեցող փողոցների թիվը քիչ է։ Ուրեմն, առաջին հերթին պետք է պայքարել տրանսպորտային միջոցներով փողոցների ծանրաբեռնվածության համար։ Թվում է, թե այս գործում պետավտոտեսուչների առաջին օգնականները պետք է լինեն վարորդները։ Սակայն իրականում հակառակն է ստացվում։ Դժվար չէ նկատել, որ փողոցների առաջին գոտիները միշտ զբաղված են լինում անկարգապահ վարորդների ավտոմեքենաներով։ Մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, նախարարությունների, առեւտրական կազմակերպությունների դիմաց եւ մայթերին օրվա բոլոր ժամերին կանգնած են լինում պաշտոնյաների բազմատեսակ ավտոմեքենաները եւ դա այն դեպքում, երբ ճանապարհային երթեւեկության կանոններով այդ տեղերում կանգառը խստիվ արգելված է։

Հասկանալի չէ, թե ինչու տվյալ հիմնարկի կամ խանութի աշխատակիցները, որոնք հավանաբար այնքան էլ հեռու չեն բնակվում, ամբողջ օրը իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաները կանգնեցնում են կիզիչ արեւի կամ անձրեւի ու ձյան տակ, մայթերին կամ փողոցի բանուկ մասում՝ լուրջ խոչընդոտ ստեղծելով հետիոտնի ու տրանսպորտային միջոցների երթեւեկության համար։ Երբ պետավտոտեսչության աշխատակիցը մոտենում է կարգազանց վարորդին ու պահանջում վկայական, վերջինս զարմացած հարցնում է՝ ինչո՞ւ, ի՞նչ եմ արել որ… Անգամ ավելի համարձակները ձեռքերը մեկնում են ավտոտեսուչի ուսադիրներին: Երբ օրենքի պահպանման տեսուչը պատիվ է առնում հանուն Հայաստանի Հանրապետության օրենքի, կարգազանց վարորդը իր ձեռքի «սոտովի» հեռախոսով զանգահարում է օրենքի ստեղծողին մոտավորապես այսպիսի առոգանությամբ. «ճտո, բուբուլն ա, մուսռը պռավես ուզում ա վերցնի…»։ Մյուս ծայրից իշխանության ներկայացուցիչը «քրտնացնում» է տեսուչին, մի լավ «հայ» տալիս, եւ հարցը վերջանում է գեղական կարգով։

Ի՞նչ գործ ունի ավտոտեսուչը, որ մոտենա կարգազանց վարորդին։ Խախտումը կատարել է, թող տուգանքի անդորրագիրը փակցնի ավտոմեքենայի հողմապակուն, թող փորձի վարորդը տուգանքը չմուծել, ինչպես կատարվում է օրինապահ երկրներում։ Լուսահոգի պետավտոտեսչության աշխատակից Վարդան Նիկողոսյանը պատմում է, երբ իրենք օլիմպիադայի օրերին օգնության կարգով գտնվում էին Մոսկվայում, ճանապարհին ծառայություն կատարելիս տեսնում են, թե ինչպես սեւ գույնի «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան խախտում է կատարում։ Տեսուչները կանգնեցնում են ավտոմեքենան, վարորդի կողքի ուղեւորը իջնում է ավտոմեքենայից, նստում ուրիշ մի ավտոմեքենա եւ գնում։ Օլիմպիադայի մրցումներն ավարտվելուց հետո, շրջկոմի քարտուղարի մոտ հանդիսավոր միջոցառում էին կազմակերպել պետավտոտեսչության աշխատակիցների համար։ Լուսահոգի Վարդանը տեսնում է, որ միջոցառումը անցկացնում է այն մարդը (շրջկոմի առաջին քարտուղարը), որ կարգազանց վարորդի կողքից իջել, հեռացել էր։ Իհարկե, այդ օրը վարորդին ազատել է աշխատանքից։ Մեր օրերի, ինչպես նաեւ նախկին ղեկավարների վարորդներն իրենց պահում են, ինչպես ասում են պետավտոտեսուչները՝ «Բոգի ցար»։

Պետավտոտեսուչների աշխատանքը գծում այնքան թափանցիկ է, որ բոլոր կարգի շարժումները, խոսակցությունը եւ վեճը տեսանելի են գրեթե բոլորի համար։ Թե ինչքան համբերատար է տեսուչը իր առօրյա աշխատանքների շրջանակներում, հայտնի է բոլորիս։ Ավտոտեսուչներից մեկը պատմում է, որ իրեն է մոտեցել չաղությունից հազիվ ոտքերը շարժող հաղթանդամ տղամարդ եւ զրույցի բռնվել տեսուչի հետ։ «Ապե՛, դու գծում քրտնած աշխատում ես, գիտե՞ս, թե ինչ անցավ մտքովս։ Դու ինչքա՞ն կուզեիր վաստակել, որպեսզի քեզ երջանիկ համարեիր, ինչպես՝ ես»։

– Այնքան, որքան վաստակում եմ քեզ նմանների կարծիքով։

Պետավտոտեսուչի աշխատանքը կարելի է նմանեցել Պեպոյի մենախոսությանը. «Գիշեր չարչըրվի, ցերեկ չարչըրվի, երգնքի տակը լուսացրու, անձրեւի ու քամու հետ կռիվ տու, ձմեռը ցրտեմեն կոնկոռնա, ամառը արեգակի շուքումը էրվի ու խորովվի…»։ Պետավտոտեսուչը ճանապարհապարեկային ծառայություն կատարելիս պետք է համարվի իր տեղամասի ե՛ւ դատախազը, ե՛ւ դատավորը։ Նրան պետք է վստահել եւ նրանից պահանջել աշխատանք։ Ինչո՞ւ չէ, իր կատարած աշխատանքների համար նաեւ հավելյալ աշխատավարձ վարորդների եւ հետիոտի կողմից՝ ՃԵԿ-ը խախտելու համար վարչական տույժի վճարումներից։ Ասեմ, որ հայ վարորդը իր հանրապետությունից դուրս երբեք խախտում չի կատարի, «վախկոտ» է։ Դեպի ապագան տանող ուղին սկսվում է մեր փողոցից, ուրեմն այն պետք է գեղեցիկ լինի, դա մեծ չափով կախված է մեզնից: Յուրաքանչյուրիցս։

ԳԱԼՈՒՍՏ ՆՈՒՐՈՒՄՅԱՆ

Հնաբնակ երեւանցիների ասոցիացիայի Էրեբունու տարածքի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031