Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հարյուր մարդ՝ իր հաշվին արձակուրդում

Հուլիս 31,1998 00:00
sigaret

«Հայծխախոտ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Ղալումյանն այսպես է հիմնավորում ձեռնարկությունում կատարված փոփոխությունները:

-Տարեկան հաշվետու ժողովից մեկ օր հետո տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ձեռնարկության խոշոր սեփականատերերից մեկը՝ Լիդա Սարգսյանը, իր բաժնետոմսերը վաճառել կամ նվիրել է ուրիշ փայատիրոջ։ Նոր փայատերը աուդիտ է անցկացնում, ես դա բնական եմ համարում։ Նրա խնդրանքով մինչեւ աուդիտի ավարտը մենք որոշեցինք կանգնեցնել արտադրությունը։

-Կգնահատե՞ք արտադրության վնասները։

-Դժվարանում եմ, որովհետեւ վերջին տարին չեմ աշխատել գործարանում։ Նախորդ տարիներին էլ գործարանն աշխատել է ընդհատումներով, տարբեր ծավալների արտադրանք է տվել։ Հետեւաբար, դժվար է գնահատել վնասները։

-«Հայծխախոտում» որքա՞ն մարդ է աշխատում։

-Մոտ երեք հարյուր։ Նրանց այս ընթացքում իրենց հաշվին արձակուրդ է տրվել։ Սակայն մենք ունենք աշխատելու բոլոր հնարավորությունները։ Մեր բոլոր խոշոր փայատերերը՝ Վարդանյանը, Հայրապետյանը, բոլորը հնարավորություն ունեն, որ ստուգումների ավարտից հետո միանգամից արտադրամասը կանգնեցվի վերազինման եւ վերանորոգման։ Ես գործադիր տնօրեն աշխատում եմ մոտ մեկ ամիս։ Մեկ տարի առաջ սկզբունքային տարաձայնությունների պատճառով հեռացել եմ ձեռնարկությունից։ Վերադարձա, երբ փոխվեց բաժնետերերի խորհրդի նախագահը։ Այս վերջին տարվա ընթացքում էլ գործարանն աշխատել է ընդհատումներով, կիսատ-պռատ։ Կարելի է ասել, որ առանց աշխատելու վարձատրվել են։

-Ինչո՞վ եք բացատրում, որ Կ. Բաբայանը որոշեց դառնալ արտադրության փայատեր։ Ի՞նչ ազդեցություն կունենա դա արտադրության վրա։

-Դժվարանում եմ պատասխանել։ Դուք նկատի ունեք արտադրությունը խթանելը կամ խոչընդոտե՞լը։ Չգիտեմ, այս հարցին պրն Բաբայանն ինքն ավելի ստույգ կպատասխանի։

-Ավելի մեծ շահույթ կա արտադրությա՞ն, թե՞ ներմուծման ոլորտում։

-Երեւի՝ ներմուծման։ Հարկային ծանրաբեռնվածությունն արտադրանքի ինքնարժեքի մոտ 35 տոկոսն է կազմում։ Արտադրության կազմակերպումը շահութաբեր կլիներ, եթե հարկային տարբերություններ դրվեին արտադրողի եւ ներմուծողի միջեւ։

-«Առավոտը» գրել է, որ անցած տարի «Հայծխախոտը» 1 մլն դոլարից ավելի արժեքի սարքավորումներ է վաճառել։

-Այո՛, միայն 814 հազար դոլարի սարքավորում վաճառել ենք «Գրանդ-տոբակոյին»։ Ձեռնարկությունը ֆինանսական ծանր վիճակում էր։

-Աուդիտի անցկացումը բավարար հի՞մք է չաշխատելու համար։

-Ո՛չ, ստուգումը չի կարող եւ չպետք է խանգարի արտադրությանը։ Այսօր ձեռնարկությունը անմխիթար վիճակում է։ Չկա բավարար քանակությամբ հումք, չկան ֆինանսական միջոցներ։ Դրանք բավարար չեն արտադրական անընդհատ ցիկլ սկսելու համար։ Հույսը, փաստորեն, փայատերերն են եւ ձեռնարկության ղեկավարները։

-Հնարավո՞ր է, որ չաշխատելու պատճառն արտադրանքի իրացումն է։

-Ո՛չ, միանշանակ՝ ո՛չ։ Մեր արտադրանքը կայուն սպառում ունի։ Այսօր ձեռնարկության պահեստներում ոչ մի տուփ պատրաստի արտադրանք չկա, այն լրիվ իրացված է։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031