Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ԵՐԳԵՑԻ

Հուլիս 31,1998 00:00
hyd

Երեկ ՀՅԴ հայաստանյան նորընտիր Գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը եւ փոխներկայացուցիչ Արմեն Ռոստամյանը ներկայացրին 17 օր տեւած Գերագույն ժողովի արդյունքները։ Ըստ ասուլիսը վարող Աղվան Վարդանյանի՝ ժողովի գաղտնիությունը ոչ թե հասարակությունից գաղտնիքներ ունենալու, այլ ավանդականության դրսեւորում է։ Ասուլիսից պարզ դարձավ, որ ժողովի հիմնական քննարկման թեման կուսակցություն-իշխանություն փոխհարաբերությունների խնդիրն է։ Եվ ժողովը հանգել է ամենաճշմարիտ բանաձեւին՝ Դաշնակցությունը իշխանություն չէ, սակայն կիսում է եւ ունի պատասխանատվության իր մասը։ Այս ձեւակերպումը իրականում նոր չէ, քանի որ շուրջ 7 տարի նման ձեւակերպումով հանդես էր գալիս ՀՀՇ-ն։ Թերեւս արժե հիշել, թե ինչպես էր ՀՀՇ նախագահ Տեր-Հուսիկ Լազարյանը բողոքում, որ ՀՀՇ-ն զրկված է գործադիր լծակներից, եւ ՀՀՇ-ն չէ իշխանության կրողը։

Վահան Հովհաննիսյանն էլ հավելեց, որ թեեւ ՀՅԴ-ն մաս է կազմում այդ իշխանության, սակայն նախագահի կամ կառավարության ռեյտինգը չպետք է կապել ՀՅԴ-ի հետ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Իշխանությանը մաս կազմելը կուսակցությանը հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալու ժողովրդին հուզող խնդիրներին, եւ մյուս կողմից ՀՅԴ-ն այսօր ազատ է միայն սեւը տեսնելու՝ ընդդիմությանը հատուկ պարտադրանքից։ ՀՅԴ-ի դերը, փաստորեն, իշխանություններ-ժողովուրդ կապի ապահովումն է։ ՀՅԴ-ն դժգոհ է (ինչպես նախկինում՝ ՀՀՇ-ն) իշխանությունների կադրային քաղաքականությունից, քանի որ կառավարության մաս են կազմում ժողովրդի կողմից մերժելի մարդիկ։ Եթե իշխանությունները չվերանայեն իրենց վարած քաղաքականությունը, ապա ՀՅԴ-ն կվերանայի իր դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։

Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Դրո եւ 30+1 գործով դատապարտվածները, որոնք այսօր էլ շարունակում են գտնվել բանտերում, քաղբանտարկյալներ են, թեեւ չբացառեց, որ նրանցից շատերը կարող էին մասնակից լինել քրեական գործերի։ Ըստ նրա, անհեթեթություն է մի մասի վրայից հանել Քր. օր.-ի 65 հոդվածը (պետական հեղաշրջման փորձ), իսկ մյուսներին այդ հոդվածով պահելը. «Ուրեմն, այո, ցավոք սրտի այսօր կան մարդիկ, որոնց ազատության համար մենք իրավունք ունենք պայքարել եւ պիտի պայքարենք»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, հետագայում հավելելով, որ դեմ է մահապատժին, ընդհանրապես, եւ դրա իրականացմանը, այն տղաների նկատմամբ, ովքեր դատապարտվել են իրենց գործով։

Պատասխանելով սահմանադրական կարգի ընտրության հարցում ՀՅԴ դիրքորոշմանը, Արմեն Ռոստամյանը ասաց, որ իրենք ի սկզբանե կողմ են եղել պառլամենտական համակարգին, սակայն ավելացրեց նաեւ, որ այսօր անհրաժեշտ է նախագահի եւ խորհրդարանի իրավասությունների ճշգրտումը։ ՀՅԴ-ն կողմ է 70% համամասնական եւ 30% մեծամասնական ընտրակարգին, որպես փոխզիջում չբացառելով ընտրողին ռեյտինգային ընտրություն կատարելու հնարավորություն։ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը ներդրումների հոսք ապահովելն է։ Դա հնարավոր է միայն այդ կապիտալին ազատ մրցակցության հնարավորություն տալու դեպքում, ինչը Հայաստանում բացառվում է։ Հայաստանը առեւտրական երկիր է, եւ ամեն ինչ մոնոպոլացված է։ Սակայն իշխանությունները գնում են այս վիճակը շտկելու ճանապարհով։ Դրական տեղաշարժեր կան նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Հայաստանն այժմ Արցախը հանձնելու պարտադրանքի առջեւ չէ, եւ ունի հարցը փոխզիջումների միջոցով լուծելու հնարավորություն։ Իսկ ՀՅԴ դիրքորոշումն հետեւյալն է. Արցախը ոչ մի կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի հետ։

Ամփոփելով կարելի է ասել, որ թեեւ երրորդ հանրապետության ձեւավորման պահից առաջին անգամ ՀՅԴ-ն մաս կազմեց իշխանությանը եւ պատրաստ է այդ մասի չափով կրել նաեւ իշխանության պատասխանատվությունը, սակայն դժգոհ է այդ մասից եւ պատասխանատվության չափից։ Որպես դժգոհության արտահայտություն կարելի է դիտել դժգոհությունը իրականացվող կադրային քաղաքականությունից (քիչ թվով դաշնակցականներ են ընդգրկված իշխանության մեջ) եւ ԱԺ արտահերթ ընտրություններ չանցկացնելու դժկամությամբ (հնարավոր է ԱԺ-ում ձեւավորվի դաշնակցական մեծամասնություն)։ Ասուլիսի ավարտից հետո Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իշխանության մեջ իրենցից ավելի մեծ բաժին ունեն երկրապահները։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031