Միացյալ հայկական հիմնադրամի հարյուրերորդ ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Տասը տարվա ընթացքում այդ հիմնադրամը Հայաստան է հասցրել 300 մլն դոլարի դեղորայք, սնունդ, հագուստ եւ սարքավորումներ: Առաջին չվերթը կատարվել էր 1988 թ. եւ խորհրդանշում էր մեր հանրապետությանը բաժին ընկած դժբախտությունները: Այն ժամանակ մեզ շատերն էին օգնում: Եվ «Զվարթնոցում» էին իջնում ինքնաթիռներ գրեթե ամբողջ աշխարհից: Աստիճանաբար օգնողների շարքերը նոսրանում էին, սակայն Հիմնադրամը շարունակում էր ինքնաթիռներ բարձել՝ իր հնարավորությունների սահմանում օգնելով մեզ հաղթահարել պատերազմի եւ շրջափակման դժվարությունները: Հարյուրերորդ ինքնաթիռը նույնպես կարելի է դիտել որպես խորհրդանիշ: Այսօր մենք կարող ենք գնահատական տալ անցած ճանապարհին: Այն ժամանակ, երբ հացի ցանկացած բոքոն կամ էլեկտրաէներգիայի ցանկացած ժամ դիտվում էր որպես բարեգործություն, գնահատականներով զբաղվելու հնարավորություն չկար: Իսկ այսօր մենք կարող ենք կանխատեսել նաեւ, որ Հայաստանը միշտ չէ, որ լինելու է Սփյուռքի աղքատ ազգականի դերում: Մենք հիմա էլ այդ օգնության կարիքն ունենք, սակայն այդ օգնությունը պետք է որակապես այլ լինի:
Քըրք Քըրքորյանը, այն մարդը, որ ֆինանսավորել էր նշված 300 ինքնաթիռների երթը դեպի Հայաստան, վերջերս այցելել էր հայրենիք: Նրա եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց Հայաստանին երկրորդ 100 միլիոնանոց վարկը տրամադրելու մասին, ինչպես նաեւ հիմք դրվեց մի շարք լուրջ տնտեսական ծրագրերի: Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը շարունակելու է իր օգնությունը, սակայն այսօր արդեն հիմնական ուղղությունն են լինելու զարգացման ծրագրերը: 100 միլիոն դոլարի վարկը հատկացված է բիզնեսի զարգացման վրա եւ օգնելու է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց գործը դնել Հայաստանում: Գուցե նման ծրագրերի միջոցով մենք սովորենք ինքներս փող աշխատել եւ մեկընդմիշտ հրաժեշտ տանք օգնություն ուզողի ստորացուցիչ դերից: Նույն տեսանկյունից կարելի է մոտենալ նաեւ Պարսկական ծոցը եւ Սեւ ծովը միացնող միջազգային երթուղու ծրագրին: Այսուհետ որքան քիչ լինեն բարեգործական ինքնաթիռները, եւ որքան շատ ներդրումների հետ կապվեն բիզնես-ծրագրերը, այնքան՝ լավ: Նախ եւ առաջ՝ մեզ համար:
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ