Նախկինում, երբ աշխատում էին զանազան ու բազմաբնույթ հիմնարկություններ, գործարաններ, ֆաբրիկաներ ու սովխոզներ, երբ կարգուկանոն ու նաեւ իշխանություն կար (այդ թվում եւ Հայաստանում), աշխատանքային ռեժիմը խախտողները ղեկավարությանը բացատրագիր էին ներկայացնում՝ աշխատանքից ուշանալու, աշխատանքային պրոցեսում թերանալու եւ նման կարգի այլ զանցանքների վերաբերյալ։ Ամենախիստն, անշուշտ, կուսակցությանը (կոմերիտմիությանը) ներկայացվող բացատրագրերն էին։
Լենինգրադում ուսանելու տարիներին, օրինակ, հայազգի մի երիտասարդի հեռացրին համալսարանից, որովհետեւ իր լուսանկարի կողքին փակցրել էր Իսրայելի դրոշի պատկերը։ Բազմաթիվ բացատրագրերը չօգնեցին՝ Բաբկենին հեռացրին։ Հիմա, երբ լճացման տարիները հեռավոր հուշ են այլեւս, ու մեր փոքրիկ Հայաստանն էլ ուրիշների պես ժողովրդավարության ուղին է ընտրել, երբ շուկան է թելադրում աշխատանքային հարաբերությունների նոր կանոնները, այլ կարգի բացատրագրեր են պահանջվում։ Ասենք՝ իշխանություններին հավատարմությունը վկայող բացատրագիր։
Եթե դու լրագրող ես ու նախկին «ռեժիմի» օրոք նրան (ռեժիմ) չես հայհոյել ու ազգի թշնամին չես համարել, ուրեմն՝ իշխանամետ էիր կամ, ինչպես երեւի կասեր նախագահի խորհրդական Դավիթ Վարդանյանը՝ «լեւոնական»։ Եթե այսօր էլ շարունակում ես գրել նույն «անլուրջ» ոճով ներկայիս «ռեժիմի» մասին ու թեեւ դարձյալ չես հայհոյում, ուրեմն՝ ո՞նց թե։ Այսինքն՝ բա եղա՞վ։ Եթե դու, ասենք, 92-ին «Հայք» թերթում տպագրում ես ԼՂՀ նախագահ Գեորգի Պետրոսյանի հետ հարցազրույցը, ուր նա ասում է, թե Ղարաբաղի համար ՀՅԴ իշխանությունն ավելի նպատակահարմար կլիներ, իսկ տարիներ անց, այնուամենայնիվ, համարձակվում ես գրել, որ Ղարաբաղում էլ են դաշնակցականներին հալածում, դա երկուստեք (Հայաստան-Ղարաբաղ) հանդուրժվում էր։
Այլ է այսօր, երբ կարծես մի պետություն ենք, բայց մեր հերոսական եզերքի՝ Ղարաբաղի մասին շարունակում ենք գրել «Aut bene aut nihil» (կամ՝ լավ, կամ՝ ոչինչ) սկզբունքով, եւ քո ամեն մի «անզգույշ» տողը կարող է դիտվել իբրեւ հերոսականի դեմ ուղղված հարված։ Ակամա, ուզում ես բացատրագիր ներկայացնել, մանրամասնելով, թե ինչ է քեզ համար երկիրդ, խոստովանելով, որ նրա մի հատվածում՝ Ղարաբաղում, նախկինի պես՝ «առատ ինչ ոչ գոյ» է։ Բայց չես անում դա մի պարզ պատճառով, որ երբեք էլ չես ունեցել հավատարմությունդ ցույց տալու ունակություն եւ ցանկություն։ Երկրիդ հանդեպ, անշուշտ, քանի որ իշխանություններին իրենց հավատարմությունը ցույց տվող արհեստավարժները բազում են։ Ու նրանց պակասը երկիրս երբեք չի զգացել։
Կարդացեք նաև
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ