Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՈՐԴԻՆ

Հուլիս 31,1998 00:00
yndunelutyun

Ոնց ասենք, կանե՞ն

Հիմա որ գրենք բարձրաստիճան պաշտոնյաները ամեն ինչ «Առավոտի» ասածով են անում, կասեն՝ էլի մեծամտացան։ Վարչապետի նախադեպն ունենք։ Երեկ էլ թե չգրեինք՝ նախագահը քննասրահներ չի այցելում, իսկ երբ վարչապետ էր, այցելել էր, տեսնես հենց նույն օրը կգա՞ր ԵՊՀ՝ այնտեղ անցկացվող քննությունները դիտելու։ Երկու օր առաջ որդին այստեղ հայոց լեզվի քննություն էր հանձնել, բայց նախագահը նրա գնահատականն իմանալու նպատակով չէր եկել։

Էդ սխալը որոշեց«Առավոտը» ուղղել, մանավանդ որ քննության օրն էլ նախագահի որդու կյանքի այս կարեւորագույն իրադարձությունն անուշադրության չէինք մատնել։ Ու մինչ նախագահը կժամաներ, ԵՊՀ-ի պատերի վրա պեղեցինք ու կարդացինք՝ Քոչարյան Սեդրակ Ռոբերտի՝ 20 միավոր («մալադեց» Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյան. նա է պարապել Սեդրակ Քոչարյանի հետ)։

Ոչ աչքներս բան տեսավ, ոչ ականջներիս բան հասավ

Էսպես կարող են բողոքել նախագահի այցի խիստ կարճատեւությունից հատուկ այդ նպատակով հավաքված լրագրողներս ու դիմորդներին սպասող ծնողները։ Բայց մինչ պետության առաջին դեմքի ժամանելը, նախ տղե՜րքն եկան՝ սպիտակ BMW-ով, ռացիաներով ու սկսեցին տեղանքը ուսումնասիրել, հավաքվածներիս կասկածանքով ոտից գլուխ չափել։ Բայց ամենափիս բանը, որ կարող էին անել, այն էր, որ լրագրողներիս գործին խփեցին. չէին թողնում նախագահին մի փոքր մոտենանք ու նույնիսկ «Առավոտի»՝ մենք կպաշտպանենք մեր նախագահին հավաստիացումը սրտները չփափկեցրեց։ Նախագահն եկավ կրթության եւ գիտության նախարարի ուղեկցությամբ։ Նրանց ամենամոտ հայտնված ծնողը հավաստիացրեց, որ մինչեւ հիմա ամեն ինչ շատ լավ է ընթանում՝ ի պատասխան ստանալով նախագահի խոստումը, թե հետո էլ է այդպես լինելու։ Ու այստեղ էր, որ մեր երջանկությունն ավարտվեց։ Լրագրողներիս մուտքը հայոց լեզվի քննասրահ կասեցվեց հենց նախագահի արդարացմամբ՝ «երեխաների վրա որ չազդի»։

Հարգելով պահանջը (միայն երեխաների վրա չազդելու մասով) ու նաեւ շանթահարված նախագահի ուղեկցողների խիստ հայացք-արգելքներից՝ տեղներս սառանք-մնացինք։ Լավ էր գոնե «Առավոտը» գլխի ընկավ երկու ճակատով գրոհել։ Ու մինչ մեկս սրտատրոփ կսպասեր դրսում, փորձելով լեզու գտնել (զո՜ւր ջանքեր) նախագահի անձը պաշտպանողների հետ, մեր մյուս թղթակցին՝ Լուսինե Մարգարյանին հաջողվեց ներս սողոսկել՝ լավագույնս օգտվելով դիտորդի իր կարգավիճակից։

Քննասենյակ մտնելիս՝ պիջակդ հանիր

Օգտվելով դիտորդի կարգավիճակից, «Առավոտի» թղթակիցը երջանկություն ունեցավ հանրապետության նախագահի հետ եւս դիտել քննության ընթացքը։ Անկեղծ ասած, այս անգամ նախագահը քննությունն էր դիտում, իսկ մենք՝ նախագահին։ Հայոց լեզվի քննասենյակ մտնելով, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ հինգ րոպե դիտեց դիմորդներին եւ, հավանաբար, նրանց չխանգարելու համար էլ ուղեկցող անձնակազմի հետ շարժվեց հաջորդ քննասենյակ։ Մինչեւ ֆիզիկայի քննասենյակ հասնելը, նախագահը ստիպված եղավ անցնել երկար ու ոլորապտույտ ճանապարհներով։ Եվ, հավանաբար, այդ ճանապարհներին շատ շոգեց մեր նախագահը, որ քննասենյակ հասնելուն պես պիջակը հանեց (եւ միայն այդքանը)։ Այս քննասենյակում (որն, ի դեպ, հայոց լեզվի քննասենյակից փոքր էր), չգիտես ինչու, նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեց մոտ 10 րոպեանոց զրույց ունենալ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի, ֆիզիկայի հանձնաժողովի նախագահի հետ։

Դժբախտաբար, զրույցի մասին մանրամասներ հաղորդել չենք կարող, քանի որ, նախ՝ նրանք շատ ցածրաձայն էին խոսում, եւ հետո՝ այստեղ եւս նախագահի շքախումբը թույլ չէր տալիս ավելի մոտ լինել նախագահին (բավական չէ «Առավոտը» ներս էր սողոսկել, դեռ նախագահին էլ «շոշափել էր ուզում»)։ Այս քննասենյակում եւս, դիտորդական առաքելությունն ավարտելուց հետո, նախագահն ու ուղեկցող անձնակազմը նույն ճանապարհով վերադարձան, եւս մեկ անգամ անցնելով հայոց լեզվի քննասենյակով։ Մուտքի մոտ վրա տվեց լրագրողների բազմությունը։

Նախագահի խերով ոտը

Նախագահը քննասրահներ մտավ կոստյումով, դուրս եկավ առանց դրա։ Նաեւ հասցրեց ոտքի վրա ծնողներին հանգստացնել՝ թե «երեխաները վստահ գրում են»։ Մի տղամարդ էլ պատասխանեց. «Դե, եթե նախագահը վստահ է, որ արդար քննություններ են, երեխաներն էլ պիտի վստահ գրեն»։ Այդքանով իր միսիան ավարտված համարելով՝ Ռոբերտ Քոչարյանը շտապեց նստել մեքենան (նախընտրական քարոզարշավի հանդիպումներին ավելի համբերատար էր)։ Իբրեւ սփոփանք, ժողովրդին «հանձնեց» նախարարին՝ «Գիտեք, չէ՞, ով է» «մատնությամբ»՝ դավաճանաբար լքելով նրան։ Ու ծնողներն էլ, որ մինչ այդ քննությունների մասին միայն լավ-լավ բաներ էին ասում, հիշեցին իրենց բոլոր բողոքները՝ «կալմեջ» անելով նախարարին։ Վերջինս էլ շա՜տ համբերատար լսում էր բոլորին ու մանրամասն բացատրություններ տալիս։ Բայց մինչ ՀՀ նախագահի գնալը, լրագրողներն, այնուամենայնիվ, մի երկու րոպե ունեցան հարցեր տալու համար։ Անկախ հեռուստաընկերություններից մեկի լրագրողի՝ բոլորին ուղղվող այն հարցին՝ նախագահի այցը օգնե՞ց, թե՞ խանգարեց երեխաներին, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, թե «ամեն ինչ արեցի, որ չխանգարեի»։ Իսկ «Լուրերի»՝ ընդհանրապես ձեր ոտքը խերո՞վ է հարցին խիստ ինքնավստահ ասաց. «Այո՛»։

Այնուհետեւ էստաֆետն իր ձեռքը վերցրեց «Առավոտը»՝ փորձելով պարզել նախագահի որդին ի՞նքն է ընտրել իր մասնագիտությունը, թե դա որոշել են նրա ծնողները։

-Ես չեմ որոշում, դա իր ընտրությունն է եւ նման բաներին ես չեմ խառնվում ընդհանրապես։

-Իսկ որտե՞ղ է դիմել ձեր որդին։

-Եթե չեմ սխալվում՝ տնտեսագիտական։

-Ինչո՞ւ, չե՞ք հետաքրքրվել։

-Մեկ անգամ հարցրել եմ, բայց չեմ ուզում միջամտել։

Մեր մյուս հարցին՝ ձեր զավակներին առնչվող բոլոր հարցերո՞ւմ եք այդպես անտարբեր, նախագահը չպատասխանեց՝ «Թույլ տվեք անցնեմ» ժպտադեմ պահանջով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Այս ռեպորտաժի համար թերթի ղեկավարությունն էլ հեղինակներին է գերազանց նշանակում։ Այսպիսով, այս էջում չորս գերազանցիկ կա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031