Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՄԱՍԻՆ ԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԻ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌԵՔ

Հուլիս 31,1998 00:00
EKM

«Առավոտ» օրաթերթի մեծարգո խմբագիր. Շատերի նման գրեթե ամեն օր ընթերցում եմ «Առավոտ» օրաթերթը, որը, հիրավի, այսօր հանրապետությունում մեծ մասսայականություն է վայելում։ Ընթերցում եմ նաեւ այն պատճառով, որ բավականին հաճախ թերթի էջերում հանդիպում եմ նյութերի, որտեղ այս կամ այն ձեւով քննարկվում է Երկրապահ կամավորականների միության, մի շարք անհատ երկրապահների գործունեությունը։ Թերեւս սա էլ միանգամայն օրինաչափ է եւ անխուսափելի. Հայաստանի ամենամասսայական թերթերից մեկը՝ «Առավոտը», չի կարող չանդրադառնալ Հայաստանի ամենամասսայական կազմակերպություններից մեկի՝ ԵԿՄ-ի հետ կապված խնդիրներին։

Սակայն արդեն երկար ժամանակ է՝ փորձում եմ եւ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում սերմանել «Առավոտն» իր ընթերցողին՝ Երկրապահ կամավորականների միությունը, երկրապահներին, ընդհանրապես «Երկրապահ» գաղափարը ներկայացնելով այդքան գորշ գույներով (հերթական անգամ՝ ս/թ հուլիսի 24-ի թիվ 140 (818)-ում)։ Մի՞թե իսկապես «Առավոտը» դրական ոչինչ չի տեսնում երկրապահների անցյալում եւ ներկայում, մի՞թե իրոք կարծում է, թե «Երկրապահը» սկսվում եւ վերջանում է մեր միության հետ կապ չունեցող մեկ-երկու մարզպետով կամ պատգամավորով։ Եթե այդպես է, եւ խնդիրը միայն ինֆորմացիայի պակասն է, ապա ԵԿՄ վարչությունը միշտ պատրաստ է հյուրընկալել «Առավոտի» (եւ ոչ միայն «Առավոտի») թղթակիցներին եւ մանրամասն տեղեկացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Երկրապահ կամավորականների միությունը, ինչ ծրագրեր, նպատակներ ու խնդիրներ ունի, ընդհանրապես ովքեր են երկրապահները։ Համոզված եմ, որ այդ դեպքում «Առավոտը» կստանա երկրապահների վերաբերյալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, եւ դա կլիներ էթիկայի նորմերին շատ ավելի համապատասխան։ Հակառակ դեպքում մնում է պարզապես խնդրել, որպեսզի «Առավոտ» օրաթերթը հնարավորին չափ քիչ անդրադառնա «Երկրապահին» կամ մտապահի մի քանի պարզ իրողություն։

Նախ՝ Երկրապահ կամավորականների միությունը բացառապես այն տղաների կազմակերպությունն է, ովքեր տասը տարի առաջ կամավոր զինվորագրվեցին Հայաստանի անկախության կերտման եւ Արցախի ազատագրման արյունալի պայքարին (համաձայն ԵԿՄ կանոնադրության՝ միության անդամ կարող են դառնալ միայն ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանությանը մասնակցած անձինք), ովքեր տարիներ շարունակ ինքնամոռաց մարտնչեցին թշնամու դեմ՝ այդ ընթացքում կորցնելով լավագույն ընկերներին, վտանգելով սեփական կյանքը, քայքայելով առողջությունը։ Ովքեր, սակայն, չընկրկեցին որեւէ դժվարության առաջ եւ սկսած գործը շարունակեցին մինչեւ վերջ՝ դարավոր պարտություններից հետո հայ ազգին նվիրելով մեծագույն հաղթանակներ, միեւնույն ժամանակ ծնունդ տալով տարածաշրջանի թերեւս հզորագույն բանակին։

Երկրորդ՝ հանրապետության բնակչության կենսամակարդակի համընդհանուր անկումը նախեւառաջ անդրադարձել է երկրապահների ընտանիքների վրա, քանզի պատերազմի ընթացքում կամավորականներից շատերը կիսատ թողեցին ուսումը կամ կորցրին աշխատանքը՝ հետագայում փորձելով ստեղծված նոր պայմաններին հարմարվել՝ մյուսներից շատ ավելի ուշացած։ ԵԿՄ «Երկրապահ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը չէր կարող հրապարակել չճշտված տվյալներ։ Այսօր, իրոք, որքան էլ ցավալի է, երկրապահ կամավորականների զգալի մեծամասնությունը գործազուրկ է։ Ինչ վերաբերում է շուկաներին եւ «Ջիպերին»…Այո, ԵԿՄ որոշ անդամներ շուկաների տնօրեններ են, ձեռնարկատերեր, ունեն անձնական օգտագործման «Ջիպեր»։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում։ Մի՞թե հաջող բիզնեսմեն լինելու մենաշնորհը տրված է միայն այն մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու դիզում էին իրենց նախնական կապիտալը եւ հայրենիք վերադարձան միայն խաղաղ պայմաններում։ Ինչո՞ւ որեւէ մեկը չի մատնանշում վերջին տարիներին արտերկրից վերադարձած մեր հայրենակիցների «Ջիպերը»։

ԵԿՄ վարչության եւ շուրջ վեց տասնյակ մասնաճյուղերի աշխատակիցները զօրուգիշեր աշխատում են, որպեսզի գեթ մասամբ թեթեւացնեն իրենց զոհված ընկերների ընտանիքների հոգսերը, եւ մասնաճյուղերի ֆինանսական գրեթե միակ աղբյուրը հանդիսանում են նշված շուկաներն ու ձեռնարկությունները։ Նույն «Հրազդանի» եւ «Մալաթիայի» տոնավաճառներում աշխատանքի են տեղավորված հարյուրավոր հաշմանդամ ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ։ Սակայն դրանց հնարավորություններն այնքա՜ն քիչ են կուտակված խնդիրների ամբողջական լուծման համար։ Երրորդ՝ «Երկրապահի» գլխավոր խնդիրը եղել եւ մնում է Հայաստանի եւ Արցախի սահմանների ու բնակավայրերի հուսալի պաշտպանվածության առավել ամրապնդումը։ Ոչ ոք երաշխիք չունի, որ հաստատված փխրուն խաղաղությունը վաղը չի փոխարինվի մարտական գործողությունների վերսկսմամբ։ Եվ պատերազմի դեպքում, հայոց բանակի զորամասերի կողքին, որքան էլ դրանք հզոր լինեն, անհրաժեշտ է փորձված երկրապահների ներկայությունը։ Յուրաքանչյուր պահի անհրաժեշտություն կարող է առաջանալ կամավորական շարժման նոր ալիքի, առանց որի անհնարին է հաղթել որեւէ պատերազմում։

Անհրաժեշտ է գիտակցել, որ «Երկրապահը», հանրապետության համար ամենաճակատագրական պահերին, իր շուրջը հավաքելով բոլոր առողջ ուժերը, իր վրա է վերցնում պատասխանատվության ու դժվարությունների ողջ ծանրությունը։ Այդպես եղել է եւ այդպես կլինի մշտապես։ Ուրեմն պետք չէ այդքան կարճ հիշողություն ունենալ, եւ ապագայի մասին էլ ճիշտ կլինի մտածել այսօր, հարաբերական անդորրի պայմաններում։ Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի այդ ապագան հաղթական լինի, երկրապահ կամավորականության գաղափարը պետք է պաշտպանվի եւ զարգացվի բոլորիս ուժերով, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ հստակ գիտակցի՝ հայրենիքի պաշտպանության խնդիրը յուրաքանչյուրի պարտականությունն է։ Կամավորականները պատերազմ են մեկնել առանց որեւէ անձնական ակնկալիքի, մարտադաշտում նրանց մտքով անգամ չի անցել, որ կարող է գտնվել նույնիսկ մեկ հայ, որ գլխիվայր շուռ տված կներկայացնի երկրապահի ծառայությունները հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ։ Սակայն արդեն այսօր, պատերազմի ավարտից ընդամենը չորս տարի անց, մենք ցավով ստիպված եղանք հիշեցնել այս մի քանի պարզ ճշմարտությունը։ Եվ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գեթ մեկ տող գրել (հիմնականում՝ քաղաքական, երկրապահին խորթ պատվեր կատարել) «Երկրապահի» մասին, խորհուրդ ենք տալիս գրելուց առաջ մի պահ կանգ առնել, հիշել, թե ինչ է տվել հայրենիքին յուրաքանչյուր երկրապահ, եւ ինչ են տվել իրենք։

Թեեւ ինչ էլ ասվի կամ գրվի ոմանց կողմից, անժխտելի իրողություն է նաեւ այն, որ ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի ամենանվիրյալ հատվածը հանդիսացող «Երկրապահը» միշտ էլ համալրում կստանա նույն ժողովրդից, քանզի միշտ էլ կգտնվեն այն անձնազոհ երիտասարդները, ովքեր անհրաժեշտ պահին զենք կվերցնեն եւ կամավոր կմեկնեն ռազմադաշտ՝ պաշտպանելու բոլորիս երկիրը, բոլորիս հայրենիքը, բոլորիս երեխաներին, ընտանիքը, պատիվը։ Ի դեպ, Միքայել Հայրապետյանի աղջնակը այսօր էլ, տարիներ հետո էլ կհպարտանա, որ իր հայրը պատիվ է ունեցել խմբագրելու Երկրապահ կամավորականների միության պաշտոնաթերթը։ Կհպարտանան նաեւ մեր բոլորիս որդիներն ու դուստրերը (այդ թվում նաեւ «Առավոտ» օրաթերթի աշխատակազմի), որ ներկայացնում են մի ազգ, որը ծնել է այսօրվա հերոս երկրապահներին, որոնք ամեն անգամ տուն են վերադարձել նորանոր հաղթանակներով եւ իրավունք են նվաճել հպարտորեն նայելու սերունդների աչքերին, հպարտ այն ամենի համար, ինչ արել են եւ պատրաստ են անելու հանուն հայոց պետականության։

Հարգանքով՝ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆ ԵԿՄ վարչության անդամ,

ԵԿՄ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՆՏ ԹՈՒՄԱՍՅԱՆ Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, ԵԿՄ անդամ, առաջին կարգի հաշմանդամ

Մեր քննադատությունն ուղղված է ոչ թե իսկական երկրապահներին, ազատամարտիկներին, որոնք կռվել են Հայոց հողի համար, այլ «առնետ» պատեհապաշտներին, որոնք ոչ մի րոպե ճակատում չլինելով, իրենց «երկրապահ» են անվանում։ Այդ մարդիկ իրենց կաշվին եւ ստամոքսին սպառնացող նույնիսկ փոքր վտանգի դեպքում կդավաճանեն նախագահ Քոչարյանին եւ երկրապահներին, ճիշտ այնպես, ինչպես դավաճանեցին Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031