Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԵԼՈՒՅԹԸ ՉԿԱՐԴԱՑ

Հուլիս 31,1998 00:00
Xosrov Harutyunyan

Ի տարբերություն որոշ պաշտոնյաների նա խոսեց բանավոր եւ բավական սահուն

Երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը ելույթ ունեցավ «Օրինաստեղծ գործունեությունը ՀՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանում» թեմայով, որը, ինչպես ինքն ասաց, լրացուցիչ հնարավորություն էր՝ մեկ անգամ եւս կիսվել՝ գոնե այն տպավորություններով, որ «ես՝ որպես Ազգային ժողովի նախագահ, ունեմ՝ 7-րդ նստաշրջանի աշխատանքներն ավարտելուց հետո»։ Ելույթն ավելի առարկայական դարձնելու համար պրն Հարությունյանն այն բաժանեց երկու հատվածի, քանի որ բուն ԱԺ-ի գործունեությունը նույնպես մեծավ մասամբ երկու մասից է բաղկացած. ԱԺ-ի օրինաստեղծ գործունեությունը՝ ներքաղաքական, ներհանրապետական շրջանակներում եւ միջպետական կապերի ոլորտում։ Ներկայացվեցին 7-րդ նստաշրջանի եւ դրան հաջորդած երկու արտահերթ նստաշրջանների աշխատանքների արդյունքները։ Գարնանային նստաշրջանը (փետրվարից հունիս) ներառել է 25 հերթական նիստեր (եռօրյա), 4 արտահերթ եւ 1 հատուկ նիստ։ Այդ ընթացքում նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է շուրջ 130 հարց, որոնցից ԱԺ-ին հաջողվել է ըստ էության քննարկել եւ որպես օրենք ընդունել 49-ը։ Ի դեպ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում քննարկվել է 25-ը։ Ընդունվել են 125-ից ավելի նորմատիվային բնույթի ակտեր, այդ թվում՝ 50-ը օրենսդրական։ Այս ընթացքում մեծ ակտիվություն են ցուցաբերել ԱԺ պատգամավորները. «Բավական է ասել, որ եթե 7-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկված հարցերի մեջ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կազմել են 58-ը, Ազգային ժողովի պատգամավորներինը եղել է 65-ը։ Եթե համեմատենք նախորդ ժամանակաշրջանների հետ, ապա դժվար չէ նկատել օրենսդրական գործունեության մեջ պատգամավորների ակնհայտ ակտիվությունը»։

Բացի օրենքներից, ԱԺ-ն անդրադարձել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի վավերացումները (19 համաձայնագիր), որոնք վերաբերում են հանրապետության ամենատարբեր բնագավառներին, եւ որոնք այսօր արդեն գործողության մեջ են։ Իսկ արտահերթ նստաշրջանի ընթացքում վավերացվել է եւս 6-ը։ ԱԺ-ի ակտիվացման հիմնական պատճառները՝ ըստ ԱԺ նախագահի անձնական կարծիքի եւ դիտարկումների արդյունքի.

1) Օպոզիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների վերադարձը ԱԺ. սա հնարավորություն տվեց ԱԺ-ի ամբիոնն օգտագործել լիարժեք՝ ողջ քաղաքական բազմակարծությունը հանրությանը ներկայացնելու համար։

2) Առաջիկա խորհրդարանական ընտրությունների շունչը. «Բոլոր հարցադրումները՝ կապված ԱԺ-ի վաղաժամկետ լուծարման հետ, քաղաքական ուժերի մոտ ստեղծում էին տպավորություն, որ չեն բացառվում արտահերթ ընտրությունները, հետեւաբար՝ նախընտրական մրցարշավը կարելի է սկսել ԱԺ ամբիոնից։ Ես դա շատ դրական եւ առողջ եմ համարում»։

3) ԱԺ-ի քաղաքական կառույցների ակտիվացումը՝ ԱԺ-ին սահմանադրորեն վերապահված լիազորությունների ավելի լիարժեք իրականացման ուղղությամբ։

4) Քաղաքական կուսակցությունների անկաշկանդ գործունեությունը՝ հատկապես ՀՅԴ-ինը։

5) ԱԺ-ի գործունեության ձեւի, ոճի կատարելագործումը. արտագնա նիստերի, պատգամավորական լսումների ինստիտուտը եւ այլն։

ԱԺ-ի պրոբլեմներն ու թերությունները նշելով՝ Խ. Հարությունյանը շեշտեց գործունեության ոչ լիարժեք լուսաբանման հարցը։ Խոսելով ԱԺ-ի միջպետական կապերի մասին՝ պետք է նշել, որ տեղի են ունեցել մոտ 23 տարբեր տեսակի հանդիպումներ, այցելություններ, որոնք ընդգրկել են միջխորհրդարանական կապերի ողջ «սպեկտրը», ինչպես նաեւ ԱԺ-ի գործունեությունը միջազգային խորհրդարանական կառույցներում։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031